Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվություն ներկայացրեց Գոգարանի համայնքապետը

01.03.2016

Գոգարան գյուղը նախկին Սպիտակի տարածաշրջանի ամենահին գյուղերից է, հիմնադրվել է 1727-1728թթ.: Սակայն ըստ պատմամշակութային հուշարձանների, գյուղի տարածքում առկա դամբարանադաշտերի, IV-ից VI-րդ դարի թվագրում ունեցող եկեղեցու գյուղն ավելի հին է: Գյուղը գտնվում է Բազումի լեռների հարավային ստորոտում, ծովի մակերևույթից բարձր է 1863մ-1950մ:
Ձմեռը խստաշունչ է, իսկ ամռանը՝ զով: Որպես լեռնային գյուղ՝ աճում են գրեթե բոլոր տեսակի հացաբույսերը (ցորեն, գարի, աշորա և այլն): Բանջարաբոստանային կուլտուրաներից լավ աճ են ապահովում կարտոֆիլը, կաղամբը, բազուկը, գազարը, սխտորը, սոխը և այլն: Գյուղն ունի մոտ 626 հա վարելահող:

Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 154 աշակերտ: Գյուղը գազաֆիկացվել է 2007թ: 2008թ. պետական պյուջեի գումարներով համայնքը մայրուղուն միացնող ճանապարհն ասֆալտապատվել է:
Հակիրճ այսպիսին է Գոգարան գյուղի բնութագիրը, որի համայնքի ղեկավար Արթուր Գալոյանի 2015թ. աշխատանքային հաշվետվությանը ներկա եղան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Վանիկ Ասատրյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը:
Մինչ այդ մարզպետն ու ուղեկիցներն այցելեցին պետբյուջեի միջոցներով կառուցված, հիանալի հարմարություններով հանդիսությունների սրահը, որը հոսանքավորումից, գազաֆիկացումից ու կահավորումից հետո կարող է ծառայել համայնքի ազգաբնակչության կարիքներին: Նորակառույցը լավ տպավորություն թողեց մարզպետի վրա, թերևս մեկ բացառությամբ. կառույցի արտաքին հարդարումը չի արվել միջոցների բացակայության պատճառով: Ըստ մարզի ղեկավարի, դա մեծ ծախսեր չի պահանջում, և կարելի է գտնել ֆինանսավորման միջոց հիանալի կառուցված շենքը լիարժեք դարձնելու համար:
Ապա հյուրերը այցելեցին դպրոց, որի նոր շենքը կառուցվել է 2002թ. «Կազա» հայ-շվեցարական մարդասիրական կազմակերպության կողմից: Ուրախալի է, որ այս տարի առաջին դասարան է հաճախում 18 աշակերտ: Հյուրերի անսպասելի այցից փոքրիկները փոքր-ինչ անակնկալի եկան, բայց մարզպետի մտերմիկ զրույցից հետո անկաշկանդ պատասխանեցին նրա հարցերին:
Հենց դպրոցի դահլիճում էլ գյուղապետարանի աշխատակազմի, բնակչության ներկայացուցիչների մասնակցությամբ Ա. Գալոյանը ներկայացրեց իր տարեկան հաշվետվությունը:
Համայնքի ղեկավարի զեկուցման գլխավոր թեման, իհարկե, սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներն էին: Ցավոք, այս հարցում համայնքը դեռևս շատ անելիքներ ունի: Թեև նախորդ տարվա համեմատությամբ տեսանելի առաջընթաց է եղել, սակայն եկամուտների հավաքագրման 85 % ցուցանիշով համայնքը Սպիտակի տարածաշրջանի 21 համայնքների թվում ետնապահ է: Թերակատարվել են և՛ գույքահարկի, և՛ հողի հարկի պարտավորությունները: 641 հա ընդհանուր վարելահողերից օգտագործվում է ընդամենը 50-60 %-ը:
Համայնքապետը գոհունակություն արտահայտեց պետության կողմից մատչելի գներով տրամադրվող հանքային պարարտանյութերի և դիզվառելիքի վերաբերյալ. հատկացնում են, որքան հայտ են ներկայացնում:
Որպես հեռանկարային ճյուղ՝ Ա. Գալոյանը մեծ հույսեր է կապում անասնապահության զարգացման հետ: Ներկայում գյուղում բուծվում է 750 գլուխ մանր, մոտ 600 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որը թեև բավականին զիջում է խորհրդային ժամանակվա ցուցանիշին, բայց ավելանալու միտում ունի: Շվեցարական «Կազա» հիմնադրամի միջոցներով գյուղում կառուցվել է նոր անասնագոմ, որի հիման վրա կազմակերպվել է ոչխարաբուծական կոոպերատիվ, ձեռք է բերվել 200 գլուխ մանր եղջերավոր անասուն: Ֆերմայում կառուցվել է նաև բավականին կահավորված կաթի ընդունման կետ, որն առաջիկայում, սառնարանով ապահովվելու դեպքում, անգնահատելի դերակատարություն կունենա ոչ միայն Գոգարանի, այլև շրջակա գյուղերի կաթնարտադրության շահավետության բարձրացման հարցում:
Գյուղում դեռևս խնդիր է մարդկանց զբաղվածությունը, սեզոնի ընթացքում 250-270 մարդ ստիպված է մեկնել արտագնա աշխատանքի:
Խոսք գնաց նաև երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած ընտանիքների համար բնակարանների կառուցման գործընթացի ձախողման վերաբերյալ: Հաշվետվությանը ներկա բնակիչները նաև մարզպետի առջև հարց բարձրացրին մանկապարտեզ, կամ թեկուզ պարզունակ նախակրթարան ունենալու վերաբերյալ:
Գյուղապետի զեկուցումից հետո մարզպետը անկաշկանդ զրույցի բռնվեց հանդիպման մասնակիցներին հետ, պատասխանեց նրանց հուզող բազմապիսի հարցերին: Կարիքավոր բնակիչներին բնակարանով ապահովելու վերաբերյալ մարզպետն ասաց, որ Գոգարանում շահառու ճանաչված 11 ընտանիքի հատկացվել է բնակարանի գնման վկայագրեր:
Գյուղացիներին հուզում էր սեփական հողամասում կցակառույց, հացատուն կամ անասնագոմ կառուցելու դեպքում պարտադիր կարգով նախագծեր պատվիրելու պահանջը, որը, ըստ իրենց, մեծ գումարների հետ է կապված:
-Այս հարցում ձեզ հետ համամիտ չեմ,- առարկեց մարզպետը: Յուրաքանչյուր կառույցի տեխնիկական անվտանգության ապահովումը, հետագա անախորժություններից խուսափելը միայն օրինական ձևով ստացված մասնագիտական նախագծերով է երաշխավորվում: Ինչ մնում է նախագծերի պատվիրման բարձր գներին, ապա մարզպետարանը պատրաստ է ցանկացողներին տրամադրել տիպային անվճար նախագծեր,- ասաց նա, հավելելով, որ օրինականացված կառույցի սեփականության վկայական ունենալը կարևոր առավելություն է հետագայում գույքի օտարման, կամ վարկերի ձեռք բերման հարցում:
Մարզպետը պատասխանեց գոգարանցիներին հուզող շատ այլ հարցերի, կատարեց գրառումներ նրանց որոշ խնդիրներին, մասնավորապես խմելու և ոռոգման ջրագծերի բարելավմանն աջակցելու համար: Մարզի ղեկավարը դրական արտահայտվելով համայնքի ղեկավարի հավասարակշռված, ջանացավ գործունեության վերաբերյալ, բնակիչներին կոչ արեց լինել միասնական, սատար կանգնել համայնքի ղեկավարին, իսկ մարզպետարանը հնարավորինս համայնքին կաջակցի կենսական օրախնդիր հարցերի լուծման հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17