Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
01.06.2016
Հունիսի 20-ին աշխատանքային այցով դեսպանատան մի խումբ աշխատակիցների ուղեկցությամբ Լոռու մարզում էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Նրան ընդունեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը:
Մինչ մարզպետի հետ հանդիպումը դեսպանն այցելել էր Վանաձորի մանկատուն և «Օրրան» կենտրոն՝ ծանոթանալու հաստատությունների պայմաններին, ԱՄՆ աջակցությամբ իրականացվող ծրագրերին, երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին:
Ողջունելով դեսպանին՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց այցելության համար և իր խոսքում կարևորեց ԱՄՆ կառավարության, ինչպես նաև ամերիկյան մի շարք կազմակերպությունների աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերը:
-Երկարաժամկետ ծրագրեր են իրականացվում գրեթե բոլոր բնագավառներում, ինչը անչափ կարևոր նշանակություն ունի ոչ միայն մեր մարզի տնտեսության զարգացման, այլև ժողովրդավարության կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, բաց, թափանցիկ աշխատաոճի, հաշվետվողականության ամրապնդման հարցում: Մեր երկուստեք համագործակցությունը մշտապես բարձր մակարդակի վրա է եղել և հույս ունեմ, որ այն կշարունակվի,- իր խոսքում նշեց Ա. Նալբանդյանը:
-Ես ծանոթ եմ Ձեր աշխատաոճին և ողջունում եմ այն,- իր հերթին ասաց Ռ. Միլսը՝ իր գոհունակությունը հայտնելով ջերմ հյուրընկալության, ակտիվ համագործակցության, ժողովրդավարության ուղղությամբ իրականացվող ձեռնարկումների համար:
Մարզի ղեկավարը համառոտ ներկայացրեց Լոռու մարզը՝ նշելով, որ այն արդյունաբերական մարզ է, ուր հիմնականում գերիշխում է հանքարդյունաբերության ճյուղը:
-Վերջին տարիների աշխարհաքաղաքական իրադարձությունները, ինչպես նաև համաշխարհային շուկայում մետաղի գների անկումն իրենց բացասական ազդեցությունն ունեցան մարզի հանքարդյունաբերության զարգացման վրա, սակայն մենք լավատես ենք և վստահ, որ առաջիկայում իրավիճակը կշտկվի,-ասաց Ա. Նալբանդյանը:
Դեսպանն իր հերթին նշեց, որ հաջորդ այցի ժամանակ մտադիր է այցելել արդյունաբերական ձեռնարկություններ՝ մարզի արդյունաբերական պոտենցիալին անմիջականորեն ծանոթանալու նպատակով:
Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տեղական ինքնակառավարման համակարգի կայացման, ՏԻՄ ընտրությունների և մի շարք այլ հարցերի շուրջ: