Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը

26.05.2016

Մայիսի 26-ին Վանաձորի «Օրրան» կենտրոնում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը:

Նախորդ նիստից հետո կատարված աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը: Նա մասնավորապես նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի մարտի 15-ին Երևանում տեղի ունեցած նիստում լսվել է նաև Լոռու մարզային կազմակերպության զեկույցը (ներկայացրել է Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը) հաշմանդամների սոցիալական ներառման ուղղությամբ 2015թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին, որն արժանացել է դրական գնահատականի:

Տեղեկացվեց, որ 2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հայտարարելու կապակցությամբ մշակվել և հաստատվել է միջոցառումների ընդլայնված ծրագիր՝ մարզին վերաբերվող պետական ծրագրային հարցերի ներառմամբ: Ապրիլ ամսին Ստեփանավանում բացվել է «Լիարժեք կյանք» հկ-ի «Անկախ կյանքի կենտրոնը», ուր հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն կունենան մինչև 3 շաբաթ տևողությամբ ինքնուրույն կենցաղավարության դասընթացներ անցնել: «Սեյվ դը չիլդրեն»  կազմակերպության աջակցությամբ մարզում ստեղծվել են սոցիալական ուղղվածության վանաձորյան «Նեցուկ» կազմակերպությունը և Սպիտակում՝ ջերմոցային տնտեսությունը: Արտերկրի կազմակերպությունների և ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրով «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից կառուցվել են Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի, Սպիտակի քաղաքապետարանի և Ալավերդու մշակույթի կենտրոնի մուտքերի թեքահարթակները:

Վ. Ջաղինյանն անդրադարձավ նաև հանձնաժողովի կողմից իրականացված այլ միջոցառումների:

Ապա տարածաշրջանային կենտրոններում հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական ակտիվ կյանք ներառելուն և մատչելի միջավայրի ստեղծմանն ուղղված աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացրին Գագիկ Սիմոնյանը (Վանաձորի քաղաքապետարան), Ռոստոմ Քոչարյանը (Ստեփանավանի քաղաքապետարան), Սասուն Խեչումյանը (Ալավերդու քաղաքապետարան):

Օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում ԿԳՆ կողմից առաջին անգամ կազմակերպվող «Իմ ներառական դպրոցը» վերնագրով հանրապետական շարադրությունների մարզային մրցույթի անցկացմանն ու արդյունքներին, որի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց հանձնաժողովի անդամ Էդիկ Մացակյանը: Ըստ նրա, մրցույթին մասնակցել են մարզի դպրոցների 7-12-րդ դասարանների մոտ 100 դպրոցականներ, որոնցից լավագույն 5-ի աշխատանքները (Վանաձորի թիվ 6, 18, 27, 28 և 30 դպրոցներից) ներկայացվել են ԿԳՆ մրցանակաբաշխությանը:

Մարզային հանձնաժողովի օրակարգում նաև պարգևատրումներ էին: Բիզնեսի և կարիերիայի զարգացման միջազգային ինստիտուտի կողմից «Մանկավարժական փառք» անվանակարգում շքանշանի և դիպլոմի արժանանալու առիթով Ա. Նալբանդյանը Լոռու մարզպետի շնորհակալագիր հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության հատուկ ստեղծագործական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի երկարամյա ղեկավար, «Մոլորակ» ՀԿ նախագահ Սուսաննա Ապրեսյանին:

Մարզպետը նաև անակնկալ էր պատրաստել խուլերի աշխարհի ըմբշամարտի առաջնության կրկնակի չեմպիոն, Վանաձորի պետական համալսարանի ուսանող Սենիկ Սերոբյանի համար, որին ջերմորեն շնորհավորելով մարզական ձեռքբերումների և երկրորդ անգամ աշխարհում առաջինը ճանաչվելու կապակցությամբ (ի դեպ՝ իր կատեգորիայում հանրապետությունում միակը)՝ Ա.Նալբանդյանը նրան նվիրեց դրվագապատ հուշանվերային թուր:

Նիստի վերջում եղան հայտարարություններ, որից հետո «Օրրանի» սաները հանդես եկան «Նորեկը»  ներկայացմամբ:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42