Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արթուր Նալբանդյանը՝ ՎՊՀ կառավարման խորհրդի նախագահ
24.02.2016
Վանաձորի պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ բուհի կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցում էին նաև ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:
Օրակարգի առաջին հարցը վերաբերում է կառավարման խորհրդի նախագահի ընտրությանը: Առաջադրվեց Արթուր Նալբանդյանի թեկնածությունը: Ներկաները միաձայն ՎՊՀ կառավարման խորհրդի նախագահ ընտրեցին Արթուր Նալբանդյանին, ով խորհրդի անդամներին շնորհակալություն հայտնեց վստահության համար: Խորհրդի քարտուղար վերընտրվեց մանկավարժության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը:
Ապա բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը հանդես եկավ 2015 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությամբ: Նա պատասխանեց նաև ներկաների հարցերին: Բուհի 2016 թվականի բյուջեի մասին զեկուցեց գլխավոր հաշվապահ Գոհար Բաղդասարյանը: Խորհուրդը հաստատեց բուհի այս տարվա բյուջեն:
Անցած տարի բուհում իրականացված հակակոռուպցիոն միջոցառումների մասին հաշվետվությամբ հանդես եկավ ՎՊՀ պրոռեկտոր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեն Սանթոյանը: Նա պատասխանեց նաև ներկաների հարցերին: