Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսություն՝ նվիրված Հանրապետության տոնին և Ղարաքիլիսայի հերոսամարտի 98-րդ տարեդարձին

30.05.2016

 Մայիսի 28-ին վանաձորցիները հանդիսավորությամբ նշեցին Հանրապետության տոնը և Ղարաքիլիսայի հերոսամարտի 98-րդ տարելիցը: Ավանդույթի համաձայն՝ տոնական միջոցառում էր կազմակերպվել Ղարաքիլիսայի ճակատամարտի վայրում՝ «Կոտրած եկեղեցի» հուշակոթողի մոտ: Հանդիսությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, հոգևորականության, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, մտավորականներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, հարյուրավոր վանաձորցիներ: Միջոցառումը վարում էր դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը: Վերջինս ասմունքով բացեց հանդիսությունը: Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումբը հնչեցրեց ՀՀ պետական օրհներգը: Ապա հայտարարվեց լռության րոպե: Հայաստանի առաջին հանրապետությանը և մայիսյան հերոսամարտերին նվիրված պատմական անդրադարձ կատարեց Վանաձորի պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Արման Բեռնեցյանը: Ողջույնի խոսք ասասցին ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի սպա, մայոր Կարեն Քիքանյանը և ժամկետային զինծառայող, սերժանտ Մերուժան Հովհաննիսյանը:
Ողջույնի խոսք ասաց Սեպուհ սրբազանը:
-Զինադադարից հետո այս տարվա ապրիլին կատարված ոտնձգությունն Արցախում մեզ մեկ անգամ ևս հավաստեց, որ թշնամին չի հրաժարվում իր նենգ մտադրություններից, և մենք միշտ պետք է արթուն մնանք ու պաշտպանենք հող հայրենին: Մենք երախտագիտություն պիտի հայտնենք անցյալում և այժմ մեր երկրի սահմանները պաշտպանող հայ զինվորին և խնկարկենք հայրենիքի համար զոհված հայոց քաջերի պայծառ հիշատակը: Այս հողը Հայրենիք կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մեր հայորդիներն իրենց զենքով, գրչով, ոգով ու մտքով կպաշտպանեն այն,- ասաց Գուգարաց թեմի առաջնորդը և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար նահատակված քաջերի հիշատակը: Ապա Սեպուհ Սրբազանը կատարեց հոգեհանգստի արարողություն: Հայրենասիրական երգերի կատարումներով հանդես եկան Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախումբը, «Հորովել» երգի, պարի համույթը գեղարվեստական ղեկավար և մենակատար Արմեն Ներսիսյանը, համույթի մենակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը: Միջոցառման ընթացքում հայ դասականների հայրենասիրական բանաստեղծությունների ասմունքով հանդես եկավ Ջ. Սարգսյանը: Տոնակատարության հանդիսավոր մասի ավարտին Լոռու մարզային և Վանաձորի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, մյուս ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցի հուշակոթողին: Հուշարձանի մերձակա տարածքում ցուցադրված էին Վանաձորում տեղակայված N զորամասի տարբեր ստորաբաժանումների զինատեսակները: 3-րդ բանակային կորպուսի հետախուզական վաշտի զինվորները հանդես եկան մարտական ցուցադրական ելույթներով: Ապա «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի նվագակցությամբ 3-րդ բանակային կորպուսի զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցավ տոնական շքերթ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42