Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ
29.04.2016
Հարգելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ:
Տասնամյակներ շարունակ այդ տոնը նշվել է «Խաղաղություն, մայիս, աշխատանք» կարգախոսով: Մայիսը բնության զարթոնքի և ավյունի խորհրդանիշն է, իսկ խաղաղ աշխատանքը յուրաքանչյուր աշխատավորի ցանկությունը: Այս տարի, ապրիլյան դեպքերից հետո, խաղաղության վերահաստատումն առավել քան կարևոր է հայաստանցիների ու նաև՝ Լոռու աշխատավորների համար: Տևական ժամանակ է, որ մեր խաղաղ աշխատանքը խաթարվել է հակառակորդի ռազմատենչ արկածախնդրությունների պատճառով, և թշնամուն արժանի հակահարված տվող մեր բանակի քաջարի զինվորների հետ, ինքնաբուխ կերպով, հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում են խաղաղ աշխատանքի մարդիկ՝ երկրագործն ու հանքագործը, շինարարն ու բժիշկը, մանկավարժն ու անասնապահը: Մենք խաղաղությունը նվաճում ենք մեծ զոհողությունների գնով: Միաժամանակ, մեր արտերն ու գործարանները թափուր չեն մնում, լոռեցին մի ձեռքում մաճ ու բրիչ,մյուսում՝ զենք բռնած, նախնիների ավանդներին հավատարիմ, և՛ պաշտպանում, և՛ զորացնում է իր օջախն ու հայրենիքը:
Հարգելի հայրենակիցներ,
Մենք վստահ ենք, որ շուտով լիակատար խաղաղություն կտիրի և աշխատավորն իր կորովը լիարժեք ներ կդնի խաղաղ աշխատանքում:
Փա՛ռք ստեղծարար աշխատանքին ու հայրենիքը զորացնող աշխատավորին:
Շնորհավոր աշխատանքի օր: