Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայկ Օհանյանին հոբելյանի առթիվ շնորհավորեց մարզի ղեկավարը
03.05.2016
Այսօր Վանաձորի պատվավոր քաղաքացի, սիրված պետական, քաղաքական գործիչ Հայկ Աղասու Օհանյանը դառնում է 85 տարեկան: Այս առիթով նրան հյուրընկալել էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա շնորհավորանքի ջերմ խոսքեր հղեց պատվավոր այրին՝ մաղթելով առողջություն և երկար տարիների կյանք.
- Լոռու մարզի բնակչության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր 85-ամյա հոբելյանը: Դուք մեր հայրենիքի անվանի և հայրենասեր այն գործիչներից եք, ովքեր իրենց գիտակցական կյանքի ողջ եռանդն ու գիտելիքները անմնացորդ ծառայեցրին երկրի տնտեսական և սոցիալական հզորացման գործին: Մեծ է Ձեր ավանդը հատկապես Կիրովական- Վանաձորի բոլոր բնագավառների զարգացման մեջ:
Ձեր՝ ղեկավարի և հմուտ կազմակերպչի անվան ու ավանդի հետ են միահյուսվել արդյունաբերական տասնյակ ձեռնարկությունների ու արտադրամասերի, բնակելի զանգվածների ու թաղամասերի, հասարակական նշանակության բազմանուն օբյեկտների կառուցումն ու շահագործումը: Այսօր էլ Կիրովական-Վանաձորը հառնում է որպես Ձեր և Ձեր սերնդի պերճախոս կենսագիրը,-ասաց նա՝ Հ. Օհանյանին հանձնելով շնորհավորագիր և արժեքավոր նվեր:
Վերջինս իր հերթին շնորհակալություն հայտնեց իր հանդեպ ցուցաբերած ուշադրության, գնահատանքի համար՝ նշելով, որ գնահատել կարողանում են միայն նրանք, ովքեր գիտեն աշխատել, հասկանում են տքնաջան ու անձնվեր աշխատանքի գինը:
-Ես գլուխ եմ խոնարհում իմ Լոռու, իմ լոռեցիների առջև և ուզում եմ վստահաբար ասել, որ լոռեցի լինելը յուրահատուկ արվեստ է,-ասաց հոբելյարը: