Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թումանյան խոշորացված քաղաքային համայնքի ավագանու առաջին նիստին ներկա էր նաև մարզի ղեկավարը
23.02.2016
Փետրվարի 23-ին տեղի ունեցավ Թումանյան խոշորացված քաղաքային համայնքի ավագանու առաջին նիստը, որը վարում էր նորընտիր քաղաքապետ Լևոն Զավարյանը: Նիստին ներկա էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ:
Ներկաներին ողջունեց և նորընտիր ավագանու անդամներին շնորհավորեց Լ. Զավարյանը: Խոշորացված համայնքների բնակչությանը շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ նա պատրաստակամություն հայտնեց գործել ի շահ համայնքի կայացման և զարգացման: Այնուհետև, ավագանու անդամները երդվեցին իրենց գործունեության ընթացքում առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, անշեղորեն կատարել իրենց պարտականությունները և գործել ի նպաստ համայնքի զարգացման և բարօրության:
Նրանց շնորհավորեց նաև Արթուր Նալբանդյանը: Նա իր ողջույնի խոսքում նշեց, որ համայնքների խոշորացման ծրագրի շուրջ քննարկումները կառավարությունում սկսվել են դեռևս տարիներ առաջ, հաշվի են առնվել բոլոր ռիսկերը ու վերջապես որոշում է կայացվել գնալ այդ պատասխանատու քայլին:
-Եվրոպական զարգացած երկրներն արդեն մի քանի անգամ համայնքների խոշորացում են իրականացրել: Սա ինքնանպատակ քայլ չէ, այլ ենթադրում է ռեսուրսների կենտրոնացում և կառավարման արդյունավետ համակարգի ներդրում: Ձեր աշխատանքը պետք է լինի թափանցիկ ու տեսանելի, կառավարումը՝ մասնակցային. սա է լինելու մեր գլխավոր պահանջը: Որպես տարածքային կառավարում իրականացնող մարմին՝ մենք մեր հերթին, պարտավորվում ենք աջակցել և սատարել ձեզ,- ասաց մարզի ղեկավարը նաև վստահեցնելով, որ ՀՀ կառավարության և տարբեր միջազգային կառույցների աջակցությամբ տարածաշրջանում բազմաթիվ զարգացման ծրագրեր կիրականացվեն:
Ա. Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց COAF կազմակերպությանը ավագանու նիստերի անցկացման տարածքը վերանորոգելու համար:
Օգտվելով առիթից, ավագանու անդամները, հարցեր ուղղեցին մարզպետին՝ ստանալով սպառիչ պատասխաններ:
Լ. Զավարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետին մշտական աջակցության համար: Այնուհետև անցում կատարվեց օրակարգային հարցերին: