Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուրբ Հարության տոնը՝ Գուգարաց թեմում. Պատարագին ներկա էր նաև Լոռու մարզպետը
29.03.2016
Այս տարի Սուրբ Հարության տոնը նշվեց մարտի 27-ին: Թեմի բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագներին ներկա էին տեղի ավագանու անդամներ, եկեղեցիների խաչքավորներն իրենց ընտանիքներով, ուխտավորներ, հավատավոր ժողովուրդը: Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագիչն էր թեմակալ առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Սրբազան հայրը նախ փոխանցեց հայոց հայրապետի զատկական պատգամն, ապա իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին: Պատարագին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, պաշտոնատար այլ անձինք, եկեղեցու տարվա խաչքավոր Էդմոն Էվոյանը: Թե՛ Վանաձոր քաղաքում, և թե՛ մյուս քաղաքներում ու գյուղերում խաչքավորների, բարերարների նվիրատվությամբ հավատավոր ժողովրդին բաժանվեցին կարմիր ներկված հավկիթներ: Սուրբ Հարության տոնը, ընդունված կարգի համաձայն, նշվելու է 40 օր` մինչև Տիրոջ համբարձումը: