Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու զարգացման հիմնադրամին կից ստեղծվեց «Լոռի ագրոտուր» ասոցիացիա

01.04.2016

Ապրիլի 1-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Լոռի» տուրիզմի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Նալբանդյանը:

Օրակարգի առաջին հարցը, որը վերաբերում էր Լոռու զարգացման հիմնադրամին կից «Լոռի ագրոտուր» ասոցիացիայի ստեղծմանը, ներկայացրեց Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Նա նշեց, որ ասոցիացիայի ստեղծման նպատակը Լոռի-ՊԱԿԱ համագործակցության շրջանակներում զբոսաշրջության զարգացման նպատակով այլընտրանքային ճյուղի՝ ագրոտուրիզմի խթանմանը միտված ծրագրերի իրականացման անհրաժեշտությունն է:

-«Լոռի ագրոտուրի» ստեղծումը նաև տեղական ֆերմերային տնտեսությունների զարգացման գրավականն է լինելու,-ասաց Հ. Մկրտչյանը՝ նշելով, որ ագրոտուրիզմի զարգացման նպատակով նշված համագործակցության շրջանակներում մի շարք գործնական քայլեր են իրականացվել. կատարվել են լուրջ ուսումնասիրություններ, ընտրվել են ֆերմերային տնտեսություններ, կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, իրականացվել են պրակտիկ աշխատանքներ:

Համոզմունք հայտնելով, որ մարզը լուրջ հնարավորություններ կունենա զարգացնելու զբոսաշրջության այս ճյուղը, Հ. Մկրտչյանը ներկայացրեց «Լոռի ագրոտուրի» ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները:  Ասոցիացիան կլինի  հիմնադրամին կից գործող մի կառույց, որը կմիավորի թվով 12 ֆերմերային տնտեսություններ:

Առաջարկություն հնչեց ասոցիացիայի նախագահ ընտրել Գագիկ Ամիրյանին, ինչն էլ ընդունվեց միաձայն:

-Մեր ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ ագրոտուրիզմի զարգացմանն ուղղված զգալի աշխատանքներ են իրականացվել, և նաև ֆրանսիացի փորձագետների համոզմունքն է, որ ագրոտուրիզմը մարզում զարգացնելու լուրջ հեռանկարներ կան: Ճիշտ աշխատանքի դեպքում, համոզված եմ, ֆրանսիական հաջողված փորձը կարող ենք տեղայնացնել և հաջողություններ գրանցել, իսկ ասոցիացիայի անդամ տնտեսությունների թիվը, հուսով եմ, առաջիկայում կավելանա,- ասաց Ա. Նալբանդյանը՝ համոզմունք հայտնելով, որ ասոցիացիան ակտիվորեն կգործի:

«Լոռի» տուրիզմի զարգացման հիմնադրամի հաշվետվությունը ներկայացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն, «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային գրասենյակի տնօրեն Քրիստինե Երիցյանը: Մարզի ղեկավարի կարծիքով հաշվետվության ներկայացման նպատակը թափանցիկ և տեսանելի աշխատաոճն է, և այսուհետ ևս տնօրենը մշտապես հանդես կգա ֆինանսական հաշվետվությամբ:

Ք.Երիցյանը ներկայացրեց նաև գրասենյակի կողմից Լոռու մարզ-ՊԱԿԱ համագործակցությամբ այս տարի իրականացվելիք աշխատանքները:  

Նա նշեց, որ մշակութային և կրոնական զբոսաշրջությունից զատ, աշխատանքներ են իրականացվում Դեբեդ գետի վրա ռաֆտինգ սպորտաձևի զարգացման և Օձուն ու Արդվի համայնքներում զբոսաշրջիկների համար թռչունների դիտման ծրագիր իրականացնելու ուղղությամբ: Ռաֆտինգը զարգացնելու համար, ինչպես նշեց տնօրենը, նախ և առաջ անհրաժեշտ է Դեբեդի շուրջ 13 կմ հատվածում մաքրման աշխատանքներ իրականացնել: «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային կենտրոնը Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ արդեն ձեռնամուխ է եղել այդ աշխատանքներին: Ինչ վերաբերում է թռչունների դիտման ծրագրին, ապա Ք. Երիցյանի տեղեկացմամբ, օրեր անց ֆրանսիացի մասնագետներ կժամանեն մարզ, և այդ ուղղությամբ ևս աշխատանքներ կիրականացվեն:

Ամփոփելով նիստը՝ մարզպետը կարևորեց մարզի տնտեսության զարգացմանը միտված բազմաբնույթ, հատկապես միջազգային կազմակերպությունների ներդրումային ծրագրերի իրականացումը:

-Նախորդ տարի Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ 43 միջազգային կառույցներ՝ կազմակերպություններ և հիմնադրամներ ավելի քան 5 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են իրականացրել: Մենք ջանքեր պետք է ներդնենք, որպեզի ներդրումներն ավելանան՝ ի նպաստ մեր մարզի զարգացման, -ասաց Ա. Նալբանդյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59