Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանի և «Դիակոնիա» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց

22.04.2016

«Դիակոնիա» հիմնադրամը Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացնում մարզում՝ նպաստելով բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի բարելավմանը և բարեկեցության ապահովմանը: Իրականացվող հերթական ծրագրերի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով «Դիակոնիա» հիմնադրամի տնօրեն Պարույր Ջամբազյանը, ծրագրերի ղեկավար Մարիամ Անտոնյանը, հիմնադրամի այլ ներկայացուցիչներ մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց ուղեկցությամբ եղան Վանաձորի թիվ 1 հատուկ դպրոցում, Ալավերդու բժշկական կենտրոնում և Սանահինի բժշկական ամբուլատորիայում:
Հիմնադրամը թիվ 1 հատուկ դպրոցում երեխաների շրջանում աշխատանքային թերապիայի նպատակով միանգամից 3 ծրագիր է իրականացնում. կառուցվում է ջերմոցային տնտեսություն, որտեղ դպրոցականները դասերից ազատ ժամերին տարբեր ջերմոցային մշակաբույսեր աճեցնելու հնարավորություն կունենան: Դրանք կօգտագործվեն դպրոցի խոհանոցում: Ջերմոցը շահագործման կհանձնվի շուրջ մեկ ամսից: Դպրոցի համար վերանորոգվել է նաև հրուշակեղենի պատրաստման սենյակ, որտեղ աշակերտները հրուշակեղեն են պատրաստում, սովորում տորթերի ձևավորման հմտություններ: Վերանորոգվել և մարզասարքերով է հագեցվել ևս մեկ դասասենյակ, որտեղ աշակերտները մարզվելու հնարավորություն են ստացել: Հյուրերը Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի և դպրոցի տնօրեն Սասուն Հարությունյանի ուղեկցությամբ շրջեցին նշված տարածքներով: Տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց հիմնադրամի ներկայացուցիչներին մեծ աջակցության համար:
Հաջորդ կանգառը Ալավերդու բժշկական կենտրոնն էր: Այստեղ հյուրերին դիմավորեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը: «Դիակոնիա» հիմնադրամի ֆինանսական ներդրմամբ (7 մլն 900 հազար դրամ) հիմնանորոգվել է տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետը, որը կհագեցվի բժշկական կենտրոնի ջանքերով և կծառայի քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի ազգաբնակչությանը: Մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց հիմնադրամի ներկայացուցիչներին մարզում սոցիալական բազմաբովանդակ ծրագրերի իրականացման համար՝ կարևորելով մարզի բնակչության բարեկեցության ապահովմանն ուղղված նրանց ջանքերը: Պ. Ջամբազյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության համար:
Մարզպետը և հիմնադրամի տնօրենը համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ պարտավորվելով առաջիկա երկու տարիներին առավել բազմաբովանդակ ծրագրեր իրականացնել:
Նրանք եղան նաև Սանահինի բժշկական ամբուլատորիայում, որի տարածքն ամբողջությամբ հիմնանորոգվել է դարձյալ հիմնադրամի աջակցությամբ: Այդ նպատակի համար հատկացվել է շուրջ 8 մլն դրամ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27