Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցը 50 տարեկան է

16.06.2016

Հունիսի 15-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 50-ամյակին:
Հրավիրյալներ էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետարանի, Երևանի և Վանաձորի քաղաքապետարանների պաշտոնյաներ, ներկայացուցիչներ, արվեստագետներ, մտավորականներ և երաժշտասեր վանաձորցիներ:
Բացման խոսքում դպրոցի տնօրեն Անահիտ Խանզադյանը շնորհակալություն հայտնեց պատվարժան հյուրերին, բոլոր ներկաներին և ներկայացրեց երաժշտական դպրոցի հակիրճ տարեգրությունը, գնահատանքի խոսքեր հղելով դպրոցի պատմությունը կերտած այն երախտավորներին, ում ջանքերով կրթօջախը կայացել է, հաղթահարել շատ դժվարություններ և այսօր աշխատում է պատվախնդրությամբ: Դպրոցն իր 50-ամյա պատմության ընթացքում տվել է 1830 շրջանավարտ, որոնցից շատերը հայտնի երաժիշտներ են դարձել և այժմ աշխատում են հանրապետության տարբեր երաժշտական հաստատություններում, ոմանք էլ կայացել են գիտության տարբեր բնագավառներում՝ ստանալով գիտական բարձր կոչումներ:
Օրհնանքի և շնորհավորանքի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
-Հայ երաժշտությունը յուրահատուկ աղոթք է և մրմունջ: Այսպիսի երաժշտական դպրոցների շնորհիվ է, որ հայ դասական երգը միշտ կենդանի է մնում՝ ժողովրդի որոշակի շրջանակներին զերծ պահելով ցածրաճաշակ երաժշտությունից,- ասաց Սեպուհ սրբազանը:
Ողջույնի ու շնորհավորանքի խոսք ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
-Այս օրը բոլորիս համար հիշարժան է և պատմական: Շնորհավորում եմ դպրոցի բոլոր շրջանավարտներին, երաժիշտ-մանկավարժներին և մաղթում հետագա բեղմնավոր և արգասաբեր գործունեություն,- ասաց Ա. Նալբանդյանը՝ դպրոցի հիմնադրման 50-ամյակի և մանկավարժական արդյունավետ ու երկարամյա գործունեության համար շնորհակալագրեր հանձնելով մի շարք վաստակաշատ մանկավարժների:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և իր անունից կոլեկտիվին շնորհավորեց նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլյա Նիկոյանը՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով պարգևատրելով երաժշտական դպրոցի ուսմասվար Մելանյա Աբազյանին, մշակույթի նախարարության ոսկե մեդալով՝ դպրոցի տնօրեն Անահիտ Խանզադյանին:
Իր և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունից ողջույնի խոսք ասաց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը: Ապա ողջույնի և շնորհավորանքի խոսք ասաց մշակույթի աշխատողների արհմիության հանրապետական ճյուղային միության բաժնի վարիչ Էսմա Սիմոնյանը: Նա մանկավարժական կոլեկտիվին արհմիության կողմից հանձնեց պատվոգիր, իսկ դպրոցի ջութակի դասատու Մայա Վահանյանին՝ շնորհակալագիր:
Կրթօջախի մանկավարժական կոլեկտիվին, աշակերտներին և շրջանավարտներին շնորհավորեց նաև Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, երգահան Գագիկ Աղաբաբյանը:
Այնուհետև մեկնարկեց միջոցառման երաժշտական մասը: Հայ և միջազգային ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդիսատեսին բավականություն պատճառեցին դպրոցի սովորողներն ու նախկին շրջանավարտները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59