Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թումանյան համայնքի ավագանու նիստին ներկա էր նաև Լոռու մարզպետը
10.05.2016
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանի ուղեկցությամբ հերթական անգամ եղավ Թումանյան միավորված համայնքում՝ մասնակցելով ավագանու նիստին: Այցի օպերատիվ առիթը միավորված համայնքներում առկա հրատապ խնդիրների և զարգացման ծրագրերի քննարկումն էր: Նիստի սկզբում մարզպետը կարևորեց Թումանյան համայնքում տնտեսական զարգացում ապահովող ծրագրերի կազմման անհրաժեշտությունը, որ վարչապետի հանձնարարությամբ կուղարկվի կառավարություն: Հանգամանորեն քննարկվեցին նաև համայնքում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:
Ավագանին կողմ քվեարկեց նաև Հայաստանի համայնքների միությանը անդամակցության հարցին:
Ավագանու և մարզպետի ուշադրությանը ներկայացվեց այն, որ մայիսի 14-ին նախատեսվում է հանդիսավորությամբ տոնել Քարինջ համայնքի օրը: Նույն օրը կբացվի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար, կտեղադրվեն զոհված ազատամարտիկների կիսանդրիները: Ավագանին կողմ քվեարկեց նաև համայնքի Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին դրամական օգնության տրամադրման, ինչպես նաև մայիսյան տոնակատարությունների և դպրոցներում «Վերջին զանգի» միջոցառումների անցկացման համար ֆինանսական աջակցության հատկացման հարցերին: Անդրադարձ կատարվեց նաև սեփական եկամուտների հավաքագրման խնդրին: Մարզպետը հորդորեց ամենօրյա հետևողական աշխատանք իրականացնել և պատշաճ կերպով հավաքագրումներ կատարել՝ լրացնելով նաև նախորդ ամիսների բացը: Նա խստորեն զգուշացրեց լուրջ ուշադրություն դարձնել համայնքների մաքրման, աղբահանության խնդիրներին: