Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ Լոռու մարզում
01.06.2016
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումներ անցկացվեցին Լոռու մարզի համայնքներում: Ավանդույթը չխախտելով՝ Լոռու մարզպետարանը ևս անմասն չմնաց և իր գործուն մասնակցությունն ունեցավ այդ միջոցառումներից մի քանիսի կազմակերպման հարցում՝ ցուցաբերելով նաև ֆինանսական աջակցություն:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 40 երեխաների համար կազմակերպվել էր ուրախ ժամանց Վանաձորի մանկական ժամանցի կենտրոններից մեկում:
Ուրախ ժամանցային ծրագիր էր կազմակերպվել նաև Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր և Վանաձոր քաղաքներում բնակվող 4 բազմազավակ ընտանքների համար:
Հունիսի 1-ին մարզի ղեկավարի աջակցությամբ ԼՂՀ Մարտակերտի շրջանից տեղահանված ընտանիքների երեխաների համար հյուրասիրություն և ժամանցային ծրագիր էր կազմակերպվել մարզկենտրոնի սրճարաններից մեկում: Կազմակերպվեց նաև նրանց այցելությունը «Շող» ցերեկային համայնքահեն կենտրոն: Այստեղ ևս կենտրոնի ջանքերով հյուրասիրություն և գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել:
Նույն օրը այցելություն կատարվեց մարզի 6 մանկապարտեզներ, որտեղ Ա. Նալբանդյանի անունից շուրջ 600 երեխաների նվերներ բաժանվեցին, նրանց համար կազմակերպվեց նաև ուրախ ժամանց: Լոռու մարզպետարանը աջակցություն և մասնակցություն ցուցաբերեց նաև Վանաձորի «Օրրան» կենտրոնում շահառու երեխաների համար կազմակերպված միջոցառմանը: