Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2016-ը՝ «Հավասար հնարավորությունների տարի»
24.02.2016
Փետրվարի 24-ին տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:
Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում 2015թ. ընթացքում կատարված աշխատանքները ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը: Նա համառոտ անդրադարձավ նախորդ տարի սոցիալական ոլորտում՝ մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրականացված աշխատանքներին՝ կարևորելով հատկապես մարզում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերը: Հանձնաժողովի քարտուղարը խոսեց նաև հաշմանդամություն ունեցող անձանց մարզական հաջողություններից, որոնք հանգամանորեն լուսաբանվել են հանրապետական և մարզային լրատվամիջոցների կողմից:
Ըստ զեկուցողի, նվազ արդյունավետությամբ է իրականացվել հաշմանդամների համար մատչելի միջավայրի ապահովումը, քանի որ մի շարք պետական կառույցներ և հասարակական վայրեր դեռևս մատչելի չեն անվասայլակ օգտագործող մարդկանց համար:
Վ. Ջաղինյանը տեղեկացրեց նաև, որ 2016թ.-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար հռչակվել է «Հավասար հնարավորությունների տարի», որի շրջանակներում նախարարության կողմից ծրագրվել են մի շարք միջոցառումներ: Աշխատանքներում ներգրավվել է նաև քաղաքաշինության նախարարությունը:
Վ. Ջաղինյանը հանձնաժողովի հաստատմանը ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016թ. Լոռու մարզային ծրագրի նախագիծը:
«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Լուսինե Սարգսյանն առաջարկեց, որպեսզի հանձնաժողովի հաջորդ նիստին մարզի տարածաշրջանային կենտրոնները ներկայացնեն «Հավասար հնարավորությունների տարվա» շրջանակներում իրականացվելիք աշխատանքները, ինչը հավանության արժանացավ հաձնաժողովի կողմից: Նա ներկայացրեց նաև հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում «Լիարժեք կյանք» հկ կողմից իրականացվող բազմաբնույթ ծրագրերը և նշեց, որ դրանք այսուհետ կունենան նաև պետական աջակցություն:
Նիստի ավարտին եղան հայտարարություններ: