Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արտակարգ խորհրդակցություն Լոռու մարզպետի մոտ
17.06.2016
Հունիսի 17-ին արտակարգ խորհրդակցություն հրավիրեց Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը: Մասնակցում էին մարզպետի տեղակալներ Ա.Դարբինյանը, Տ.Բադոյանը, Հովհ.Թադևոսյանը, աշխատակազմի ղեկավար Ն.Սարգսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների պետերը:
Քննարկման առարկան վերջին օրերին տևական անձրևների և կարկտահարության հետևանքով մարզի բազմաթիվ համայնքներին հասցված վնասներն էին: Մարզպետը նշեց, որ մարզի շատ բնակավայրերում, հատկապես Թումանյանի տարածաշրջանի համայնքներում ուժգին հեղեղումները ուղեկցվել են ներհամայնքային ու միջհամայնքային ճանապարների փլուզումներով: Ուժեղ քամիների ու կարկտահարության հետևանքով զգալիորեն տուժել են տասնյակ գյուղերի այգիներն ու ցանքատարածությունները, գետերի հեղեղումների ու սելավաջրերի հետևանքով դժվարացել են տրանսպորտային միջոցների երթևեկության պայմանները: Տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչները դիմել են մարզի ղեկավարությանը համապատասխան միջոցներ ձեռք առնելու խնդրանքով:
Քննարկման մասնակիցները արտահայտեցին իրենց նկատառումները, հանդես եկան առաջարկություններով: Ունկնդրելով խնդրի շուրջ բոլոր տեսակետները` մարզպետ Ա. Նալբանդյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց իրավասու վարչությունների պետերին:
ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դ.Մանուչարյանին հանձնարարվեց շրջաբերական գրությամբ դիմել համայնքների ղեկավարներին համայնքի տարածքում հեղեղատարների, սելավատարների և գետերի հուների մաքրման աշխատանքներ կազմակերպելու և անցկացնելու նպատակով, որպեսզի հնարավորինս բացառվեն հեղեղումներն ու փլուզումները:
Քաղաքաշինության վարչության պետ Ա.Ջանազյանին հանձնարարվեց քամուց, անձրևներից և սելավներից համայնքային ճանապարհներին պատճառված վնասների վերաբերյալ համայնքներից ստացված տեղեկությունների և կատարված ուսումնասիրությունների հիման վրա մեկօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն և առաջարկություններ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, իսկ մարզային ենթակայության ճանապարհների վերաբերյալ նաև` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին:
Կարկուտի և ուժեղ քամիների հետևանքով մարզի համայնքների ցանքատարածքներին պատճառված վնասները գնահատելու նպատակով տեղերում ուսումնասիրություններ կատարելու, արդյունքների մասին զեկուցելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարական ստացավ աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ. Հակոբյանը: