Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական խորհրդակցություն՝ մարզի առողջապահական ընկերությունների տնօրենների մասնակցությամբ

24.03.2016

Մարտի 23-ին Լոռու մարզպետարանի դահլիճում մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի, համապատասխան մասնագետների, մարզի առողջապահական ընկերությունների տնօրենների մասնակցությամբ անցկացվեց գործակարգավարական խորհրդակցություն, որը  վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Խորհրդակցության հրավիրման առիթը համակարգում առկա մի շարք խնդիրների քննարկումն էր:

Օրակարգի առաջին հարցը օրեր առաջ Շնող համայնքում գրանցված «Լեյշմանիոզ» հիվանդության դեպքի քննարկումն էր, որի վերաբերյալ համապատասխան վերլուծություններ ներկայացրին  «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ-ի տնօրեն, Լոռու մարզի գլխավոր վարակաբան Ռոբերտ Չիլինգարյանը և Լոռու մարզի գլխավոր մանկաբույժ Ռուզաննա  Պողոսյանը:

Դեպքի վերաբերյալ իր նկատառումները հայտնելով՝ մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը նշեց, որ մասնագիտական ոչ պատշաճ վերլուծությունների իրականացումը երբեմն հանգեցնում է անցանկալի արդյունքների:

-Թերությունները և բացթողումները գրեթե ընդհանուր են բոլոր բուժհաստատությունների համար, ուստի յուրաքանչյուր դեպքի առիթով իրականացվող վերլուծությունից պետք է համապատասխան հետևություններ անեն բոլորը,- ասաց վարչության պետը:

Խնդրի վերաբերյալ իր դիտարկումները հայտնեց մարզի ղեկավարը.

-Ցանկացած խնդրահարույց և անցանկալի դեպք մեր կողմից լուրջ քննարկման առարկա է դառնալու: Ինձ առավելապես անհանգստացնում է բուժաշխատողների շրջանում նկատվող անտարբերությունը ոչ միայն հիվանդների, այլև սեփական մասնագիտական հմտություններն ու որակը բարձրացնելու նկատմամբ, ինչը ես անընդունելի եմ համարում,-ասաց մարզպետը և նշեց, որ անձամբ հետևողական է լինելու համակարգում առկա ցանկացած խնդրի նկատմամբ: Նա նշեց նաև, որ մարզի 113 համայնքներին ուղարկվել են շրջաբերականներ «Լեյշմանիոզ» հիվանդության տարածումը կանխելու և համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով:

 Առողջապահական ընկերություններում իրականացված մշտադիտարկումների արդյունքները ներկայացրեց ՀՀ Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Մելանյա Սարուխանյանը, իսկ ֆինանսական վերլուծությունը՝ նախարարության Պետական առողջապահական գործակալության Լոռու մարզային կենտրոնի պետ Սարգիս Ամիրյանը:

Նրա տեղեկացմամբ, անհանգստացնող է մարզի առողջապահական հիմնարկների կրեդիտորական պարտքերի ավելացումը, որոնք, ըստ նրա, վերջին մեկ ամսում բավականին աճել են: Այսօվա դրությամբ  կրեդիտորական պարտքը կազմում է 71,8 մլն դրամ, որն իրապես անհանգստացնող  է: Անդրադառնալով վճարովի ծառայություններին` գործակալության պետը նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Վանաձորի բժշկական կենտրոնում իրավիճակը գրեթե նույնն է, մինչդեռ Ալավերդու, Սպիտակի, Ստեփանավանի բժշկական կենտրոններում վճարովի ծառայությունների աճ է արձանագրվել:  Հարցի առնչությամբ իր մտահոգությունները հայտնեց նաև մարզպետը:

 ՀՀ առողջապահության նախարարի հրամանով պարբերաբար իրականացվող մշտադիտարկման արդյունքները ներկայացնելով՝ Ս. Ամիրյանը նշեց, որ լուրջ թերացումներ չեն արձանագրվել: Բուժհաստատությունների տնօրեններին նա հորդորեց համապատասխան հետևություններ անել՝ թերությունները հետագայում չկրկնելու նպատակով:

Ըստ սպասարկման տարածքների, բնակչության շրջանում 2016թ. սքրինինգային  հետազոտությունների տվյալները՝ պլան-կատարողականները ներկայացնելով՝ Մելանյա Սարուխանյանը նշեց, որ որոշ բուժհիմնարկներում արձանագրվել են թերացումներ: Այս խնդրին անդրադառնալով՝ Ս. Լամբարյանը նշեց, որ մարզում կան բուժհաստատություններ, որոնք սքրինինգային հետազոտություններ, ըստ ժամանակացույցի, չեն իրականացնում և բավականին ետ են պլան- կատարողականներով:

-Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվող այս ծրագրի իրականացման համար լուրջ միջոցներ են ներդրվել՝ ազգաբնակչության առողջական վիճակի ուսումնասիրության, բարելավման և պահպանության նպատակով: Ժամանակին այն չիրականացնելու որևէ բարոյական իրավունք դուք չունեք: Եռամսյակային ուսումնասիրություններ կկատրվեն և այն բուժհաստատությունները, որոնք ժամանակացույցից ետ կմնան, կպատժվեն,-ասաց վարչության պետը:

Իմունոկանխարգելման գործընթացի վերլուծությունը, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց պատվաստումների ընթացքը ներկայացրեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը:

Քննարկվեցին ոլորտին առնչվող օրախնդիր այլ հարցեր ևս, ներկայացվեցին առաջարկություններ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59