Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի նիստում

25.05.2016

Մայիսի 25-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում անցկացվեց Լոռու մարզխորհրդի նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը մարզպետի առաջարկությամբ նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը: Մարզի ղեկավարը ներկաների անունից շնորհավորեց նաև մարզի նորընտիր համայնքների ղեկավարներին և մարզպետարանի նորանշանակ պաշտոնյաներին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները մայիսի 1-ի դրությամբ:
Ըստ նրա, 2016 թ. 4 ամսվա համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եկամուտների հավաքագրումն ապահովվել է 99.6 տոկոսով, պլանի դիմաց հավաքագրումը կազմել է 90.6 տոկոս կամ նախատեսված 2.106,8 մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 1.909,5 մլն. դրամ:
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը նշված ժամանակահատվածում 546.5 մլն. դրամի դիմաց կազմել է 491.2 մլն դրամ կամ 89.9 տոկոս, 2015թ.-ի 504.4 մլն. պլանի դիմաց՝ 502 մլն դրամ կամ 99.5 տոկոս, իսկ եկամուտների ինդեքսը 2015թ.-ի նկատմամբ կազմել է 97.8 տոկոս կամ պակաս է հավաքագրվել 10.8 մլն. դրամ:
Վերջին ամիսների դիտարկմամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներում անկման միտում է նկատվում:
Մարզի 12 համայնքների ընթացիկ տարվա սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 60 տոկոսից ցածր է եղել:
Մայիսի 1-ի դրությամբ գույքահարկի 198 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է 198.8 մլն դրամ, կամ 100.4 տոկոս, 2015թ. 184.1 մլն. դրամ պլանի դիմաց՝ 204.2 մլն. դրամ, կամ 110.9 տոկոս:
Նախորդ տարվա նկատմամբ նվազում ունի 58 համայնք, 15 համայնքի ընթացիկ պլանի կատարողականը կազմել է 70 տոկոսից ցածր:
Նույն ժամանակահատվածում հողի հարկի հավաքագրումը կատարվել ընդամենը 79.8 տոկոսով, 2015թ. համեմատությամբ հավաքագրումը կազմել է 92.9 տոկոս կամ պակաս է գանձվել 6.8 մլն. դրամ:
Նախորդ տարվա նկատմամբ ցուցանիշների նվազում ունի 73 համայնք, որոնցից առավել մեծ՝ Նորաշեն, Սարամեջ, Հալավար, Քարաբերդ, Նովոսելցովո, Չկալով: Մինչև 50 տոկոս հավաքագրում ունի 16 համայնք:
Դրական տեղաշարժ կա տեղական տուրքերի հավաքագրման ուղղությամբ՝ 112.5 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրումը աճել է 2.8 մլն. դրամով:
94.4 տոկոս է կազմել պետական տուրքի հավաքագրման ցուցանիշը, իսկ 2015թ. համեմատությամբ՝ 85.4 տոկոս:
Անցած 4 ամիսների ընթացքում համայնքների հողի և գույքի վարձակալության վճարների հավաքագրումը 73.8 տոկոս է, 2015թ. նկատմամբ՝ 97.5 տոկոս:
Նախորդ տարվա 4 ամիսների համեմատությամբ ըստ տարածաշրջանների գույքի վարձակալության հավաքագրման գումարները նվազել են՝ Թումանյանի տարածաշրջանում՝ 13, Գուգարքի՝ 11, Սպիտակի՝ 9, Ստեփանավանի՝ 12 և Տաշիրի՝ 7 համայնքներում:
Մարզի համայնքների (համայնքապետարաններ, ՏԻՄ-երին ենթակա բյուջետային հիմնարկներ, ՀՈԱԿ-ներ) աշխատողների աշխատավարձի գծով պարտք 2016թ. մայիսի 15-ի դրությամբ կազմել է 93270.5 հազ. դրամ, որից Վանաձոր համայնքի պարտքը կազմում է 89486.9 հազ. դրամ, Շնող համայնքինը՝ 3784.2 հազ. դրամ:
Մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի, պետության կողմից համայնքներին մատչելի գներով պարարտանյութի, դիզելային վառելիքի, սերմացուի ու թունաքիմիկատների տրամադրման մասին էր գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանի զեկուցումը: Ընդհանուր առմամբ հաջողված համարելով ոլորտի 2015թ. ցուցանիշները, բանախոսը լավ արդյունքներ է կանխատեսում նաև ընթացիկ տնտեսական տարում: Չնայած երկարատև անձրևներին, մարզում գարնանացանի աշխատանքներն ընթանում են բավարար, իսկ ցանքատարածությունները գնալով ընդլայնվում են: 15.000 հեկտարի վրա ավարտվել է հացահատիկային մշակաբույսերի ցանքը, որը նախորդ տարվանից ավելի է 688 հա-ով: Կարտոֆիլի ցանքը ընթացքի մեջ է և ենթադրվում է, որ այն նախորդ տարվանից ավելի կլինի շուրջ 200 հա-ով: 2015թ. համեմատությամբ շուրջ 260 հեկտարով ավելացել են նաև կերային մշակաբույսերի ցանքատարածությունները, որը բնականաբար կնպաստի նաև անասնապահության առաջընթացին:
Ա.Շահվերդյանը գյուղատնտեսական աշխատանքների որակի բարելավման, ցանքատարածությունների ավելացման գլխավոր գործոնը համարում է կառավարության ու գյուղատնտեսության նախարարության կողմից գյուղին ցուցաբերվող ուշադրությունն ու աջակցությունը:Տարեցտարի ավելանում են մատչելի գնով բարձրորակ սերմացուների, պարարտանյութերի, դիզելային վառելանյութի, մկնանման կրծողների և վնասատուների դեմ պայքարի թունաքիմիկատների հատկացումները մարզի ֆերմերներին: Կոնկրետ այս տարի Լոռու մարզին հատկացվել է 2300 տ. ազոտական, 100 տ. ֆոսֆորական, 70 տ. կալիումական պարարտանյութ և 750 տոննա դիզելային վառելանյութ:
Արդեն մի քանի տարի է, ինչ կառավարությունը, մարզի հողօգտագործողներին աջակցելու նպատակով մատչելի գներով տրամադրում է աշնանացան ցորենի առաջին վերարտադրության, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացուներ: Մարզին հատկացված 403 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուն բաշխվել է մարզի 40 համայնքների: Ստացված սերմացուով 2015 թ. աշնանը մարզում կատարվել է 1378 հա աշնանացան, իսկ ընդհանուր աշնանացանը մարզում կազմում է 11221 հա, որը նախորդ տարվանից ավելի է 530 հա-ով:
2016թ. գարնանացանի համար մարզին հատկացվել է 70 տոննա գարու, 2.1 տոննա, եգիպտացորենի, 3 տոննա առվույտի և 18 տոննա կորնգանի սերմացու, որը բաշխվել է մարզի 40 համայնքների, կատարվել շուրջ 675 հա ցանք:
Թվով 31 համայնքների առավել վարակված 5695 հեկտար վարելահողերում և բազմամյա տնկարկներում կատարված մոնիթորինգի արդյունքների հիման վրա մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի աշխատանքներն իրականացնելու համար մարզին արդեն հատկացվել է բավարար քանակությամբ թունանյութ: Հատկանշական է, որ ագրարային արտադրությունը տարեցտարի դրվում է գիտական հիմքերի վրա: Ահավասիկ նախորդ տարվա ընթացքում «Ագրոքիմիական ծառայության» կողմից մարզի 18 համայնքում իրականացվել են մշակելի հողատարածքների ագրոքիմիական դաշտային և լաբորատոր հետազոտություններ, կազմվել է ագրոքիմիական քարտեզ: Այս տարի նույնպես նախատեսված է նմանատիպ հետազոտություններ իրականացնել ևս 22 համայնքներում:
Օրակարգային հաջորդ՝ մարզի համայնքներում 2016 թվականի առաջին եռամսյակում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին էր մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանի զեկուցումը:
Նա տեղեկացրեց, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ Նախագահի 05.06.1997թ.«Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» թիվ ՆՀ-728 հրամանագրի ևՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանով հաստատված աշխատանքային ծրագրի համաձայն 2016թ. նախատեսված է վարչական հսկողություն իրականացնել մարզի 37 համայնքում, որից առաջին եռամսյակում՝ 7 համայնքներում: Ծրագիրը կատարվել է ամբողջությամբ և վարչական հսկողություն է իրականացվել Ագարակ, Անտառաշեն, Բազում, Ջրաշեն, Սարալանջ, Սվերդլով և ՈՒռուտ համայնքներում:
Հսկողության արդյունքում վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ, դրանք քննարկվել են փոխմարզպետների մոտ՝ համայնքապետերի և աշխատակազմերի մասնագետների մասնակցությամբ: Արձանագրված խախտումների և թերությունների վերացման վարաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ, որոնց կատարումը վերցվել է հսկողության տակ:
Հողաշինության ոլորտում կատարված ուսումնասիրություների արդյունքում հիմնականում արձանագրվել են հետևյալ խախտումները.
. համայնքային սեփականության արոտավայրերը 2014-2015թթ. վարձակալության են տրվել առանց համայնքի ավագանու հետ համաձայնեցնելու( Սարալանջ, Սվերդլով, Ջրաշեն և Ագարակ համայնքներ):
.համայնքի ոչ բոլոր արոտօգտագործողների հետ են կնքվել արոտավայրերից օգտվելու պայմանագրեր(Անտառաշեն, Սվերդլով, Ուռուտ, Ջրաշեն և Ագարակ):
.թերի է կատարվել քաղաքաշինական գործունեության համար նախատեuվող հողամաuերի աճուրդում հաղթած անձին ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման կարգը (Անտառաշեն, Բազում):
Բազում և Սվերդլով համայնքներում բացակայել են հողի հաշվառման գրքերում հաստատված տվյալները, Սարալանջ համայնքում համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերը 1 տարի ժամկետով վարձակալության են տրվել առանց մրցույթի, Ջրաշենում բացակայում է հողային հաշվեկշռի տեքստային մասը և այլն:
Ֆինանսական բնագավառում արձանագրված հիմնական խախտումներից են.
.Սվերդլով և Ջրաշեն համայնքներում չի պահպանվել Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքի այն պահանջը, համաձայն որի վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է տվյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից:
Թերի է կատարվել Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի պահանջը, համաձայն որի համայնքի ղեկավարը oրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Խախտվել է նույն օրենքի այն պահանջը, ըստ որի, որպես համայնքի ղեկավարի պարտադիր լիազորություն, տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով պետք է կիրառվեր համապատասխան միջոցներ: Դրա հետևանքով հողի հարկի և գույքահարկի գծով կուտակված ապառքների գանձման վերաբերյալ հիմնականում չեն կազմվել մարման ժամանակացույցեր, դատական կարգով գանձումներ չեն իրականացվել (Սվերդլով, Ուռուտ, Սարալանջ, Ագարակ և Ջրաշեն):
Որոշակի խախտումներ են բացահայտվել Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքի պահանջները պատշաճ չկատարելու ուղղությամբ (Սվերդլով և Ջրաշեն):
Բացառությամբ Անտառաշեն և Բազում համայնքների, ստուգված 5 համայնքներում չի պահպանվել գնումների գործընթացի կազմակերպման մասին ՀՀ կառավարության 10.02.2011թ. թիվ 168-Ն որոշման պահանջը, ըստ որի մինչև փետրվարի 1-ը համայնքներում պետք է հաստատվեին գնումների պլանները և միջոցներ ձեռնարկվեին ՀՀ ֆինանսների նախարարի կողմից սահմանած կարգով այն հրապարակելու համար:
Բանախոսը ներկայացրեց նաև այն խախտումները, որոնք վերաբերում էին համայնքների ղեկավարների և ավագանու կողմից իրականացվող լիազորություններին:
Վերջում եղան նաև հայտարարություններ: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը տեղեկատվություն ներկայացրեց սոցիալական ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ՝ համայնքների ղեկավարներին խնդրելով առավել զգոն և ուշադիր լինել:
Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանի հայտարարությունը վերաբերում էր մարզի և համայնքների հողային հաշվեկշռի կազմման աշխատանքներին: Բաժնի պետը հիշեցրեց, որ յուրաքանչյուր տարի դրանց կազմման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է և վստահեցրեց, որ բաժինը պատրաստ է մասնագիտական աջակցություն ցուցաբերել համայնքներին: Նա համայնքների ղեկավարներին հորդորեց նաև բացառել առանց վարձակալության պայմանագրի արոտավայրերի օգտագործումը և հետևողական աշխատանքներ տանել այս ուղղությամբ: Անդրադառնալով համայնքներում իրականացվող վարչական հսկողությանը՝ նա առաջարկեց կարճ ժամկետներում վերացնել թերությունները:
-Առաջիկայում նախատեսվում են նաև տեսչական ստուգումներ և այն համայնքերը, որտեղ վերացված չեն լինի վարչական հսկողության արդյունքում արձանագրված խախտումները՝ կենթարկվեն վարչական պատասխանատվության,-ասաց բանախոսը:
Մարզխորհրդի ավարտին ամփոփիչ ելույթ ունեցավ Ա. Նալբանդյանը:
Նա իր խոսքում անդրադարձավ սեփական եկամուտների հավաքագրմանը՝ հորդորելով կարճ ժամանակում լրացնել բացը՝ հավաքագրումները հասցնելով 100 տոկոսի:
-Հարկերի հավաքագրումը ձեր պարտադիր լիազորությունն է, ուստի անհրաժեշտ է այն կատարել ամենայն պատասխանատվությամբ,- ասաց Ա. Նալբանդյանը:
Մարզպետը համայնքների ղեկավարներին խստորեն զգուշացրեց նաև բյուջեի միջոցներից ոչ նպատակային, չհիմնավորված ծախսեր չիրականացնել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59