Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշվետվություններ ներկայացրին Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր և Կուրթան համայնքների ղեկավարները
25.02.2016
Լոռու մարզի համայնքների ղեկավարները շարունակում են տարեկան հաշվետվություններ ներկայացնել իրենց համայնքների բնակչությանը, որոնց մասնակցում են նաև մարզպետարանի պաշտոնատար անձինք, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր և Կուրթան համայնքների ղեկավարների հաշվետվություններին ներկա գտնվեց մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը:
Գյուլագարակ համայնքի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն իր հաշվետվության մեջ նախ և առաջ խոսեց հաշվետու տարվա ընթացքում կազմակերպված մշակութային միջոցառումներից՝ նշելով, որ մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդների առօրյան առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելու խնդրին: Նա անդրադարձավ նաև տարվա ընթացքում իրականացված ծրագրերին, 2016թ. անելիքներին: Գյուղապետը խոսեց համայնքում առկա խնդիրներից: Համայնքը կարևորում է մանկապարտեզ ունենալու անհրաժեշտությունը, և այդ նպատակով արդեն տարածք է առանձնացվել: Ուրախալի է, սակայն, որ համայնքում գործում է նախակրթարան, ուր հաճախում է նախադպրոցական տարիքի 90 երեխա: Նրանց մեկանգամյա սննդի հարցը հոգում է համայնքապետարանը: Համայնքի ղեկավարի նախաձեռնողականության շնորհիվ աղբահանության հարցը ևս կարգավորված է. համայնքի բնակիչներից մեկը որոշակի վարձավճարի դիմաց տասնօրյակը մեկ համայնքում աղբահանություն է իրականացնում և աղբը տեղափոխում համապատասխան աղբավայր: Տ. Բադոյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, նշեց, որ արտերկրից հաճախակի հյուրեր ընդունող այս համայնքի մաքրության ապահովումն առավել քան կարևոր է: Փոխմարզպետը հորոդորեց պատշաճ ուշադրություն դարձնել սեփական եկամուտների հավաքագրմանը՝ նշելով, որ հավաքագրված միջոցներն առաջին հերթին ուղղվում են համայնքային խնդիրների լուծմանը:
Հոբարձի համայնքի ղեկավար Մարտուն Միրզոյանը, մինչ բուն հաշվետվությանն անցնելը, շնորհակալություն հայտնեց քամու հետևանքների վերացման նպատակով համայնքի բնակիչներին տրամադրված պետական աջակցության համար, ապա անդրադարձավ համայնքի բյուջեի կատարողականին: Փոխմարզպետը նշեց, որ Հոբարձին այն համայնքներից է, որտեղ սեփական եկամուտների հավաքագրումը հիմնականում պատշաճ չի կատարվում, ուստի հորդորեց ուշադրություն դարձնել այս խնդրին՝ նշելով, որ համայնքում որոշակի ծրագրեր կարելի է իրականացնել հավաքագրված միջոցներով:
Վարդաբլուր համայնքի ղեկավար Միքայել Ֆրանգյանն իր հաշվետվության մեջ նշեց, որ նախորդ տարի մեծ ուշադրություն է դարձվել մշակութային ծրագրերի իրականացմանը, վերանորգվել է մշակույթի տունը: Համայնքում գործում է նաև մանկապարտեզ՝ իր հարկի տակ առնելով 40 երեխայի:
Կուրթան համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը ևս նշեց, որ հաշվետու տարում առավելապես ուշադրություն է դարձվել մշակութային ծրագրերի իրականացմանը: Նա իր հաշվետվության մեջ անդրադարձավ նաև բյուջեի կատարողականին, համայնքային խնդիրներին և 2016թ. անելիքներին: