Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համակարգչային նորաստեղծ դասարան՝ Վանաձորի խնամքի կենտրոնում
12.03.2016
«Քրոնիմետ» ընկերությունը դեռ 2 տարի առաջ վերանորոգման աշխատանքներ է իրականացրել Վանաձորի խնամքի կենտրոնում: Սա կազմակերպության միակ բարեգործությունը չէ մարզում: Օրերս «Քրոնիմետը» հանդես եկավ հերթական նախաձեռնությամբ՝ համակարգչային դասարան հիմնելով Վանաձորի խնամքի կենտրոնում: Կազմակերպությունը 15 համակարգիչ և կահույք է տրամադրել համակարգչային կենտրոնի համար:
Այստեղ արդեն հասցրել են Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետների միջոցով համակարգչային դասընթացներ կազմակերպել դպրոցականների համար: Դպրոցի սաներն այնքան են հմտացել, որ նրանց մասնակցությամբ պատրաստվել է խնամքի կենտրոնի պաշտոնական կայքէջը: Դասընթացի մասնակիցները մարտի 12-ին ստացան վկայագրեր: Իսկ ահա ծրագրավորման դասընթացներին մասնակցած երեխաները առաջիկայում Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից կընդգրկվեն տարաբնույթ նախաձեռնություններում: Նրանց շնորհավորելու էր եկել նաև Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը, ով նախաձեռնությունը ողջունեց նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից:
Սաները հյուրերին ճանապարհեցին խնամքի կենտրոնի հիմնի կատարումով՝ հուսալով, որ նոր ծրագրերը չեն ուշանա: