Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեռնանցք համայնքի ղեկավարի հաշվետվությանը ներկա էր նաև մարզպետը

18.02.2016

Շարունակվում են Լոռու մարզի համայնքների ղեկավարների տարեկան հաշվետվությունները մարզպետարանի ղեկավարների և պաշտոնատար  անձանց, շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:

Լեռնանցք համայնքի ղեկավար Լևիկ Աբգարյանի հաշվետվությունը լսեցին մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, գյուղի բնակիչները:

Մինչ բուն հաշվետվությանն անցնելը,  համայնքի ղեկավարը նշեց, որ 2014թ.-ին ևս համայնքում իրականացվել են կարևոր ծրագրեր. կառուցվել է շուրջ 2500 գծամետր երկարությամբ խողովակաշարով ոռոգման համակարգ, առանձնացվել են հին և նոր գյուղեր կոչվող հատվածների խմելու ջրատարերը, լուծվել է ներհամայնքային ճանապարհների լուսավորության հարցը: Ծրագրերը շարունակվել են նաև 2015թ. ընթացքում: Մասնակի վերանորգվել են ներհամայնքային ճանապարհները, գյուղատնտեսությանը ցուցաբերված պետական աջակցության ծրագրերի շնորհիվ ավելացել են ցանքատարածությունները, ավելացել է բերքատվությունը: Չնայած գյուղտեխնիկայի մաշվածությանը՝ առանց ուշացումների է կատարվել վարուցանքը: Անհրաժեշտության դեպքում վարձակալվել է գյուղտեխնիկա: Նախորդ տարի հիմնադրվել է «Լեռնանցք համայնքի արոտօգտագործողների միություն» կոոպերատիվը, որի առաջնահերթ խնդիրներից մեկը նոր գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական գործիքների ձեռքբերումն է:  Ծախսերի 80 տոկոսը կհոգա «Գյուղատնտեսական  ծրագրերի իրականացման գրասենյակը», մնացածը՝  կոոպերատիվի անդամները:

Հաշվետու տարում համայնքի սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 109 տոկոսով:  2015թ., ըստ գյուղապետի, կազմակերպվել են մի շարք քննարկումներ, հանրային լսումներ: Ավագանու որոշմամբ՝ համայնքի 10 ընտանիքների սոցիալական օգնություն է տրամադրվել:

Օգտվելով առիթից՝  գյուղապետն ու համայնքի բնակիչները հետաքրքրվեցին «Երկարաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի» հետագա ճակատագրով, քանի որ Լեռնանցքում դեռևս անօթևան է ծրագրի շահառու ճանաչված 31 ընտանիք: Մարզպետը պարզաբանեց, որ այս տարի վերջնականապես կլուծվի Վանաձորի և Սպիտակի՝ ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների, իսկ մինչև 2017թ. տարեվերջ՝ նաև մարզի գյուղական բնակավայրերի շահառուների բնակարանային ապահովման խնդիրը:

 Ա. Նալբանդյանը Լ. Աբգարյանին  շնորհակալություն հայտնեց տարվա ընթացքում կատարված աշխատանքների և ներկայացված հաշվետվության համար՝ բնակիչներին կոչ անելով սատարել և աջակցել համայնքի ղեկավարին՝ գյուղի համար կարևոր ծրագրերի իրականացման գործում:

Մարզպետը շրջեց նաև պետական միջոցներով 6-րդ հրատապ ծրագրի շրջանակներում կառուցվող համայնքային կենտրոնում (ծրագրի արժեքը՝ 40 մլն դրամ):  Շինարարը տեղեկացրեց, որ եղանակային պայմաններից ելնելով՝ շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են և կվերսկսվեն գարնանը: Ա. Նալբանդյանը հանձնարարեց խստորեն հետևել շինարարության որակին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06