Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
14.03.2016
Մարտի 14-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Առաջինը լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի տեղեկատվությունը նախորդ շաբաթվա ընթացքում մարզի տարածքում գրանցված 25 արտակարգ դեպքերի վերաբերյալ, որոնցից 20-ը հրդեհի դեպքեր են եղել: Նրա տեղեկացմամբ, փրկարարական ծառայությունը օպերատիվ կարգով արձագանքել է ահազանգերին: Ա. Նալբանդյանը նշված ցուցանիշը մտահոգիչ համարելով՝ մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությանը հանձնարարեց շրջաբերականներ ուղարկել համայնքների ղեկավարներին՝ անտառային հրդեհների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ իրականացանելու և զգոնություն ցուցաբերելու պահանջով:
Ապա, մարզպետն անդրադարձավ մարտի 11-ին ՀՀ վարչապետի և Տարածքային կառավարման և զարգացման նախարարի մոտ անցկացված խորհրդակցությունների ընթացքում քննարկված հարցերին՝ տալով համապատասխան հանձնարարականներ:
Ա. Նալբանդյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ անցկացված խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել գազի, էլեկտրաէներգիայի և նվազագույն աշխատավարձերի բարձրացման հետ կապված համայնքներին պետբյուջեից տրվող ֆինանսական աջակցությունների խնդրին: Ընդհանուր առմամբ հանրապետության համայնքներին հատկացնելու համար պետբյուջեից տրամադրվել է 1 մլրդ 537 մլն 831 հազար դրամ: Գումարը կբաշխվի հիմնականում այն համայնքներին, որոնք ծառայություններ են մատուցում:
Երկրորդ կարևոր խնդիրը, որը քննարկվել է, առնչվել է դպրոցների սեյսմիկ խոցելիության բարձրացման չափորոշիչներին: Ըստ այդմ, Ա. Նալբանդյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարեց վերանայել մարզում վերակառուցման ենթակա դպրոցների՝ տարիներ առաջ կազմված ցանկը:
2016թ.-ին համայնքներում իրականացվելիք հակահեղեղային միջոցառումների ընթացքի վերաբերյալ օրակարգի հաջորդ հարցին անդրադառնալով՝ մարզպետը Տի և ՀԳՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանին հանձնարարեց շրջաբերականներ ուղարկել համայնքներին՝ յուրաքանչյուր տարի իրականացվող հակահեղեղային պլանային աշխատանքները սկսելու նպատակով:
Անդրադառնալով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ անցկացված խորհրդակցության օրակարգային հարցերին՝ մարզպետը առավելապես կարևորեց համայնքների տնտեսական զարգացման նախաձեռնություններին ուղղված ծրագրերի վերաբերյալ քննարկումը: Նա նշեց, որ նախարարը ներկայացրել է մարզերում տարածքների տնտեսական զարգացման մոտեցումները, մասնավորապես՝ նախարարության գաղափարախոսությունը, որն ուղղված է լինելու մարզերում ոչ միայն ենթակառուցվածքների, այլև տարածքների տնտեսական զարգացմանը: Հիմնական թիրախը լինելու է մարզերում տնտեսական ակտիվության ապահովումը: Շեշտադրումը լինելու է մարզերում գործարարության զարգացման վրա, ինչը կնպաստի աշխատատեղերի, ինչպես նաև ֆինանսապես կայուն, մրցունակ համայնքների ստեղծմանը: Ելնելով սրանից՝ մարզպետը Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանին հանձնարարեց առավել սերտորեն աշխատել տնտեսվարողների հետ:
-Մշտապես պետք է գործարարի կողքին լինենք և աջակցենք հատկապես երկարաժամկետ ծրագրերին: Ցանկացած համայնք, ունենալով տնտեսական զարգացման ռեալ ծրագիր, ինքը պետք է խրախուսի ցանկացած ներդրում: Այս առումով մենք լուրջ անելիքներ ունենք,-ասաց Ա. Նալբանդյանը:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները մարտի 12-ի դրությամբ: Նրա տեղեկացմամբ՝ սեփական եկամուտների պլանի կատարողականը կազմել է 24,8 տոկոս, հողի հարկինը՝ 18,8 և գույքահարկինը՝ 31,1 տոկոս: Փոխմարզպետներին և համապատասխան վարչությունների պետերին Ա. Նալբանդյանը հանձնարարեց եռամսյակի ավարտին առավել հետևողական աշխատանքներ իրականացնել հավաքագրման տեմպերը չթուլացնելու նապատակով:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ մարզպետի հանձնարարականով դպրոցականների կրթամակարդակը ստուգելու նպատակով վարչության կողմից ստուգողականներ են տրվում մարզի դպրոցներում, կատարվում են դասալսումներ, որոնց արդյունքները յուրաքանչյուր եռամսյակ կքննարկվեն մարզպետի մոտ:
-Այս նախաձեռնությունը դպրոցներում կրթամակարդակը բարձրացնելու նպատակ է հետապնդում,- ասաց Ա. Նալբանդյանը:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի տեղեկացմամբ՝ համայնքներում սկսվել են գարնանացանի իրականացման աշխատանքները. ցանքս է կատարվել արդեն 83 հեկտարում: Նա հայտնեց, որ ընթացքի մեջ են պետական աջակցությամբ մարզի համայնքներին տրված դիզվառելիքի, պարարտանյութի գումարների հավաքագրումը և դրանց բաշխումը: Մարզպետը հանձնարարեց դիզվառելիքն ու պարարտանյութը նախ և առաջ բաշխել այն համայնքներում, որտեղ գումարներն ամբողջությամբ հավաքագրված են:
Մարզպետարանի մյուս ստորաբաժանումների պետերը ևս տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների մասի