Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային հանձնաժողովը հաստատեց առաջին ծրագիրը

29.03.2016

1941-1945թթ. Հայրենական պատերազմում իրենց հայրենասիրական պարտքը կատարեցին հարյուրավոր մեծպարնեցիներ, որոնցից 239-ը նահատակվեցին հանուն Հայրենիքի փրկության: Երախտապարտ հայրենակիցները 45 տարի առաջ գյուղի բարձունքներից մեկի վրա զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան կանգնեցրին: Երկրաշարժի հետևանքները կրած հուշահամալիրը բավականին քայքայվել և նորոգման կարիք ուներ: Տեղաբնակ և համայնքից դուրս բնակվող մեծպարնեցիների հանգանակությամբ և համայնքապետարանի միջոցներով (ընդհանուր առմամբ՝ 12 մլն 300 հազար դրամ)  2014 թվականի աշնանը սկսվեց հուշահամալիրի վերանորոգումը, որն ավարտվեց Մեծ հայրենականի 70-ամյակի նախօրեին: Ցավոք, միջոցները բավարար չէին բարեկարգելու նաև հուշարձանի շրջակայքը:

ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի որոշմամբ, 2016 թվականին ՀՀ մարզերում, տևական ընդմիջումից հետո, կրկին մեկնարկեց պետբյուջեից ֆինանսավորվող վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի իրականացումը: Նպատակը գործազուրկ, կարիքավոր  անձանց գոնե  ժամանակավոր զբաղվածության ապահովումն է: Լոռու մարզում նախատեսված է ֆինանսավորել նմանատիպ 4 ծրագիր:

 Մարտի 29-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը, որի քննարկմանն էր դրված Սպիտակի տարածաշրջանի Մեծ Պարնի համայնքի կողմից ներկայացված Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակի հուշարձանի տարածքի բարեկարգման ծրագիրը: Հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի ներածական խոսքից հետո ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման իրականացմանն ուղղված միջոցառումների մասին հակիրճ տեղեկատվություն տվեցին մարզային հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանն ու հանձնաժողովի նախագահի տեղակալ Արա Առաքելյանը:

Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը հիմնավորված հաշվարկներով ներկայացրեց ՀՀ կառավարության որոշման չափորոշիչներով կազմված 1.5 մլն դրամ արժողությամբ ծրագիրը: Ներկայացուցչական հանձնաժովի անդամները քննարկումից  հետո միաձայն հավանություն տվեցին ներկայացված ծրագրին: Ըստ հեղինակների, հուշահամալիրի բարեկարգումը կսկսվի ապրիլի սկզբներից և ավարտին կհասցվի հաղթանակի տոնակատարության նախօրեին: Ա.Դարբինյանը հանձնաժողովի  անդամներին հորդորեց մնացյալ ծրագրերի քննարկումների ժամանակ նույնպես գերապատվություն տալ համայնքների համար կարևոր, խիստ հրատապ ծրագրային առաջարկներին:

Հանձնաժողովի նիստում քննարկվեցին նաև օրախնդիր այլ հարցեր՝ կապված կառավարության որոշման բարեհաջող իրականացման հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59