Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց Նեղոց համայնքի օրը
19.04.2016
Լոռու մարզի Նեղոց գյուղը հիշատակվում է դեռևս 16-17-րդ դարերին վերագրվող պատմական արձանագրություններում: Սակայն համայնքի ղեկավարի հավաստմամբ այն, որպես բնակատեղի, ավելի վաղնջական պատմություն ունի:
Ապրիլի 15-ին 320 բնակիչ ունեցող բնակավայրը, տոնը ավանդական դարձնելու ցանկությամբ, նշեց համայնքի օրը, որին նվիրված միջոցառումների մեկնարկը տերունական աղոթքով ու հոգևոր օրհնությամբ տրվեց բարերարներ Արտաշես, Արմեն և Վահան Բեգջանյանների հովանավորությամբ 10 տարի առաջ կառուցված Սուրբ Գայանե մատուռում:
Համայնքի տոնին հրավիրվել էին նաև Լոռու մարզպետարանի ղեկավար այրեր, հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի գլխավորությամբ հնչեց տերունական աղոթք:
Ապա հենց մատուռի մոտ Գուգարց թեմի առաջնորդն ու Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը տնկեցին խորհրդանշական ծառեր, իսկ օրվա հանդիսավոր մասն անցկացվեց դպրոցի բակում:
Համայնքի զարգացման գործում վաստակ ունեցող անձանց մարզի ղեկավարն արժանացրեց պարգևի: Մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած գնահատելի ավանդի և Նեղոց համայնքի ավանդական տոնի առթիվ շնորհակալագիր հանձնվեց դպրոցի տնօրեն Արևիկ Սոսինյանին, իսկ Բեգջանյան եղբայրներին՝ Սուրբ Գայանե մատուռի կառուցումը հովանավորելու համար: Ծննդավայրում բարեգործական գործունեության համար մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից «Լոռու մարզպետի ոսկե հուշամեդալի» արժանացավ Վահան Բեգջանյանը:
Բեգջանյաններն իրենց հերթին հուշանվերներ հանձնեցին մարզի ղեկավարին և Գուգարց թեմի առաջնորդին: Ա. Նալբանդյանը մեկ այլ հուշանվեր ստացավ համայնքի ղեկավար Սպարտակ Բեգջանյանից՝ Նեղոցի հիմնախնդիրներին մշտապես ուշադրություն դարձնելու և դրանց լուծմանը նպաստելու համար:
Գյուղի օրը ուղեկցվեց տոնական միջոցառումներով և սուրբ մատաղի հյուրասիրությամբ: