Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակի քաղաքապետի հաշվետվությունը մարզպետը դրական գնահատեց

02.03.2016

 Սպիտակի համայնքի ավագանու այս տարվա առաջին ավագանու նիստի օրակարգային առաջին հարցերը վերաբերում էին համայնքի զարգացման 2013-2016 թ.թ զարգացման ծրագրի և բյուջեի կատարողականի հաշվետվությանը, որը ներկայացրեց քաղաքապետ Գագիկ Սահակյանը: Քաղաքապետի հաշվետվությունը լսելու էին եկել նաև մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, համայնքի ակտիվ բնակչությունը, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ:
Քաղաքապետը նախ և առաջ ներկայացրեց նշված ժամանակահատվածում համայնքում անցկացված մշակութային միջոցառումները, սպորտային հաջողությունները: Ամենամեծ ձեռքբերումը նա համարեց ՀՀ նախագահի հովանավորությամբ 2014թ. մեկնարկած և նախորդ տարի շահագործման հանձնված մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքի կառուցումը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 220 մլն դրամ:
-Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի որոշմամբ 2016թ. սամբոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունն անցկացվելու է Սպիտակ քաղաքում,- ասաց քաղաքապետը:
Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված սոցիալական ծրագրերը՝ Գ. Սահակյանն առավելապես կարևորեց «Կամրջակ», «Առաքելություն Հայաստան», «Պակս կինդեր հելփ», «Հույս Հայաստանին» կազմակերպությունների հետ համագործակցությունը: 2015թ. համայնքային բյուջեից սոցիալապես անապահով 70 անձանց հատկացվել է 2 մլն. 839 հազար դրամ: Քաղաքապետի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում մի շարք կազմակերպությունների հետ համագործակցությամբ բացվել են նաև աշխատատեղեր: Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտին՝ Գ. Սահակյանը նշեց, որ 2015թ. Այգեստանի փողոցի ճանապարհի փլուզումը կանխելու նպատակով պետբյուջեի միջոցներով կառուցվել է 10 մ երկարությամբ հենապատ (5 մլն դրամ), ամբողջությամբ ասֆալտապատվել է Տեր-Սիմոնյան փողոցը (62 մլն դրամ), իրականացվել են փողոցների փոսային նորոգումներ (1,1 մլն դրամ), գրունտային ճանապարհների վերանորոգման աշխատանքներ: 2016թ. պետական բյուջեի միջոցներով կիրականացվեն Առափնյա փողոցի ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագրի արժեքըղ կկազմի 40 մլն դրամ:
-Չնայած կատարված աշխատանքներին՝ դեռևս բարվոք չէ ներհամայնքային ճանապարհների վիճակը: Երկրաշարժից հետո քաղաքի ներհամայնքային փողոցներով և համայնքի վարչական տարածքով անցնող Մ-3 մայրուղում կատարվել են միայն ընթացիկ նորոգումներ, հիմնանորոգում չի կատարվել, ճանապարհների մաշվածությունը բարձր է: Վերանորոգման աշխատանքներն արդյունավետ չեն: Խնդրի կարգավորման նպատակով դիմել ենք Տրանսպորտի և կապի նախարարությանը ճանապարհի հիմնանորոգումը պետական ծրագրերում ընդգրկելու համար,- ասաց Գ. Սահակյանը՝ մարզպետին խնդրելով միջնորդել այս հարցում:
Նախորդ տարի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի «Հայ ֆրանսիական միջմասնագիտական ցանց» հկ-ի հետ համագործակցությամբ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում ապամոնտաժվել են Ս. Ավետիսյան և Ալ. Մանուկյան փողոցների լուսավորության հին համակարգերը և կառուցվել է նոր արդիական համակարգ: Տեղադրվել է 60 լուսադիոդային լուսատու: Նախորդ տարվա դեկտեմբերին լուսավորության համակարգեր են տեղադրվել նաև Ս. Ավետիսյան հրապարակում: Տեղադրվել է լուսավորության 25 հենասյուն և 10 նստարան: Չնայած իրականացված աշխատանքներին՝ դեռևս չլուծված է մնում «Վարպետաց» թաղամասի լուսավորության համակարգի շահագործման խնդիրը:
2015թ. Քըրք Քըրքորյան փողոցում կառուցվել է 420 գծմ նոր կոյուղագիծ: Համայնքային միջոցներից այս նպատակով ծախսվել է 6,9 մլն դրամ:
-2016թ. լուծում կստանա երկրաշարժի հետևանքով բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած մեկ սենյականոցի հավակնորդ 50 ընտանիքների բնակապահովման խնդիրը՝ դրամական փոխհատուցման միջոցով, մինչդեռ անհատական բնակարաններ կորցրած անձանց խնդիրը դեռևս օրակարգում է: Առայժմ վերջիններիս համար պետական աջակցությամբ ծրագրեր չեն իրականացվում,-ասաց քաղաքապետը:
Նա խոսեց նաև կոմունալ սպասարկման ոլորտից՝ նշելով, որ էապես բարելավել են աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները:
Գ.Սարգսյանը ներկայացրեց նաև բյուջեի կատարողականն ըստ հարկատեսակների: Նրա տեղեկացմամբ, 2015թ. սեփական եկամուտների կատարողականը կազմել է 101,63 տոկոս, 2014թ. տարվա համեմատությամբ հավաքագրումն աճել է 10 մլն 637,8 դրամով: Հողի հարկի կատարողականը կազմել է 103,7 տոկոս, շենք-շինությունների գույքահարկինը՝ 85,4 տոկոս, փոխադրամիջոցների գույքահարկի կատարողականը՝ 118,2 տոկոս:
Ամփոփելով հաշվետվությունը՝ մարզպետը նշեց.
-Քաղաքում դեռևս բավականին անելիքներ, չհաղթահարված խնդիրներ կան, որոնք մեծ միջոցների առկայության դեպքում միայն կարող են լուծում ստանալ: Աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ 2016թ. ևս մարտահրավերների տարի է լինելու ինչպես մեր երկրի, այնպես էլ՝ մարզի համար: Այս պարագայում կարևոր է համախմբվածությունը, տքնաջան աշխատանքը: Միջազգային կառույցների հետ համագործակցելով՝ պետք է փորձենք առավել շատ ներդրումային ծրագրեր իրականացնել,-ասաց նա: Անդրադառնալով երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած, ծրագրի շահառու 50 ընտանիքների բնակապահովման խնդրին՝ վստահեցրեց, որ այս տարի նրանց հարցը վերջնականապես լուծում կստանա:
Մարզի ղեկավարը համայնքի ղեկավարի ներկայացրած հաշվետվությունը դրական գնահատեց՝ կարևորելով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, իրականացված ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59