Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

23.05.2016

Մայիսի 23-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ն. Սարգսյանը զեկուցեց մարզպետի կողմից նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ՝ նշելով, որ ուշացած կամ չկատարված հանձնարարականներ չկան:

Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանը տեղեկատվություն ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում մարզի տարածքում գրանցված 15 արտակարգ դեպքերի վերաբերյալ, որոնցից 5-ը հրդեհի, 2 ՃՏՊ (2 զոհ, 1 վիրավոր), 3 կենցաղային բնույթի, 3 թունավորման և 2-ը հոտի վրա գայլերի հարձակման:

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց սեփական եկամուտների կատարողականը մայիսի 20-ի դրությամբ: Նրա տեղեկացմամբ, տվյալ ժամանակահատվածում սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 45 տոկոս, հողի հարկինը՝ 29.3 և գույքահարկինը՝ 56.1 տոկոս: Նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների գծով մուտքեր չի ապահովել 5, հողի հարկի գծով՝ 23 համայնք:  Մարզպետը խստորեն հանձնարարեց անհատապես աշխատել թերացող համայնքների հետ:

 Ամառային զորակոչի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ զեկուցեց մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը՝ նշելով, որ ընթացիկ աշխատանքները կատարվում են պատշաճ կարգով: Զորակոչիկների պատվաստումների ընթացքը ներկայացրեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը՝ նույնպես հավաստելով, որ աշխատանքները կատարվում են առանց թերացումների և խնդիրների: Դպրոցականների կցագրման գործընթացը ևս, ըստ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի, կատարվում է պատշաճ կարգով:

Նախազորակոչայիննների կցագրման աշխատանքների ընթացքը ներկայացրեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը:

Անդրադառնալով ներկայացված խնդիրներին՝ կցագրման աշխատանքները բարձր մակարդակով կատարելու հարցում մարզպետը կարևորեց սերտ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ,  ինչպես նաև ճիշտ ծանուցում կատարելը:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր  «Հայջրմուղկոյուղու» և «Լոռիջրմուղկոյուղու» սպասարկման տարածքի՝ համայնքներին պատկանող գույքի հանձնմանը: Վարչության պետը տեղեկացրեց, որ 34 համայնք արդեն իսկ պատշաճ ընթացակարգով գույքի հանձնում է կատարել, մյուսներն ընթացքի մեջ են:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրեց նախորդ շաբաթ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի՝ Լոռու մարզ կատարած այցի մանրամասները:

Մարզպետը  ներկաներին տեղեկացրեց, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ այցի ժամանակ համալսարանի ռեկտորը գյուղնախարարին և մարզպետին խոստացել է մարզի համայնքներին 2 տարի հողի հետազոտությունների անվճար ծառայություններ մատուցել: Ա. Նալբանդյանը Գ. Հակոբյանին հանձնարարեց այս մասին իրազեկել համայնքների ղեկավարներին:

-Սա լավ հնարավորություն է գյուղատնտեսների համար ճիշտ որոշելու հողի ագրոքիմիական բաղադրությունը և հողը հարստացնել ոչ թե պատահական, այլ համապատասխան պարարտանյութերով,-ասաց մարզպետը:

Վարչության պետը ներկայացրեց նաև գյուղատնտեսական աշխատանքների և պետական աջակցությամբ մարզի համայնքներին տրված պարարտանյութի բաշխման ընթացքը:

Մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը տեղեկացրեց, որ Լոռի-ՊԱԿԱ համագործակցության շրջանակներում դպրոցականների հերթական խմբի այցը Ֆրանսիա ավարտվել է: Այս անգամ պատվիրակությունը Սպիտակ քաղաքից էր:

-Մեր նպատակն է, որ Ֆրանսիա այցելեն դպրոցականներ մարզի բոլոր տարածաշրջաններից,- նշեց Ա. Նալբանդյանը:

Լ.Ասլանյանը տեղեկացերեց նաև, որ Չինաստանի հանրապետության Շանսի նահանգի ղեկավարությունը ցանկություն է հայտնել ընդլայնել համագործակցության շրջանակները Լոռու մարզի հետ և առաջիկայում այցելել մարզ: Պատվիրակությանը կազմում կլինեն նաև գործարարներ:

Մարզպետի օգնական Արման Սարգսյանը ներկաներին իրազեկեց, որ մարզպետի խնդրանքով մի  բարերար բնակարան է գնել Վանաձորից զոհված զինծառայող Կարեն Դավթյանի ընտանիքի համար, որտեղ երկու անչափահաս երեխաներ են մեծանում:

Խորհրդակցության օրակարգային վերջին հարցն առնչվում էր ֆինանսական խնայողությունների և պետական ծառայողական մեքենաների վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականին: Դրա վերաբերյալ մարզպետը նշեց, որ Լոռու մարզպետարանին ծառայում է ընդամենը 6 մեքենա, իսկ խնայողություններ կատարվում են բոլոր բնագավառներում:

Քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, եղան առաջարկություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59