Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

GIZ կազմակերպության հետ համագործակցությունը կշարունակվի

08.06.2016

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը Լոռու մարզպետարանում հյուրընկալեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին, Գերմանիայի դաշնային հանրապետության Ռայնլանդ Պֆալց նահանգի Լյուդվիգսաֆեն քաղաքի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ուվե Ֆրոյլիխին, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Յուդիթ Ռադերին և քաղաքների միջև համագործակցության պատասխանատու Մարսել Յուրկատին: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք:

Փոխմարզպետը, ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ կարևորեց GIZ կազմակերպության կողմից մարզում իրականացվող ծրագրերը: Նա, օգտվելով առիթից, գերմանացի հյուրերին շնորհակալություն հայտնեց նաև Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման ու հանդիպմանը խորհրդանշական անմոռուկ կրծքանշաններով ներկայանալու համար: Փոխմարզպետը համառոտ ներկայացրեց նաև Լոռու մարզը, նրա արդյունաբերական պոտենցիալը:

 GIZ-ի ծրագրերի համակարգող Անժելա Սաղաթելյանը տեղեկացրեց, որ 2010թ.-ից Հայաստանում GIZ-ի կողմից իրականացվում է «Համայնքների զարգացում հարավային Կովկասում» ծրագիրը, որն ունի մի քանի բաղադրիչներ: Ծրագրի գործընկերն է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Կազմակերպությունն աջակցում է համայնքների խոշորացման ծրագրի իրականացմանը, իսկ տեղական մակարդակում՝ համայնքապետարաններին՝ օգնում առավել որակյալ ծառայությունների մատուցման հարցում: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է երկու երկրների քաղաքների միջև փորձի փոխանակումը, որն իրականացվում է «Քաղաքների ցանց» նախաձեռնության շրջանակներում:

-Վերջինիս լավագույն օրինակներից մեկն է Լյուդվիգսաֆենի և Վանաձորի համագործակցությունը,- ասաց Ա. Սաղաթելյանը: Նրա ներկայացմամբ՝ երկամյա համագործակցության արդյունքում Վանաձորում կյանքի է կոչվել «Աղտոտված վայրերի կադաստր» պիլոտային ծրագիրը: Գերմանացի փորձագետների ուսումնասիրությունները պարզել են, որ Վանաձոր քաղաքում բնապահպանական առումով վտանգ ներկայացնող հատվածները քարտեզագրված չեն, չնայած, որ Վանաձորում գործել է քիմիական գործարան: Ուստի ծրագրի շրջանակներում լրջագույն աշխատանք է կատարվել և ստեղծվել է Վանաձորի քիմգործարանի և հարակից պոչամբարի տարածքը ներկայացնող աղտոտված վայրերի կադաստրային քարտեզ: Ըստ նրա, ծրագիրն, ամենայն հավանականությամբ շարունակական ընթացք կունենա:

Մարսել Յուրկատն իր հերթին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և նույնպես կարևորեց GIZ-ի կողմից իրականացվող այս ծրագիրը: Նա համառոտ ներկայացրեց 170 հազար բնակչություն ունեցող Լյուդվիգսաֆեն քաղաքի պատմությունը՝ նշելով, որ  այն հայտնի է որպես արդյունաբերական քաղաք, զարգացած է նաև գյուղատնտեսությունը:

Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը նույնպես շնորհակալություն հայտնեց Վանաձորում այս կարևոր ծրագրի իրականացման համար և հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ կկրի:

Հանդիպման ավարտին Հ. Թադևոսյանը և Մ. Յուրկատը հուշանվերներ փոխանակեցին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59