Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառումներ՝ նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակին և պատանի երկրապահների երդման արարողությանը

09.03.2016

Մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 57 տարեկան: Այդ օրը Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևոր դասը կատարեց պատանի երկրապահների օրհնության կարգ՝ հայրենիքի ամրության, խաղաղության և սպարապետ Վազգեն Սարգսյանի հոգու հանգստության համար աղոթքով: Քարոզչական կենտրոնի տնօրեն Վահան քահանա Ազարյանը խոսք ուղղեց պատանի երկրապահներին, սպայական և զինվորական կազմին: «1991-1994 թվականներին կերտած հաղթանակի օրերի պատմության շարունակողը դուք եք, սիրելի ներկա պատանի երկրապահներ և զինվորներ: Մեզնից յուրաքանչյուրն ուխտն արել իր երկրի հանդեպ, իր հայրերից ժառանագած հող ու ջրի հանդեպ, այդ ուխտին զորություն է տվել մեր ավագ ընկերների թափած արյունը: Այսօր շատ կարևոր օր է. դուք, պատանի երկրապահներ, ուխտում եք ու պետք է գիտակցեք, որ հայրենիքը թանկ է յուրաքանչյուրիս համար, քանի որ շատ արյուն է թափվել: Եվ այդ հաղթանակում մեծ դեր ունի ԵԿՄ յուրաքանչյուր անդամ, ազատամարտիկ: Սպարապետի ծննդյան օրն էլ պետք է իմաստավորված լինի յուրաքանչյուրիդ համար»,- ասաց նա:
Չնայած սպարապետի ֆիզիկական բացակայությանը՝ վանաձորցիները զորավարի արձանի մոտ միասին շնորհավորեցին նրա ծննդյան օրը: Տարելիցի տոնակատարությանը ներկա էին մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նշեց. «Այսօրը մեզ համար երկու կարևոր նշանակություն ունի. առաջինը՝ սպարապետի ծննդյան օրն է, և երկրորդը՝ տեղի ունեցավ պատանի երկրապահների օրհնություն: Եվ մենք տեսանք, որ պատանի երկրապահները երդվեցին լինել պահպանողը և շարունակողը մեր սպարապետի գործերի»: ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրգորյանի ուղերձը ներկաներին փոխանցեց Վանաձորի պաշտպանական մարզատեխնիկական ընկերության նախագահ, ԵԿՄ Վանաձորի բաժանմունքի խորհրդի անդամ Խաչիկ Բալայանը: Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանն իր խոսքում կոչ արեց հիշել սպարապետի յուրաքանչյուր գործը: «Նրա ոգին արթուն է, միշտ առաջնորդելու է մեզ, քանի դեռ մեր ազգը կա, հարատևում է հայոց երրորդ հանրապետությունը, և ուրեմն մեզ հետ է նաև Վազգեն Սարգսյանը»,- ասաց Ս. Դարբինյանը: Ողջույնի խոսք ասաց նաև ԵԿՄ մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը: Օրը հատկանշական էր նաև նրանով, որ մարտի 5-ը նաև Երկրապահ կամավորականների օրհնության օրն էր: Հանրապետության բոլոր մարզկենտրոններում և մայրաքաղաքում կազմակերպվել էր պատանի երկրապահների երդման արարողություն: Սպարապետի արձանի առջև Լոռու մարզի պատանի երկրապահները հանդիսավոր երդվեցին սիրել հայրենիքը և հայոց բանակը և ապրել հային վայել արժանապատվությամբ: Ավանդույթը չխախտելով՝ այս տարի նույնպես ասմունքով և համերգային փոքրիկ ծրագրով հանդես եկան Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցի աշակերտները: Միջոցառման ավարտին սպարապետի արձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին Լոռու մարզային, Վանաձորի քաղաքային իշխանությունները, ԵԿՄ ներկայացուցիչները և մյուս ներկաները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59