Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ «Լոռի-Արցախ» հանձնախմբի անդրանիկ նիստը

06.04.2016

Ապրիլի 6-ին Լոռու մարզպետարանում իր առաջին նիստն անցկացրեց նախօրեին Lոռու մարզպետի որոշմամբ կազմավորված  «Լոռի-Արցախ» մարդասիրական հանձնախումբը:Նիստին հրավիրվել էին  նաև մարզի գազամատակարարման,էներգամատակարարման, ջրամատակարարման, հեռախաղորդակցության համակարգերի, Երկրապահ կամավորական միության, զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության կառույցների, բուհերի  ղեկավարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:

Մարզային հանձնաժողովի համանախագահ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկաներին իրազեկեց, որ հանձնաժողովի կազմավորման անհրաժեշտությունը պայմանավորվել  է վերջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայով՝ Արցախում մարտնչող մեր զինվորներին և պատերազմից տուժած ազգաբնակչությանը  ցուցաբերվող նյութական  և ֆինանսական օգնությունների համակարգման անհրաժեշտությամբ:

-Մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես թշնամուն դիմակայելու առաջին իսկ օրվանից հարյուրից ավելի լոռեցիներ ինքնակամ զինվորագրվեցին Արցախի պաշտպանությանը,մեկնեցին ճակատային գիծ: Բարեբախտաբար, այսօր մարդկային նոր ռեզերվներ հավաքելու անհրաժեշտություն չկա  և մեր հիմնական խնդիրը զինվորներին և ազգաբնակչությանը նյութապես և ֆինանսապես սատար  կանգնելն է: Հատկապես դրան է ուղղորդվելու մեր հանձնաժողովի և ընդհանրապես բոլորիս ջանքերը,-ներկաներին դիմելով ասաց Ա. Նալբանդյանը:

Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջարկությամբ նիստն սկսվեց Տերունական «Հայր մեր» աղոթքով, որից հետո սրբազանը, որը նաև մարզային հանձնախմբի համանախագահն է, ոգևորիչ խոսքով դիմեց ներկաներին, ընդգծեց Հայրենյաց համար վտանգի ժամին ներքին տարաձայնությունները մի կողմ դնելու, համախմբվելու մեր ժողովրդի բարոյական բարձր  նկարագիրը:

- Արցախի համար ճակատագրական այս պահին մեր ամենամեծ  բարոյական արժեքը ամեն հարցում, առանց պարտադրանքի, կամավորության, ես կասեի անձնազոհության դրսևորումն էր և բոլորիս համոզմունքն է,որ այժմ էլ, երբ մարզի հանրությանը կոչ ենք անելու նյութապես սատարելու մեր հայրենակիցներին, զերծ մնանք հարկադրանքից: Ամեն մի ներդրում, անկախ չափից ու ծավալից, պետք է արվի մարդկանց սրտի թելադրանքով,-ասաց մարզպետը:

Հանձնախմբի կազմում ընդգրկված Վանաձորի, Սպիտակի, Ալավերդու, Ստեփանավանի և Տաշիրի քաղապետերին Ա. Նալբանդյանը հորդորեց սեփական համայնքներում իրականացվող աշխատանքներին զուգընթաց հնարավորինս կանոնակարգել նաև տարածաշրջանային գյուղական բնակավայրերում իրականացվող մարդասիրական ձեռնարկումները:

Հանձնաժողովի անդամներն ու նիստի մասնակիցները նույնպես հանդես եկան մարդասիրական հանգանակությունը հնարավորինս հասցեական դարձնելու իրենց առաջարկություններով:

Վերջում հրապարակվեց «Լոռի-Արցախ» մարդասիրական հանձնախմբի ուղերձը մարզի ազգաբնակչությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59