Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ապրիլի 6-ին տեղի կունենա Արցախին սատարող մարդասիրական հանձնաժողովի անդրանիկ նիստը
05.04.2016
Թշնամու ագրեսիայի հետևանքով նյութական կորուստներ կրած Արցախի մեր հայրենակիցները ռազմական աջակցությունից բացի նաև նյութամատակարարման, ֆինանսական աջակցության կարիք են զգում: Լոռու մարզի բազմաթիվ կազմակերպություններ, կոլեկտիվներ ու անհատներ արդեն իսկ հնարավոր նյութատեխնիկական ու դրամական միջոցներ են հասցրել ԼՂՀ:
Ցուցաբերվող օգնությունները ավելի կազմակերպված ու նպատակային դարձնելուն էր միտված Լոռու մարզպետարանի աշխատակազմի ապրիլի 5-ին տեղի ունեցած խորհրդակցությունը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ ինքը պարբերական կապի մեջ է ԼՂՀ և Լոռու մարզի բարեկամ Մարտակերտի տարածաշրջանի ղեկավարների հետ, ծանոթանում է օրախնդիր հարցերին:
-Արցախի մեր հայրենակիցների ոգին ամուր է, տրամադրությունը՝ մարտական, այնպես որ թշնամին մարտադաշտում ամենուրեք արժանի հակահարված է ստանում: Հիմա մեր խնդիրն է հնարավոր բոլոր միջոցներով սատարել ռազմաճակատում մարտնչող մեր զինվորներին ու քաղաքացիական բնակչությանը,-ասաց մարզի ղեկավարը: Նա առաջարկեց ստեղծել հանձնախումբ, որը կոորդինացնելու է ինչպես մարզպետարանի ու նրա կառուցվածքային ստորաբաժանումների, այնպես էլ մարզի համայնքների կողմից միջոցների հավաքագրումն ու հասցեական առաքումը Արցախ:
Նախաձեռնության վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեցին նաև խորհրդակցության մյուս մասնակիցները, արվեցին տարբեր առաջարկություններ օգնության հավաքագրման եղանակների, տեսականու, դրանց փաթեթավորման ու առաքման վերաբերյալ:
Խորհրդակցության մասնակիցներին մարզպետը հանաձնարարեց ներկայացնել առաջարկություն մարդասիրական օգնության աշխատանքները համակարգող հանձնաժողովի կազմի վերաբերյալ: Նաև որոշվեց կազմել մարզի ազգաբնակչությանը, հիմնարկներին, կազմակերպություններին ու անհատ ձեռներեցներին ուղղված ուղերձ՝ Արցախ ուղարկվելիք մարդասիրական բեռների ու դրամական միջոցների հավաքագրման գործընթացի վերաբերյալ:
Ապրիլի 6-ին ժամը 10-ին մարզպետարանի դահլիճում տեղի կունենա նորաստեղծ հանձնաժողովի առաջին նիստը՝ հանգանակվող նյութական ու ֆինանսական օգնության միջոցառումների կանոնակարգման նպատակով:
Արցախի մեր բարեկամներին նյութապես օգնել ցանկացող յուրաքանչյուր ոք կարող է զանգահարել Լոռու մարզպետարանի «Թեժ գծի» (0322) 2-04-13 հեռախոսահամարով: