Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

04.04.2016

Ապրիլի 4-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների հիշատակը: Մարզպետը նշեց, որ հայտնի դեպքերի հետ կապված մարզպետարանում առաջիկա օրերին կիրականացվի ուժեղացված հերթապահություն: Մարզպետը նաև կոչ արեց լրատվամիջոցներին բացառել ապատեղեկատվություն պարունակող նյութերի տարածումը:

Ապա լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի տեղեկատվությունը նախորդ շաբաթվա ընթացքում մարզի տարածքում գրանցված 10 արտակարգ դեպքերի վերաբերյալ: Նրա տեղեկացմամբ, փրկարարական ծառայությունը անցած երկու օրերին ուժեղացված ծառայություն է իրականացրել:

 Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Վալերի Խաչատրյանը հայտնեց, որ նախորդ շաբաթ մարզպետարանի աշխատակազմն իրականացրել է իր առջև դրած բոլոր խնդիրները, հանձնարարականները կատարվել են սահմանված ժամկետներում:

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց  սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նրա տեղեկացմամբ՝ մարտ ամսվա սեփական եկամուտների պլանի կատարողականը կազմել է 83,1 տոկոս, հողի հարկինը՝ 77,9 և գույքահարկինը՝ 87 տոկոս: Եռամսյակային ցուցանիշներով սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 91,2, հողի հարկինը՝ 77,9, գույքահարկինը՝ 87 տոկոս:  Ըստ վարչության պետի, մարզի համայնքները սեփական եկամուտների գծով պլանային ցուցանիշներից ետ են 36 մլն դրամով, հողի հարկի գծով՝ 14 մլն դրամով: Ետընթաց է գրանցվել նաև նախորդ տարվա ցուցանիշների համեմատությամբ: Մարզպետը հանձնարարեց առավել հետևողական աշխատանքներ իրականացնել համայնքների ղեկավարների հետ և լրացնել բաց թողնվածը:

 Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը տեղեկացրեց, որ ներկա դրությամբ վարչությունը զբաղված է մարզի մի շարք առողջապահական հիմնարկների օպտիմալացման գործընթացով:   Նա նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկան միավորել Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկային, իսկ Կուրթանի, Ագարակի, Գյուլագարակի, Գարգառի առողջության առաջնային պահպանման կենտրոնները միավորել Ստեփանավանի բժշկական կենտրոնին: Ըստ հիմնավորման՝ բուժօգնության օպտիմալացման արդյունքում խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն բժշկական կազմակերպությունների զարգացմանը: Ա. Նալբանդյանն, ի լրումն, տեղեկացրեց, որ նշված առողջապահական հիմնարկները շարունակելու են գործել նույն տարածքներում և մատուցելու են նույն ծառայությունները, պարզապես կփոփոխվի իրավաբանական անձի կարգավիճակը:

 Վարչության պետը հայտնեց նաև, որ ղարաբաղաադրբեջանական ճակատում տեղի ունեցող մարտական գործողություններով պայմանավորված՝ վարչությունը և մարզի առողջապահական հիմնարկները ևս գործում են առավել զգոն և անհրաժեշտության դեպքում պատրաստ են աջակցություն ցուցաբերել:

 Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ ԿԳ նախարարության տեսչական ստուգումները մարզի 48 կրթական հաստատություններում շարունակվում են: Ա. Նալբանդյանը նշեց, որ  այն դպրոցներում, որտեղ թերությունները կկրկնվեն, խիստ մոտեցում կցուցաբերվի:

Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը նշեց, որ պետբյուջեի միջոցներով ներկայում քաղաքաշինական երեք ծրագիր է իրականացվում՝ շարունակվում է Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի հիմնանորոգումը,  նախատեսվում է նաև հիմնանորոգել Ճոճկանի մշակույթի տունը և կառուցել Մեծ Պարնիի մանկապարտեզը: Մրցույթները հայտարարված են:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի տեղեկացմամբ՝ մարզի մի շարք համայնքներում գարնանացանի աշխատանքներ են իրականացվում:  Նա հայտնեց, որ ընթացքի մեջ են պետական  աջակցությամբ մարզի համայնքներին տրված դիզվառելիքի, պարարտանյութի բաշխումը:

Մարզպետը հանձնարարեց շրջաբերականներ ուղարկել մարզի համայնքների ղեկավարներին, առողջապահական և կրթական հիմնարկներին՝ առաջիկայում շաբաթօրյակներ իրականացնելու վերաբերյալ: Շաբաթօրյակ կկազմակերպվի նաև մարզպետարանի աշխատակազմի մասնակցությամբ:

Մարզպետարանի մյուս ստորաբաժանումների պետերը ևս տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-20 16:55:04