Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

10.05.2016

Մայիսի 10-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Նա նախ և առաջ անդրադարձավ օրեր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Լոռու մարզ կատարած այցի ընթացքում հնչած հանձնարարականներին: Ըստ այդմ, նա մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանին հանձնարարեց Դեբեդի կիրճում կառուցվող «Սմարթ» կենտրոնին հարակից հողատարածքների պատկանելիության մասին տեղեկատվություն հավաքագրել և համայնքների ղեկավարների միջոցով սեփականատերերին իրազեկել, որ այդ տարածքները՝ հատկապես ժամանցի գոտիների, հանգստի վայրերի և նմանատիպ այլ կառույցների կառուցապատման նպատակով չեն կարող օգտագործվել: Մարզպետը տեղեկացրեց նաև, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի տնօրենի կողմից բարձրացվել է նաև տարածքը գազիֆիկացնելու հարցը, ուստի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին Ա.Նալբանդյանը հանձնարարեց զբաղվել այս, ինչպես նաև վարչապետին Թումանյան համայնքում ներկայացված 1 բնակելի տան տանիքի, մանկապարտեզի այրված հատվածի վերնորոգման և դպրոցի մեկ մասնաշենքի հիմնանորոգման գործընթացով, կազմել համապատասախան նախագծեր:

ՀՀ վարչապետի կողմից հանձնարարական է եղել նաև գնահատել զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների կարիքները և  համապատասխան օգնություն ցուցաբերելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարությանը: Ըստ Ա. Նալբանդյանի, այս ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում և ամբողջացվում են առկա տվյալները:

Բացի այդ մարզպետը մարզպետարանի մի շարք վարչությունների հանձնարարեց վերջին տարիներին, ու հատկապես վերջին մեկ տարվա և ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մարզպետարանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին, Արցախին աջակցելու նպատակով տարբեր կազմակերպություններին մարզպետարանի կողմից հատկացված աջակցությունների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ կազմել, որը կներկայացվի նաև մարզի հանրությանը: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2013թ. մինչ օրս զոհված զինծառայողների ընտանիքներին մարզպետարանը միանվագ 200 հազարական, իսկ վիրավոր զինծառայողների ընտանիքներին՝ 100 հազարական դրամ աջակցություն է ցուցաբերել: Բացի այդ, մարզպետարանի առաջարկությամբ մի շարք հիմնադրամների և կազմակերպությունների կողմից նշված ընտանիքներին ցուցաբերվել է ֆինանսական և նյութական այլ աջակցություն ևս: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը ի լրումն տեղեկացրեց, որ այս ընտանիքները դիմելու դեպքում ապահովվել են առողջարանային անվճար ուղեգրերով, մարզի բուժհաստատություններում ստացել են անվճար բուժօգնություն և այլն:

Ապա մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները մայիսի 5-ի դրությամբ: Անդրադառնալով գործընթացին՝ մարզպետը անըդունելի համարեց, որ մարզը մի քանի հարկատեսակների գծով ետ է պլանների կատարողականներից և խստորեն հանձնարարեց ամենօրյա հետևողական աշխատանքներ իրականացնել իրավիճակը շտկելու համար:

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Համբարձումյանը  տեղեկացրեց, որ այս տարվա առաջին եռամսյակում Լոռու մարզից ոստիկանությունում գրանցված են եղել 35 անչափահաս երեխաներ, որոնցից հանցանք կատարածները 19-ն են, զանցանք՝ 6-ը, 3-ը մուացիկ են, 3-ը՝ թափառաշրջիկ և 4-ը՝ պարտուսից դուրս մնացած, որոնց հետ բաժինը համապատասխան աշխատանքներ է տանում:

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների, պետական աջակցությամբ մարզի գյուղացիական տնտեսություններին տրված ազոտական պարարտանյութի, դիզվառելիքի բաշխման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Նա նշեց, որ, ըստ համայնքների կողմից ներկայացված պահանջարկի, 2100 տոննա ազոտական պարարտանյութ արդեն իսկ բաշխվել է: Դիզվառելիքի ընդհանուր պահանջարկը եղել է 750 հազար տոննա, որից 500 հազարն արդեն ստացվել է: Գործընթացը շարունակական է լինելու:

 Մարզպետը հանձնարարեց կազմել հանձնաժողով և համապատասխան ուսումնասիրություններ կատարել Ճոճկան, Այրում համայնքներում, ուր օրեր առաջ կարկուտ է տեղացել՝ ճշտելու պատճառված վնասի չափերը:

Անդրադարձ կատարվեց նաև առաջիկա միջոցառումներին: Մարզպետը հանձնարարեց ստեղծել ՀՀ անկախության 25-ամյա միջոցառումների մարզային հանձնաժողով:

Քննարկվեցին մի շարք այլ հարցեր ևս, եղան առաջարկություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59