Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսումնավարժությունը գնահատվեց բավարար

27.06.2016

Հունիսի 23-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի և ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի աշխատանքային օրն սկսվեց Ալավերդի քաղաքում, ուր մարզի ղեկավարի աշխատանքային ծրագրի համաձայն «Թումանյանի տարածաշրջանի խոշոր  անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը» թեմայով անց էր  կացվելու հրամանատարական շտաբային ուսումնավարժություն, ապա տեղի էր  ունենալու արտագան խորհրդակցություն տարածաշրջանի համայնքների մասնակցությամբ և վերջում` քաղաքացիների ընդունելություն:

          Ժամը 10.00-ին Ալավերդու քաղաքապետարանի նիստերի դահլիճում մեկնարկեց շտաբային ուսումնավարժության առաջին փուլը, որը ի պաշտոնե վարում էր Լոռու  մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի պետը՝ Լոռու մարզպետը: Մասնակցում էին համայնքների, անտառտնտեսությունների, ոստիկանության բաժինների, կապի, տրանսպորտի, էներգետիկ կազմակերպությունների ղեկավարներ, բուժաշխատողներ: Ուսումնավարժության հիմնական բեռը կրում էր Լոռու  մարզային փրկարարական վարչության անձնակազմը:

          Ա. Նալբանդյանը ուսումնավարժության մասնակիցներին հորդորեց ակտիվորեն մասնակցել թեմայի շուրջ քննարկումներին, անկաշկանդ  հանդես գալ առաջարկություններով և դիտողություններով:

Լոռու մարզի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հրաչիկ Անտոնյանը ներկաներին ամփոփ տեղեկատվություն ներկայացնելով միջոցառման թեմատիկայի, ընթացակարգի վերաբերյալ, նշեց, որ ուսումնավարժության հրատապությունը պայմանավորված է տարեցտարի մարզի տարածքում անտառային հրդեհների թվաքանակի ու ընդգրկումների ծավալի աճով:

Միջոցառման ընթացքում շահագրգիռ խոսակցություն ծավալվեց  անտառային հրդեհների կանխարգելման, հրդեհաշիջման գործառույթներում յուրաքանչյուր կառույցի պարտականությունների, ձեռքբերումների ու թերացումների վերաբերյալ, ցուցադրվեց թեմատիկ տեսաֆիլմ:

Մասնավորապես, մարզի սահմանամերձ համայնքների ու անտատնտեսությունների ղեկավարներին մտահոգում էր նշյալ տարածքներում ծագած հրդեհների շիջման ժամանակ թե՛ մեր և թե՛ հարևան պետության սահմանապահ ծառայությունների կողմից հարուցվող խոչընդոտներին լուծում տալու խնդիրը: Փրկարարական ծառայության ղեկավարն իր հերթին  դժգոհեց հրդեհների դեպքում համայնքների ու անտառապահների կողմից ցուցաբերվող աջակցության անարդյունավետությունից, համայնքների գերակշիռ մասում հիդրանտների բացակայությունից:

Մարզպետը հարց ուղղեց ոստիկանության և փրկարարական ծառայության ներկայացուցիչներին, թե քանի մարդ է վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել անտառային հրդեհների պատճառ դառնալու համար: Պարզվեց, որ որևէ նախադեպ չի եղել, ինչը Ա. Նալբանդյանն անընդունելի համարեց:

-Ես հակված չեմ անգիտակցաբար հրդեհի պատճառ դարձած մարդու նկատմամբ խստագույն միջոցներ ձեռնարկելու: Մեր խնդիրը ինչ-որ մեկին ինքնանպատակ պատժելը չէ, բայց մեր կողմից ցուցաբերվող չարդարացված ներողամտությունն էլ ծնում է անպատժելիություն՝ իր արդեն հայտնի  հետևանքներով, - ասաց մարզպետը, ավելացնելով, որ դեռևս չի գոհացնում համայնքներում բնակչության շրջանում տարվող հակահրդեհային բացատրական աշխատանքների մակարդակը:

Շուրջ երկժամյա տեսական աշխատանքներից հետո ուսումնավարժանքի մասնակիցները Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի մի հատվածում ականատես եղան անտառածածկ տարածքում հրդեհի մարման, տարածքից քաղաքացիների տարհանման, տուժած անձանց փրկարարական ու առաջին բուժօգնության ցուցաբերման, վթարված էներգետիկ կոմունիկացիաների վերականգնման ուսումնական գործողություններին: Ներկաների համար անակնկալ էր հատկապես հրշեջ էլեկտրագնացքի մասնակցությունը երկաթուղամերձ անտառի հրդեհաշիջմանը:

Լոռու  մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի պետ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ուսումնավարժության ավարտին իր գոհունակությունն արտահայտեց մասնակից բոլոր ծառայությունների ցուցաբերած տեսական և մասնագիտական գիտելիքներից, համոզմունք հայտնելով, որ նրանց պատրաստվածությունը բավարար է առաջադրված խնդիրներին արագ և ճիշտ լուծումներ տալու համար:

Ընդհանուր առմամբ ուսումնավարժությունը անցավ նպատակային և ՀՇՈՒ-ի ղեկավար կազմի կողմից գնահատվեց բավարար:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59