Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
06.06.2016
Հունիսի 6-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը Ա. Նալբանդյանը ներկայացրեց մայիսի 31-ից հունիսի 1-ը Շվեդիայի Ուպսալա նահանգի նահանգապետ Պիտեր Էգարդտի հրավերով իր գլխավորությամբ Շվեդիա կատարած պաշտոնական այցի մանրամասները: Պատվիրակության կազմում էին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը և Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Մարզպետի տեղեկացմամբ, պատվիրակությունն այցելել է Ուպսալայի նահանգի Ուպսալա և Էնշյոփինգ քաղաքներ, հանդիպումներ ունեցել Ուպսալայի նահանգային վարչության տնօրեն Յոհան ֆոն Կնորինգի և Էնշյոփինգի քաղաքապետ Հելենա Պրուսի հետ: Ներկայացվել են Ուպսալայում նահանգային և համայնքային զարգացման ծրագրերը, քննարկվել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Պատվիրակությունն այցելել է նաև Ուպսալայի նահանգում տեղակայված մի շարք ընկերություններ:
-Հանդիպման ավարտին ստորագրեցինք համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է երկու մարզերի միջև համագործակցության խթանում լավագույն փորձի և գիտելիքների փոխանակման, կառավարման, գործարարության, բնապահպանության, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում մարզերի հաստատությունների միջև բարեկամական կապերի, տեղական ինքնակառավարման մարմինների միջև շփումների և փոխանակումների խրախուսման ծրագրերի միջոցով,-ասաց մարզպետը՝ վստահեցնելով, որ վերջին 15 տարիների ընթացքում սա երկու երկրների միջև համագործակցության վերահաստատման լավագույն օրինակը կարող է դառնալ:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզպետարանը համագործակցության հրավերներ է ստացել Լիբանանի Զահլե քաղաքի և Իրանի իսլամական հանրապետության Հորմոսգան նահանգի կողմից: Ավելի վաղ համագործակցության առաջարկ էր ստացվել նաև Սպահան նահանգից:
Ողջունելով համագործակցությունների առաջարկը՝ մարզպետը կարևորեց արտաքին կապերի սերտացումը, համագործակցության ակտիվացումը Հայաստանի Հանրապատության հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների հետ, ինչը լրջորեն կարող է նպաստել մարզի տնտեսության զարգացմանը, բնականաբար, նաև բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Ա. Նալբնադյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզի հետ համագործակցությունն առավել սերտացնելու նպատակով առաջիկայում մարզում կհյուրընկալվի նաև Չինաստանի ժողովրդական հանրապետության Շանսի նահանգի պատվիրակությունը:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ն. Սարգսյանը զեկուցեց մարզպետի կողմից նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ՝ նշելով, որ դրանք կատարվել են ժամանակին, թերացումներ չկան:
Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանը տեղեկատվություն ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում մարզի տարածքում գրանցված 14 արտակարգ դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ փրկարարական ծառայությունն արձագանքել է բոլոր դեպքերին:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Նունիկ Ասրյանը ներկայացրեց հունիս ամսվա սեփական եկամուտների կատարողականը՝ նշելով, որ թերակատարումներ կան գրեթե բոլոր հարկատեսակաների գծով, ընդ որում և՛ պլանի, և՛ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Մարզպետը խստորեն հանձնարարեց անհատապես աշխատել թերացող համայնքների հետ:
Ամառային զորակոչի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ զեկուցեց մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը՝ նշելով, որ ընթացիկ աշխատանքները կատարվում են պատշաճ կարգով: Զորակոչիկների բուժպատվաստումների ընթացքը ներկայացրեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը՝ նույնպես հավաստելով, որ աշխատանքները կատարվում են առանց թերացումների և խնդիրների:
Ս. Լամբարյանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի «Սոցիակապես անապահով ընտանիքներին DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ կատարվել են մի շարք փոփոխություններ, ըստ որի, 2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 34,6 և ավելի անապահովության միավոր ունեցող քաղաքացիներից բացի, այսուհետ նշված սարքերը կտրամադրվեն նաև ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զիվորական ծառայողների, 2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 30.85 ու ավելի միավոր ունեցող, կամ միայն անաշխատունակ անդամներ ունեցող ընտանիքներին:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր «Հայջրմուղկոյուղու» և «Լոռիջրմուղկոյուղու» սպասարկման տարածքի՝ համայնքներին պատկանող գույքի հանձնմանը: Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը զեկուցեց, որ նշված գրեթե բոլոր համայնքների ավագանիները որոշում են կայացրել գույքի հանձնման վերաբերյալ: Աշխատանքներն ընթացքի մեջ են:
Անդրադարձ կատարվեց նաև վերջին օրերին մարզի Ճոճկան, Մեծ Այրում և Շնող համայնքներում տեղացած կարկուտի հասցրած վնասներին: Մարզպետը փոխմարզպետ Հովհաննես Թադևոսյանին և գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանին հանձնարարեց նույն օրը լինել նշված համայնքներում և համապատասխան ուսումնասիրություններ կատարել:
Քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, եղան առաջարկություններ:



