Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը հանդես եկավ մամլո ասուլիսով

26.02.2016

Փետրվարի 26-ին տեղի ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մամլո ասուլիսը տեղական ԶԼՄ-ների և հանրապետական լրատվամիջոցների մարզային լրագրողների մասնակցությամբ: Ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի վարչությունների, բաժինների պետերը:

Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը նշեց, որ 2015թ. կատարված աշխատանքների մասին ծավալուն հաշվետվությամբ հանդես կգա քիչ անց՝ Մարզորհրդի նիստի ընթացքում՝ լրագրողներին առաջարկելով անմիջապես անցնել հարցուպատասխանի՝ ընձեռելով ցանկացած բնագավառին առնչվող հարցեր հնչեցնելու հնարավորություն:

 Անահիտ Կարապետյան («Ֆորտունա» հեռուստաընկերություն)

-Պարոն մարզպետ, խնդրում եմ տեղեկացնել՝ այս տարի մարզում հրատապ ծրագրեր կիրականցվեն արդյո՞ք և եթե այո, ապա, որ ուղղություններով:

-Մարզերի համաչափ զարգացման ծրագրեր ՀՀ կառավարության կողմից մարզերում իրականացվում են յուրաքանչյուր տարի: Ինչ վերաբերում է կոնկրետ հրատապ ծրագրերին, ապա այս ուղղությամբ դեռևս քննարկումներ չեն եղել: Սակայն վստահ եմ, որ այդ նպատակով այս տարի ևս մարզին որոշակի միջոցներ կտրամադրվեն, որոնք կծախսվեն համայնքների՝ հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով:

Ի՞նչ ներդրումային ծրագրեր կիրականացվեն այս տարի: Ի՞նչ է արվում հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ:

-Ներդրումային ծրագրերը բազմաթիվ են: Հատկապես ճանապարհաշինության բնագավառում նախորդ տարի լուրջ ծրագրեր են իրականացվել, որոնք կշարունակվեն նաև այս տարի: Կշարունակվեն նաև միջազգային կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: Նախորդ տարի, օրինակ, Լոռու մարզում բազմաբնույթ, շատ կարևոր ներդրումային ծրագրեր են իրականացրել 43 կազմակերպություններ: Ուզում եմ հատկապես առանձնացնել «Տաշիր» հիմնադրամի զգալի ներդրումները, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի, «Դիակոնիա» հիմնադրամի և մի շարք այլ կազմակերպությունների կողմից իրականացված կարևորագույն ծրագրերը, որոնց մասին պարբերաբար տեղեկատվություն է ներկայացվել: Դրանք  շարունակություն կունենան նաև այս տարի: 

 Ինչ վերաբերում է  փոքր և միջին բիզնեսին, ապա այն զարգացնելու համար մենք ակտիվորեն համագործակցում ենք Էկոնոմիկայի նախարարության, ՓՄՁ ԶԱԿ-ի,  «Հայաստանի  երիտասարդ կանանց ասոցիացիայի», ինչպես նաև տարբեր միջազգային կառույցների հետ: Այս առումով կարևորում եմ  Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի հետ համագործակցությամբ իրականացվող զբոսաշրջության, ագրոտուրիզմի զարգացման ծրագրերը:

Ընդհանուր առմամբ վերջին տարիներին  փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ մարզում զգալի աշխուժություն է նկատվում, սական արդյունքները մեզ դեռևս չեն գոհացնում: Փոքր և միջին բիզնեսը մեր մարզում ընդհանուրի 25-30 տոկոսն է կազմում, փորձելու ենք այդ թիվը հասցնել 40-50 տոկոսի:  

Տաթևիկ Ղազարյան («Ասպարեզ» էլեկտրոնային թերթ)

 -Արդյունաբերության զարգացման նպատակով ի՞նչ ծրագրեր կիրականացվեն այս տարի:

- Մարզը հիմնականում արդյունաբերական է, ուստի  առավելաբար աշխարհաքաղաքական իրավիճակով, համաշխարհային շուկայում մետաղի գների կտրուկ անկմամբ պայմանավորված՝   նախորդ տարի լուրջ դժվարություններ ունեցանք, թեև,  եթե թվերով խոսենք, 2015թ. արդյունաբերության ոլորտում շուրջ 202 տոկոս աճ ենք արձանագրել: Սա հիմնականում պայմանավորված էր «Թեղուտի» գործարկմամբ: Նախորդ տարեվերջին մարզի արդյունաբերությունն արդեն իսկ  բացասական ազդեցություն կրեց  վերը նշված խնդիրների պատճառով: Ցավոք բացասական միտումը շարունակվում է: Այս տարին ևս լի է լինելու մարտահրավերներով:  Ցավով պետք է նշեմ, որ մարզի մի շարք խոշոր ձեռնարկություններում աշխատողների թվի կրճատումներ են եղել: Ես լիահույս եմ, որ այս տարվա երկրորդ կիսամյակից սկսած՝  իրավիճակը փոքր-ինչ կբարելավվի ու արդեն հաջորդ տարի կկարողանամ անդրադառնալ մարզում արձանագրված լուրջ հաջողություններին:

-Ինչ կտա մեզ համայնքների խոշորացումը:

-Ես ի սկզբանե կողմ եմ եղել խոշորացման ծրագրին: Եվրոպական զարգացած երկրներն արդեն մի քանի անգամ համայնքների խոշորացում են իրականացրել: Սա ինքնանպատակ քայլ չէ, այլ ենթադրում է ռեսուրսների կենտրոնացում և կառավարման արդյունավետ համակարգի ներդրում: Այս առումով պետք է ջանքեր գործադրենք, որ Թումանյան խոշորացված համայնքի փորձը օրինակելի լինի մյուս համայնքների համար: Նշեմ նաև, որ ՀՀ կառավարության և տարբեր միջազգային կառույցների աջակցությամբ այստեղ բազմաթիվ  զարգացման ծրագրեր կիրականացվեն:

Գոհար Մովսիսյան («Ասպարեզ» էլեկտրոնային թերթ)

-Ի՞նչ ճակատագիր է սպասվում Վանաձորի քիմգործարանին և Ջերմաէլեկտրակայանին:

-Քիմգործարանի վերաբերյալ ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, իսկ ինչ վերաբերվում է ՋԷԿ-ին, ապա պետք է նշեմ, որ բանակցություններ են ընթանում այն վերաբացելու նպատակով, ամենայն հավանականությամբ, լուրջ ներդրումներ կլինեն: Բանակցությունների ավարտից հետո Ձեզ տեղեկատվություն կտրամադրվի:

Գայանե Սարգսյան («Հետք» էլեկտրոնային թերթ)

-Նախորդ տարեվերջին ուժեղ քամու հետևանքների վերացման նպատակով ՀՀ կառավարությունը միջոցներ հատկացրեց բնակավայրերին: Համայնքների ղեկավարներն այն բաշխեցին տուժած ընտանիքներին: Սակայն շատ համայնքներում դժգոհություններ առաջացան՝ միջոցների ոչ արդարացի բաշխման պատճառաբանությամբ:

-Դեպքից անմիջապես հետո քամու պատճառած վնասների չափերը ճշտելու նպատակով  մարզային հանձնաժողով է ստեղծվել, որը շրջել է համայնքառհամայնք: Ավելի քան 350 մլն դրամի վնաս էր արձանագրվել: Ուսումնասիրություններ է իրականացրել նաև Քաղաքաշինության նախարարության տեսչությունը: Արդյունքում մարզին հատկացվել է 250 մլն դրամ, որը, ըստ կրած վնասի չափերի, համապատասխանաբար բաշխվել է համայնքներին: Վերջիններիս ավագանիների որոշմամբ՝ գումարները բաշխվել են՝ ըստ  խիստ անհրաժեշտության: Դժգոհություններ եղել են մի քանի բնակիչների կողմից: Սակայն համայնքների ղեկավարները պատճառաբանել են, որ նշված բնակիչները մշտապես գյուղում չեն բնակվում:

Հերմինե Զարմանյան («Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթ)

- Ե՞րբ կտրվի Վանաձոր- Բագրատաշեն՝ Մ6 ճանապարհի կառուցման մեկնարկը:

- Վանաձոր- Բագրատաշեն՝ Մ6  միջպետական ճանապարհի կառուցումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Ծրագրի նախնական արժեքը շուրջ 120 մլն դոլար է: Նախորդ ամսվա սկզբին շինարարական մրցույթը կհայտարարվի, և շինաշխատանքները կսկսվեն հավանաբար ապրիլին: Շինաշխատանքների ընթացքում տվյալ հատվածում բնակվող բնակիչների համար, բնականաբար, դժվարություններ կլինեն՝ երթևեկության հետ կապված: Սակայն Ասիական զարգացման բանկը, հանդիսանալով ծրագրի համաֆինանսավորողներից մեկը, մեծ ուշադրություն է դարձնում ծրագրի շրջանակներում ցանկացած սոցիալական ազդեցության: Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճանապարհի վերականգնման ընթացքում հնարավոր են հողերի կամ շինությունների (այդ թվում՝ մասնավոր և համայնքային) օտարման, դրա հետևանքով նաև՝ սոցիալական խնդիրներ, ուստի  բանկը նախատեսում է տարբեր կերպ՝ կապված ազդեցության աստիճանից, տրամադրել փոխհատուցում:  Նմանատիպ մեծածավալ ծրագրի իրականացմանը մենք երկար ենք սպասել և պատրաստ ենք դիմակայելու ժամանակավոր դժվարություններին:

Հրայր Հակոբյան («Լոռի» հեռուստաընկերություն)

 -Լոռու մարզը աղքատության ցուցանիշով հանրապետությունում առաջին եռյակում է, իսկ արտագաղթի ցուցանիշներով առաջատարը: Հանրապետական կուսակցությունը հատկապես Վանաձորում հանրաքվեի արդյունքներով պարտություն կրեց: Ինչո՞վ եք պայմանավորում այդ հանգամանքը:

-Ինչ վերաբերում է աղքատության և արտագաղթի տոկոսի բարձր լինելուն, ապա իսկապես դա լուրջ խնդիր է մեզ համար և մենք անելիքներ ունենք այս ուղղությամբ: Արդեն նշեցի, որ Լոռին, լինելով արդյունաբերական մարզ, անմիջապես կրում է արտաքին ազդեցությունները, իսկ, ինչպես հայտնի է, համաշխարհային շուկան բացասական լուրջ ազդեցություններ է կրում:  Իրավիճակը փորձում ենք մեղմել ներդրումային ծրագրերով, փոքր և միջին բիզնեսի զարգացմամբ և այլն:

Ձեր երկրորդ հարցին պատասխանելով՝ նշեմ, որ  մարզի կտրվածքով հանրաքվեում «այո»-ի կողմնակիցներն անհամեմատ ավելի շատ էին, պարտությունը միայն Վանաձորի մասով էր: Սա որոշ չափով պայմանավորված էր բնակչության սոցիալական վիճակով, սակայն՝ ոչ միայն: Այսուհանդերձ, մենք փորձում ենք հետևություններ անել,  վեր հանել պատճառները:  Ես կարծում եմ բնակչության խնդիրները մեղմելու համար յուրաքանչյուր պաշտոնյա, այդ թվում նաև ես, պետք է ավելի շատ աշխատենք, ավելի շատ ջանքեր ներդնենք:

Գագիկ Անտոնյան («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ)

 - Ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման արդյունքում: Մարզը պատրաստ է՞ գյուղատնտեսական աշխատանքներին:

-Եղանակային բարենպաստ պայմաններից ելնելով՝ մարզում այս տարի գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ կսկսվեն և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանն արդեն իսկ հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել: Մեզ համար գյուղատնտեսության զարգացումը գերակա խնդիր է: Այս ուղղությամբ վերջին տարիներին զգալի ծրագրեր են իրականացվել: Եթե շուրջ 4 տարի առաջ օգտագործվում էին գյուղատնտեսական նշանակության հողերի ընդամենը 50 տոկոսը, ապա 2015թ. ցուցանիշներով՝ արդեն 75 տոկոսը: Սրան նպաստեցին ինչպես կոոպերատիվների ստեղծումը, այնպես էլ՝ պետական աջակցությամբ իրականացված բազմաբնույթ ծրագրերը, որոնք պարբերաբար ներկայացվում են ձեր ուշադրությանը: Շատ կարևոր է, երբ ստեղծված կոոպերատիվը ձևական բնույթ չկրի, այլ համագործակցելով մի շարք կառույցների հետ, փորձի արդյունավետ ծրագրեր իրականացնել: Այս առումով ուզում եմ բերել Մեծ Պարնիի օրինակը, որիտեղ կոոպերատիվը գործում է շատ արդյունավետ: Ուզում եմ նշել նաև, որ մեր հետևողական աշխատանքի շնորհիվ մարզում ավելացել են նաև վարձակալությամբ տրվող հողատարածքները: Այնպես որ, գյուղատնտեսությունը մարզում դարձել է նաև եկամտաբեր բիզնես:

Լիլիթ Յոլչյան (Հանրային Հեռուստաընկերություն)

 -Նախորդ մամլո ասուլիսի ժամանակ ես հարց բարձրացրեցի հեղեղումների հետևանքով վթարային դարձած Վանաձորի  թիվ 9 դպրոցին հարակից կամրջակի նորոգման մասին: Այդ խնդրի լուծման ինչ տարբերակներ են դիտարկվում:

- Այս տարվա քաղաքաշինական ծրագրերում այն արդեն ընդգրկված է: Հրատապ միջոցների հատկացման դեպքում առաջնահերթության կարգով նորոգվելու է նշված կամրջակը, ինչպես նաև Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տանող ճանապարհահատվածը:

-Ինչ ընթացքու՞մ է  «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման» ծրագիրը:

-ՀՀ կառավարության որոշմամբ Վանաձոր քաղաքում Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և ծրագրի շահառու ճանաչված 14 ընտանիքներին բնակարանների գնման վկայագրերի միջոցով բնակարան ձեռք բերելու նպատակով հատկացվել է 60 մլն դրամ: Նրանցից 8-ն արդեն ձեռք են բերել  բնակարաններ: Այս տարի պետական միջոցներից  225 մլն դրամ է հատկացվել՝ Սպիտակ քաղաքում մեկ սենյականոց բնակարանների շահառու ճանաչված 50 ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար: ՀՀ կառավարության նախագիծը համապատասխանեցման փուլում է: Ինչ վերաբերում է 33 գյուղական համայնքների 318 շահառուներին, ապա նրանց վերաբերյալ հստակ ժամկետներ կարող եմ նշել առաջիկայում:

Մարզի ղեկավարը ասուլիսի ավարտին շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ նրանց աշխատանքը զգալիորեն նպաստում է մարզում առկա խնդիրների հրապարակայնությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59