Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

01.06.2016

Հունիսի 20-ին աշխատանքային այցով դեսպանատան մի խումբ աշխատակիցների ուղեկցությամբ Լոռու մարզում էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Նրան ընդունեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը:

Մինչ մարզպետի հետ հանդիպումը դեսպանն այցելել էր Վանաձորի մանկատուն և «Օրրան» կենտրոն՝ ծանոթանալու հաստատությունների պայմաններին, ԱՄՆ աջակցությամբ իրականացվող ծրագրերին, երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող  հարցերին:

Ողջունելով դեսպանին՝  մարզպետը շնորհակալություն հայտնեց այցելության համար և իր խոսքում կարևորեց ԱՄՆ կառավարության, ինչպես նաև ամերիկյան մի շարք կազմակերպությունների աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերը:

-Երկարաժամկետ ծրագրեր են իրականացվում գրեթե բոլոր բնագավառներում, ինչը անչափ կարևոր նշանակություն ունի ոչ միայն մեր մարզի տնտեսության զարգացման, այլև ժողովրդավարության կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, բաց, թափանցիկ աշխատաոճի, հաշվետվողականության ամրապնդման հարցում: Մեր երկուստեք համագործակցությունը մշտապես բարձր մակարդակի վրա է եղել և հույս ունեմ, որ այն կշարունակվի,- իր խոսքում  նշեց Ա. Նալբանդյանը:

-Ես ծանոթ եմ Ձեր աշխատաոճին և ողջունում եմ այն,- իր հերթին ասաց Ռ. Միլսը՝ իր գոհունակությունը հայտնելով ջերմ հյուրընկալության, ակտիվ համագործակցության, ժողովրդավարության ուղղությամբ իրականացվող ձեռնարկումների համար:

Մարզի ղեկավարը համառոտ ներկայացրեց Լոռու մարզը՝ նշելով, որ այն արդյունաբերական մարզ է, ուր հիմնականում գերիշխում է հանքարդյունաբերության ճյուղը:

-Վերջին տարիների աշխարհաքաղաքական իրադարձությունները, ինչպես նաև համաշխարհային շուկայում մետաղի գների անկումն իրենց բացասական ազդեցությունն ունեցան մարզի հանքարդյունաբերության զարգացման  վրա, սակայն մենք լավատես ենք և վստահ, որ առաջիկայում իրավիճակը կշտկվի,-ասաց Ա. Նալբանդյանը:

Դեսպանն իր հերթին նշեց, որ հաջորդ այցի ժամանակ մտադիր է այցելել արդյունաբերական ձեռնարկություններ՝ մարզի արդյունաբերական պոտենցիալին  անմիջականորեն ծանոթանալու նպատակով:

Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տեղական ինքնակառավարման համակարգի կայացման, ՏԻՄ ընտրությունների և մի շարք այլ հարցերի շուրջ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42