Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Լոռու մարզ

20.05.2016

 Մայիսի 20-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, նախարարության և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ նախարարը նախ այցելեց Սպիտակի տարածաշրջանի Սարամեջ համայնք՝ ծանոթանալու «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գյուղտեխնիկային և կատարված աշխատանքներին: Մեկ տարի առաջ է այստեղ կազմակերպվել «Սարամեջ համայնքի արոտօգտագործողների միավորում» կոոպերատիվը, որի գործունեության հիմնական ուղղությունը անասնապահության զարգացումն է: Նախարարության ԾԻԳ-ի 80 տոկոս ֆինանսական ներդրմամբ կոոպերատիվը ձեռք է արտասահմանյան արտադրության բոլորովին նոր անվավոր տրակտոր, շարքացան, գութան, կուլտիվատոր, շուտով կստացվեն նաև խոտհավաք և խոտ մամլող մեքենաներ: Ներկայում կոոպերատիվին անդամագրվել են գյուղի 104 բնակիչներ: Կոոպերատիվի նախագահ Աղասի Հովհաննիսյանը, հյուրերին ներկայացնելով գործունեության մեկ տարվա արդյունքները, իր շնորհակալությունը հայտնեց գյուղնախարարին և ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանին գնահատելի աջակցության համար:
Ս. Կարապետյանը հետաքրքրվեց կոոպերատիվի հետագա ծրագրերով, ծանոթացավ հիմնախնդիրներին: Համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը, հանդիպմանը ներկա մի խումբ համագյուղացիներ նախարարից աջակցություն էին ակնկալում խոտհարքների ջրարբիացման, մատչելի պայմաններով նոր գյուղտեխնիկայի, կաթի պահպանման սառնարանի ստացման և այլ հարցերի վերաբերյալ: Նախարարն ասաց, որ իրենց աջակցությամբ նմանատիպ ծրագիր իրականացնող յուրաքանչյուր տնտեսություն իրենց ուշադրության կենտրոնում է, անց է կացվում մշտադիտարկում, և հնարավորության սահմաններում պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ տեխնիկական, ինչպես նաև մթերատու անասնագլխաքանակի աջակցություն, եթե, իհարկե, նկատելի են դրական արդյունքներ:
Զրույցի ընթացքում արծարծվեց նաև անօգտագործելի հողատեսքերի հարցը: Ըստ գյուղապետի, համայնքում առկա են հարյուրավոր հեկտարներով արոտավայրեր ու վարելահողեր, որոնց սեփականատերերը բացակայում են հանրապետությունից: Մարզպետ Ա. Նալբանդյանն առաջարկեց տևական ժամանակ անտերության մատնված հողամասերը համայնքի ավագանու որոշմամբ սեփականաշնորհել և օրինական կարգով ի տնօրինություն հանձնել կոոպերատիվին:
Գյուղնախարարի, մարզպետի և ուղեկիցների հաջորդ կանգառը Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայում էր: Այստեղ լավագույն պայմաններն է ստեղծված բրոյլերային հավի մսի արտադրության համար: Ժամանակակից սարքավորումներով հագեցված 8 թռչնանոցներից յուրաքանչյուրում բուծվում է 25-30 հազար բրոյլեր: Եվս 4 թռչնանոցների կառուցումն ընթացքի մեջ է: Հյուրերը շրջեցին տնտեսության արտադրամասերում, զրուցեցին աշխատողների հետ:
Նախարարը եղավ նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, ուր հանդիսավոր պայմաններում բացվեց հերթական՝ հողերի և ջրերի հետազոտության լաբորատորիան: Ակադեմիայի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանը հյուրերին ուղեկցեցին նաև մինչ այժմ գործող կահավորված լաբորատորիաներ, հարուստ գրադարան: Տեղեկացվեց, որ կրթօջախում առակա են բոլոր հնարավորությունները նաև գյուղմթերքի, մսամթերքի ու անասնագլխաքանակի կենսաքիմիական և որակական համակողմանի հետազոտությունների համար:
Ալցելության ավարտին նախարարը և մարզպետը Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացրեցին խորհրդակցություն Լոռու մարզպետարանի վարչություններ ու բաժինների պետերի, համայնքների ղեկավարների, գյուղմթերքի արտադրությամբ զբաղված գործարարների ու գյուղատնտեսական արտադրությունում հաջողություններ գրանցած մի խումբ երկրագործների ու անասնաբույծների մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին՝ Ա. Նալբանդյանը ներկայացրեց գյուղնախարարի այցի նպատակը և նշեց, որ վերջին տարիներին պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շնորհիվ մարզը լուրջ հաջողություններ է արձանագրել. ավելացել են ցանքատարածությունները, բերքատվությունը, անասնագլխաքանակը և այլն:
Ս. Կարապետյանն իր հերթին ողջունելով ներկաներին՝ նշեց, որ վերջին տարիներին ավանդույթ է դարձել գյուղնախարարի և նախարարության աշխատակիցների աշխատանքային այցերը հանրապետության մարզեր՝ հատկապես գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում՝ նպատակ ունենալով ծանոթանալ դրանց ընթացքին և տեղերում հաղորդակից դառնալ առկա խնդիրներին:
- Մեր այցերի ընթացքում ամփոփում ենք նախորդ տարվա աշխատանքը, անդրադառնում ձեռքբերումներին, քննարկում թերացումների և բացթողումների պատճառները և նախանշում հաջորդ տարվա անելիքները: Պետք է նշել, որ Լոռու մարզը վերջին տարիներին լուրջ հաջողություններ է արձանագրել գյուղատնտեսության ոլորտում: Անցյալ տարի մարզի համախառն արտադրանքի ծավալները կազմել են 73 մլրդ 300 մլն դրամ (11 տոկոսով ավելի, քան 2014թ.) և մարզի ներդրումը հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեջ կազմել է 7,3 տոկոս: Այս ցուցանիշը մի քանի տարի առաջ զգալի ցածր էր: Մարզում զարգացած է հացահատիկային մշակաբույսերի, կարտոֆիլի արտադրությունը: Յուրաքանչյուր տարի ավելանում են ոչ միայն ցանքատարածությունները, այլև համախառն բերքի ծավալները, մեկ միավորի բերքատվությունը, ինչը ողջունելի է: 2011թ. սկսած կառավարության աջակցությամբ մարզում մի շարք ծրագրեր են իրականացվում, որոնցից մեկը սերմնաբուծությանը և սերմնարտադրությանն էր վերաբերում: Ծրագիրն ավարտվել է անցյալ տարի, բայց արդյունքում ունենք սերմնաբուծությամբ զբաղվող ֆերմերայի տնտեսություններ, որոնք լուրջ ձեռքբերումներ ունեն սերմնարտադրության ոլորտում: Նախորդ տարվա ցուցանիշներով ցորենի ցանքատարածություններն ավերացել են 13 տոկոսով, իսկ համախառն բերքը՝ 16,2 տոկոսով, ինչը բավականին լուրջ ձեռքբերում է: Համոզված եմ, այս տարի ևս մարզն ունենալու է ձեռքբերումներ, քանի որ ծրագրերը շարունակական են: Արդեն մի քանի տարի է սուբսիդավորվում են նաև գյուղատնտեսական վարկերը, ինչը ևս լուրջ աջակցություն է: Հուսով եմ, առաջիկայում կկարողանանք ավելացնել վարկերի տրամադրման ծավալները,-ասաց նա:
Գյուղնախարարը խոսեց նաև անասնապահության ոլորտում արձանագրված ձեռքբերումներին: Մարզում նախորդ տարի խոշոր եղջերավորների անասնագլխաքանակն ավելացել է 1, կովերինը՝ 3 տոկոսով, ոչխարների գլխաքանակը մնացել է նույնը, թեև, ըստ Ս. Կարապետյանի իրականացվող ծրագերերի շնորհիվ այս ծավալները ևս առաջիկայում կավելանան: Գյուղնախարարն անդրադարձավ կոոպերատիվների ստեղծմանն աջակցելու նապատակով Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին:
-Գյուղնախարարությունը խրախուսում է կոոպերատիվների ստեղծումը և տարբեր ծրագրերով աջակցում է նրանց: Մարզում այս առումով ևս լուրջ հաջողություններ կան: Հանրապետության գյուղատնտեսության զարգացման միակ ուղին, ըստ մեզ, կոոպերատիվների ստեղծումն ու հողերի խոշորացումն է. այս առումով մենք դեռևս լուրջ անելիքներ ունենք,-ասաց Ս. Կարապետյանը՝ նշելով, որ կոոպերատիվների ստեղծումը զգալիորեն օգնում է արտադրանքի իրացմանը, գյուղտեխնիկայի ձեռքբերմանը, շուկայի ընդլայնմանը և այլն: Նա խոսեց նաև ոլորտում առկա խնդիրներից՝ մասնավորապես անդրադառնալով մթերումների և իրացումների հետ կապված հարցին:
-Այս ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում մարզպետարանի հետ միասին: Հատկապես կաթի մթերման առումով խնդրին առաջիկայում լուծում կտանք, իսկ ինչ վերաբերում է չորանոցներին, ապա շենք-շինությունների առկայության դեպքում մենք պատրաստ ենք ֆերմերներին տրամադրել անհրաժեշտ սարքավորումներ չորանոցներ ստեղծելու համար,-ասաց նախարարը:
Գյուղնախարարը խոսեց նաև անտառտնտեսության ոլորտում առկա խնդիրներից: Նա հորդորեց լուրջ ուշադրություն դարձնել ապօրինի անտառահատումներին, անտառային հրդեհներին՝ կոչ անելով համատեղ պայքար մղել անօրինությունների դեմ:
Նախարարը ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր գործունեության համար «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրեց հողագործ, անասնաբույծ Սերյոժա Վարդանյանին (գ.Մեծավան) և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակող Արմինե Միրզոյանին (ք. Վանաձոր), ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվոգրերով՝ 12 այգեգործների, անասնաբույծների և հողագործների Մեծ Այրում, Շահումյան, Մարց, Քարինջ, Մեծ Պարնի, Լոռի Բերդ, Արևաշող, Գարգառ, Տաշիր, Կուրթան և Մարգահովիտ համայնքներից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59