Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշվետվություններ ներկայացրին Մեծ Այրում և Ախթալա համայնքների ղեկավարները
01.03.2016
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի այցը Մեծ Այրում համայնք երկու նպատակ էր հետապնդում. ծանոթանալ տարեսկզբին շահագործման հանձնված նորակառույց համայնքային կենտրոնում կազմակերպվող աշխատանքներին և ներկա գտնվել համայնքի ղեկավար Սահակ Նազարյանի տարեկան հաշվետվությանը: Համայնքային կենտրոնը կառուցվել է պետբյուջեի միջոցներով իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում: Այստեղ է տեղակայված գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը և փոստը: Բարեկարգվել է նաև բակը, կառուցվել խաղահրապարակ: Մարզպետը փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի, գյուղապետի ուղեկցությամբ շրջեց կենտրոնում՝ գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքներից: Ապա համայնքի բնակիչների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ միասին լսեց համայնքի ղեկավարի հաշվետվությունը:
Գյուղապետը նշեց, որ 2015թ.-ը համայնքի համար բավականին արդյունավետ է եղել մի շարք կարևոր ծրագրերի իրականացման առումով: Ամենագլխավոր ձեռքբերումը, սակայն, ջրագծի կառուցումն էր, որին համայնքի բնակիչները երկար էին սպասել: Համայնքում արդեն երեք տարի է, ինչ մանկապարտեզ է գործում՝ իր հարկի տակ առնելով գյուղի նախադպրոցական տարիքի երեխաներին: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն այստեղ ևս «Սմարթ» կենտրոն է հիմնել: Մարզպետն այս առումով կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը գյուղական համայնքներում: Ներկայցնելով բյուջեի 2015թ. կատարողականը՝ Ս. Նազարյանը նշեց, որ սեփական եկամուտները կատարվել են 120,3 տոկոսով:
Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքների և ներկայացված հաշվետվության համար՝ Ա. Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ վերջին մի քանի տարիներին համայնքում սեփական եկամուտների կատարողականը գերազանցում է 100 տոկոսը, ինչը համայնքին ընձեռում է մի շարք ծրագրեր իրականացնելու հնարավորություն: Նա կարևորեց նաև համայնքում տիրող առողջ մթնոլորտը և համախմբվածությունը, ինչը ըստ մարզի ղեկավարի, նորանոր ձեռքբերումների գրավականն է:
Նույն օրը լսվեց նաև Ախթալա համայնքի ղեկավար Հայկազ Խաչիկյանի հաշվետվությունը: Նա նույնպես ներկայացրեց բյուջեի կատարողականը, հաշվետու տարում կյանքի կոչված ծրագրերը: Ըստ համայնքի ղեկավարի, սեփական եկամուտերի կատարողականը նախորդ տարի կազմել է 121 տոկոս, ինչը աննախադեպ ցուցանիշ է համայնքի համար: Նա վստահեցրեց, որ այս տարի ևս աշխատանքները շարունակվելու են ինտենսիվությամբ: