Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագրի երկրորդ փուլը
29.02.2016
Ավստրիական Կարմիր խաչի նախաձեռնած «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ Հարավային Կովկասում» ծրագրով 2012 թվականին Լուռու մարզում ևս մեկնարկեց քաղաքային և գյուղական համայնքների բնակչության խոցելիության նվազեցման գործառույթ: Դա ինքնանպատակ չէր և հիմնավորվում էր այն հանգամանքով, որ Հարավային Կովկասը կլիմայի փոփոխություններով, կործանարար երկրաշարժների և բնական աղետներին նկատմամբ հակվածությամբ հանդիսանում է աշխարհում ամենախոցելի տարածաշրջաններից մեկը: Այս առումով ավստրիական Կարմիր Խաչի նախաձեռնության ծրագիրը նպատակաուղղված է արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում աջակցել համայնքներին՝ օգտագործելու տեղական ռեսուրսներն ու գիտելիքները՝ աղետների ռիսկերի նվազեցման նպատակով:
Ծրագրի առաջին փուլում Լոռու մարզից ներառվել էին Վանաձոր, Ստեփանավան, Կողես, Կուրթան, Դարպաս և Վահագնի համայնքները: Լոռու մարզպետարանում տեղի ունեցած սեմինարն ամփոփեց «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ Հարավային Կովկասում» ծրագրի առաջին փուլի արդյունքները: Մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը, Հարավային Կովկասի ծրագրի ղեկավար Միքայել Գրաբները, Հայկական Կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը, ՀԿԽԸ-ում ծրագրի կոորդինատոր Նարեկ Խաչատրյանը, ՀԿԽԸ Լոռու մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Վլադիմիր Ղարաջյանը, ՀԿԽԸ Ստեփանավանի տարածքային կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Առաքելյանը,մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, ծրագրում ընդգրկված համայնքների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
Ամփոփելով ծրագրի առաջին փուլի արդյունքները՝ Էդմոն Ազարյանը գոհունակություն հայտնեց մարզի ղեկավարության, ներառված համայնքների աշխատակազմերի, մարզային փրկարարական վարչության փոխհամագործակցված, արդյունավետ աշխատանքի և ցուցաբերած լավ արդյունքի համար: Կարևոր արդյունքը համայնքներում խոցելիության և կարիքների գնահատումն ու աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունների մշակումն էր: Յուրաքանչյուր թիրախ համայնքում ստեղծվել են տարատեսակ արտակարգ իրավիճակներին արձագանքելու ունակ կամավորական թիմեր, որոնց տրամադրվել է փրկարարական գույք ու հանդերձանք: Փորձագետները լիահույս են, որ ծրագրի առաջին փուլում ընդգրկված համայնքների կամավորական խմբերը պատրաստ են արտակարգ իրավիճակների դեպքում առաջին անհետաձգելի օգնությունը ցուցաբերել տուժյալներին՝ մինչև մասնագիտական խմբերի ժամանումը:
Ծրագրի համակարգողները առանձնահատուկ կարևորում են հատկապես գյուղական համայնքների դպրոցների հետ աշխատանքը: Դա, այսպես ասած, «Անվտանգ ընտանիք» մոդուլի կիրառումն է, երբ սովորելով աղետներին դիմակայելու հմտությունները (օրինակ, ինչպես կահավորել և ամրացնել տան գույքը երկրաշարժի դեպքում չվնասվելու համար, տուժածներին առաջին օգնության ցուցաբերում և այլն), դպրոցականները, բնականաբար, ստացած գիտելիքները տանելու են ընտանիքներ:
Բացի ուսուցողական խնդիրներից, ծրագիրը ներառում է նաև համայնքներում մասնակցային եղանակով սոցիալական, տնտեսական ոչ մեծածավալ խնդիրների լուծում, մասնավորապես՝ ջրագծի կառուցում, աջակցություն համայնքի սանիտարական վիճակին, հանրային օբյեկտների վերանորոգում և այլն: Օրինակ, Վանաձոր քաղաքում բավականին օգտակար գործ կատարվեց ծրագրի միջոցներով ծերացած, քամիներից տապալվելու դեպքում վտանգ ներկայացնող ծառերի էտման ժամանակ: Խորհրդակցության ընթացքում նման օգտակար աշխատանքների մասին պատմեցին ծրագրում ընդգրկված համայնքների ներկայացուցիչները:
Ի դեպ, ծրագրի երկրորդ փուլում, որը մեկնարկել է 2015-ի տարեվերջին, ներառվել են մարզի ևս չորս գյուղական համայնքներ՝ Մարգահովիտ, Օձուն, Մեծ Պարնի, Սարչապետ:
Կարևորելով գործող ծրագիրը` Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը ներկաներին իրազեկեց, որ վարչությունը շահագրգիռ է հնարավորինս շատ, հատկապես տարածաշրջանային կենտրոններից հեռու գտնվող համայնքներում կազմակերպել փրկարարական աշխատանքների հենակետեր՝ վարչության կողմից ֆինանսավորվող անձնակազմով ու տեխնիկայով, պայմանով, որ տեղերում դրանք համալրվեն կամավորներով:
-Նման պրակտիկան տարածված է աշխարհի շատ առաջավոր երկրներում,-ասաց նա:
Գործընթացի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեցին նաև Վլադիմիր Ղարաջյանը, Արմեն Առաքելյանը, համայնքների ղեկավարներ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը ծրագրում ընդգրկված համայնքների ղեկավարներին կոչ արեց ամենայն լրջությամբ վերաբերվել գործին և իրենց օրինակով շահագրգռել նաև մյուս համայնքներին: