Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի արտագնա խորհրդակցություն Ալավերդիում

27.06.2016

Սեփական եկամուտների հավաքագրման կատարողականներ, առաջիկա ՏԻՄ ընտրություններ, գարնան գյուղատնտեսական աշխատանքներ, ամառային զորակոչ, զբոսաշրջային սեզոնին ընդառաջ. ահա այն հարցերի շրջանակը, որոնք քննարկվեցին հունիսի 23-ին Լոռու մարզպետի՝ Ալավերդի քաղաքում հրավիրած արտագնա նիստի ընթացքում: Մասնակցում էին մարզպետի տեղակալ Ա.Դարբինյանը, մարզպետարանի մի քանի ստորաբաժանումների պետեր, Թումանյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ:

Հունիսի 22-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերը ներկայացրեց ֆինանսատնտեսական վարչության պետ Հ. Պապոյանը: Նրա տեղեկացմամբ, տարածաշրջանը ընդհանուր առմամբ պլանը թերակատարում է ավելի քան 20 մլն դրամով, որի հիմնական բաժինն ընկնում է Շնող (ավելի քան 8.5 մլն դրամ), Թումանյան (3.5 մլն դրամ), Ճոճկան (շուրջ 2.4 մլն դրամ), Հաղպատ (ավելի քան 1.3 մլն դրամ), Ծաթեր (ավելի քան 1 մլն դրամ), Արևածագ (648 հազար դրամ) համայնքներին:

Շնող, Ճոճկան, Ծաթեր, Ալավերդի և Թումանյան համայնքները թերացել են հողի հարկի հավաքագրման գործում՝ տարածաշրջանի ցուցանիշը նվազեցնելով 8 մլն 977 հազար դրամով:

Ավելի քան 9.3 մլն դրամով թերակատարվել է նաև գույքի վարձակալության, մոտ 1.5 մլն դրամով՝ տեղական տուրքի պլանը, իսկ գույքահարկի առաջադրանքը գերազանցվել է 2 մլն դրամով:

  Մարզպետը անընդունելի համարեց ցանկացած թերացում, հատկապես, եթե համայնքապետերի գալիք ընտրությունների շեմին նրանք դա հանդուրժում են ընտրողներին հաճոյանալու չարդարացվող սկզբունքով:

-Ի վերջո ցանկացած եկամտահարկի թերհավաքագրումը բացասաբար է անդրադառնում հենց տվյալ համայնքի ընդհանուր շահերի վրա, ավելացնում բնակիչների պարտքը: Նման սկզբունքով առաջնորդվող համայնքապետերը կամա թե ակամա աշխատում են ի վնաս սեփական բնակավայրի շահերի ու բարեկեցության,- ասաց մարզպետը՝ խստորեն պահանջելով վերանայել իրենց վերաբերմունքն այդ հարցում:

Խոսելով առաջիկա ՏԻՄ ընտրությունների առանձնահատկություններից, հատկապես մտահոգություն հայտնելով որոշ համայնքներում ավագանու աշխատանքի անարդյունավետությունից՝ Ա. Նալբանդյանը խորհուրդ տվեց ավագանիների առաջադրման հարցում գերապատվություն տալ կանանց թեկնածություններին և այն անձանց, ովքեր մշտապես համայնքում են, չեն մեկնում արտագնա աշխատանքի:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ. Հակոբյանը ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին, որն ավարտական փուլում է, ապա անդրադարձավ պետական աջակցությամբ համայնքներին հատկացված քիմիական պարարտանյութերի գումարների հավաքագրման գործընթացին, որն, ի դեպ, բարվոք չէ Այգեհատ, Արևածագ, Ծաթեր, Օձուն, Կարմիր Աղեգ համայնքներում:

Մարզի ղեկավարը պահանջեց շուտափույթ կերպով մարել պարտքերը:

Խորհրդակցությանը գյուղապետերից մի քանիսը հիմնավոր փաստարկներով ահազանգեցին հակակարկտային կայանքների ոչ արդյունավետ աշխատանքի մասին: Մարզպետն առաջարկեց շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մարզպետարանում կազմակերպել հանդիպում, բարձրացված հարցերի պարզաբանման համար:

Ա. Նալբանդյանը մի շարք հանձնարարականներ տվեց նաև զբոսաշրջային սեզոնը պատշաճ մակարդակով անցկացնելու վերաբերյալ՝ հատկապես կարևորելով մերձհամայնքային ճանապարհների մաքրությունն ու սանիտարիայի պահպանումը: Անդրադարձ կատարվեց նաև ամառային զորակոչի աշխատանքներին:

Աշխատանքային օրվա ավարտին մարզպետ Ա. Նալբանդյանը մարզպետի տեղակալ Ա.Դարբինյանի, Ալավերդու քաղաքապետ Կ. Փարեմուզյանի, մարզպետարանի վարչությունների պետերի մասնակցությամբ կատարեց քաղաքացիների ընդունելություն: Սոցիալական, առողջապահական հարցերով դիմած բոլոր քաղաքացիները ստացան դրական պատասխան: Իսկ աշխատանքի տեղավորման, բնակարան ստանալու, թաղամասի գազաֆիկացման և այլ հարցերով ընդունելության եկած բնակիչներին տեղեկացվեց, որ նրանց դիմումներին համապատասխան ընթացք կտրվի դրանք քննարկելու արդյունքում:   

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59