Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի դպրոցներում ղողանջեց «վերջին զանգը»
27.05.2016
Մայիսի 27-ին «վերջին զանգը» հնչեց նաև Լոռու մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում: Ամենուր անցկացվեցին հանդիսավոր արարողություններ, հնչեցին շնորհավորանքի խոսքեր ու բարեմաղթանքներ: Հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ հրաժեշտ տվեցին աշակերտական նստարանին: Նրանք երախտագիտության հուզիչ խոսքեր հղեցին իրենց սիրելի ուսուցիչներին, հարազատ դպրոցին՝ խոստանալով բարձր պահել կրթօջախի ու հայրենի երկրի պատիվը: Ամենուր «Վերջին զանգի» միջոցառումներն անցան տոնական տրամադրությամբ, գրական-գեղարվեստական կատարումներով: Կրթօջախներում նաև հարգանքի տուրք մատուցվեց արցախյան վերջին մարտերում նահատակված քաջերի հիշատակին:
Լոռու մարզպետարանի պաշտոնատար աշխատողներն այցելեցին մարզկենտրոնի դպրոցներ, բարեմաղթանքի և ողջերթի խոսքեր ասացին շրջանավարտներին ու մանկավարժներին:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի, վարչության մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ նախ մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցում: Առաջին հերթին հենց այս կրթօջախ այցելելու որոշումը պատահական չէր: Իր գոյության 15 տարիների ընթացքում դպրոցի սաներն իրենց փայլուն գիտելիքներով աչքի են ընկել ոչ միայն հարազատ քաղաքի, այլև հանրապետական ու միջազգային ստուգատեսերում, դարձել առարկայական օլիմպիադաների հաղթողներ ու մրցանակակիրներ: Ահա թե ինչու Լոռու մարզպետն առանձնակի հուզմունքով ու հպարտությամբ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր ասաց թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցչական կոլեկտիվին ու ծնողներին:
-Ես շատ կրթօջախներում եմ եղել, բայց, հավատացեք, այս դպրոց այցելում եմ առանձնակի հաճույքով ու բավականությամբ: Միթե այլ զգացում կարող ես ունենալ, երբ ամեն անգամ լսում ես դպրոցի սաների նորանոր նվաճումների մասին, երբ դպրոցի համբավը տարածվում է ոչ միայն Լոռու մարզում, այլև ողջ հանրապետությունում: Բազմիցս համոզվել եմ, որ այստեղ դեռահասը ոչ միայն հիանալիորեն կրթվում է, այլև կերտվում է՝ որպես երկրի համար պիտանի մարդ ու քաղաքացի: Շատ ապրեք, շնորհավորում ու լավագույն բարեմաղթանքներս եմ հղում ձեզ,- իր խոսքում ասաց մարզպետ Ա. Նալբանդյանը:
Նա նաև շնորհակալագրեր հանձնեց 2016թ. հանրապետական ու միջազգային առարկայական օլիմպիադաներում փայլուն արդյունքներ գրանցած մրցանակակիր 9 աշակերտներին, նրանց դասավանդող ուսուցիչներին՝ իր երախտագիտությունն արտահայտելով դպրոցի տնօրեն Արմեն Ծատուրյանի, մանկավարժական ողջ կոլեկտիվի հանդեպ:
Մարզպետը մեկ այլ անակնկալ ևս մատուցեց ներկաներին՝ խոստանալով փոխադրամիջոց տրամադրել էքսկուրսիա մեկնող դպրոցականներին:
Ա. Նալբանդյանը և ուղեկիցներն այցելեցին նաև ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց, ուր նույնպես հանդիսավոր պայմաններում, տոնական տրամադրությամբ ընթացավ «Վերջին զանգի» արարողությունը: Այստեղ ևս մարզի ղեկավարը ջերմ բարեմաղթանքներից հետո շնորհակալագրեր հանձեց ուսումնադաստիարակչական աշխատանքում աչքի ընկած մի խումբ մանկավարժների: