Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը ավարտական փուլում է, իսկ արդյունքները գերազանցում են սպասելիքները

22.04.2016

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 768.357,95 եվրո, որից 614.686,36 եվրոն ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի էր, և այն արդեն ավարտական փուլում է, իսկ արդյունքները գերազանցում են սպասելիքները:
Ապրիլի 22-ին Վանաձորի քաղաքապետարանի դահլիճում կազմակերպության ներկայացուցիչները շահագրգիռ անձանց ներկայացրեցին ծրագիր արագ գնահատման արդյունքները և կատարված վերլուծությունը:
Արագ գնահատումն իրականացվել է 2015թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ՀՀ Լոռու մարզի 13 քաղաքային և գյուղական համայնքներում, որոնք հիմնականում հանդիսացել են համախմբերի կենտրոններ:
Հիմնական նպատակն է եղել բացահայտել, թե ինչպես է ծրագիրն ազդել Լոռու մարզում կանանց սոցիալ-տնտեսական ներուժի ու դրա ընդլայնման հնարավորությունների վրա:
Ողջույնի խոսք ասաց և հանդիպման նպատակը ներկայացրեց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հկ նախագահ Լիլիթ Ասատրյանը:
-«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերը, արագ գնահատման արդյունքները ևս կիրառելի կլինեն մեր գործընկերների, պետական, միջազգային և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից՝ ՀՀ-ում կանանց սոցիալ-տնտեսական մասնակցության խրախուսմանն ուղղված ծրագրերի մշակման իրականացման փուլերում,-ասաց նա:
Լ. Ասատրյանը շնորհակալություն հայտնեց գործընկեր բոլոր կառույցներին համագործակցության և աջակցության համար՝ առանձնահատուկ շեշտելով Լոռու մարզպետարանի և Եվրամիության դերակատարությունը: Անդրադառնալով ձեռքբերումներին՝ նա գլխավորապես կարևորեց շահառուների հետ աշխատանքում գրանցված հաջողությունները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը: Նա հայրենանվեր գործունեության համար կազմակերպությանը շնորհակալություն հայտնեց նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից՝ փոխանցելով այսուհետ ևս կազմակերպության հետ սերտորեն համագործակցելու նրա պատրաստակամությունը:
-Հաջողություններ ենք մաղթում բոլոր այն կանանց և աղջիկներին, ովքեր ձեր կազմակերպության շնորհիվ բիզնես հիմնելու և ակտիվ գործունեություն ծավալելու հնարավորություն են ստացել: Լոռու մարզպետարանը՝ ի դեմս մարզպետ Արթուր Նալբանդյանի, այսուհետ ևս պատրաստակամ է աջակցել կազմակերպությանը բոլոր ողջունելի նախաձեռնություններում,-ասաց փոխմարզպետը:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունից ծրագրի ներկայացուցիչներին ողջունեց քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի պետ Լիլյա Դավթյանը:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի առաջին արագ գնահատման արդյունքները ներկայացրեց «Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտե» (CISP) իտալական ՀԿ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստինե Հայրապետյանը, իսկ ծրագրի եզրափակիչ գնահատման արդյունքները՝ ազգագրագետներ Մխիթար Գաբրիելյանը և Ռուզաննա Ծատուրյանը: Նշվեց, որ ծրագրի շրջանակներում, ի թիվս մի շարք այլ բաղադրիչների, դրամաշնորհային բաղադրիչի շրջանակներում 38 բիզնես-ծրագիր ստացել է դրամաշնորհ՝ բիզնես սկսելու կամ ընդլայնելու համար: Դրամաշնորհ ստացած կանայք իրենց գործունեությունը ծավալել են գյուղատնտեսության, առողջապահության, արտադրության ծառայությունների, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում: Ծրագրի շնորհիվ ավելի քան 600 կին Լոռու մարզում հնարավորություն է ստացել ձեռք բերել ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքներ, զարգացրել մասնագիտական կարողությունները:
Այնուհետև ծավալվեց ակտիվ քննարկում:
Կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ ապրիլի 26-ին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Վանաձորի Հայքի հրապարակում տեղի կունենա ԷՔՍՊՈ և Աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն է ծանոթացնել Լոռու մարզում աջակցություն ստացած կին ձեռներեցների արտադրանքին և ծառայություններին, տեղեկացնել ասոցիացիայի գործունեության մասին, հադիպում կազմակերպել գործատուների հետ և այլն՝ խնդրելով ակտիվորեն մասնակցել միջոցառմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27