Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրների վերաբերյալ

12.02.2016

«Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» իրականացման նպատակով նշյալ ճանապարհահատվածում գտնվող հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրների վերաբերյալ փետրվարի 12-ին  քննարկում էր կազմակերպվել  Լոռու մարզպետարանում: Ծրագիրն, ինչպես հայտնի է, իրականացվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Տրանսպորտի ԾԻԳ-ի կողմից՝ Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի համաֆինանսավորմամբ:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Տրանսպորտի ԾԻԳ-ի, Ասիական զարգացման բանկի, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների, շահագրգիռ կառույցների ղեկավարներ: Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանն, ով վարում էր քննարկումը,  համայնքների ղեկավարներին առաջարկեց առավել ակտիվ լինել և բարձրացնել ճանապարհի կառուցման հետ կապված համայնքներին առնչվող կարևոր խնդիրներ՝ նշելով, որ վերոնշյալ ծրագիրը կենսական կարևորություն ունի ոչ միայն մարզի, այլև հանրապետության համար:

Ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի հետ կապված հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ տվեց Ասիական զարգացման բանկի սոցիալական զարգացման և վերաբնակեցման հարցերի խորհրդատու Սոնա Պողոսյանը:

-Ասիական զարգացման բանկը, հանդիսանալով ծրագրի համաֆինանսավորողներից մեկը, մեծ ուշադրություն է դարձնում ծրագրի շրջանակներում ցանկացած սոցիալական ազդեցության: Նախնական ուսումանսիրությունները ցույց են տվել, որ ճանապարհի վերականգնման ընթացքում հնարավոր են հողերի (այդ թվում՝ մասնավոր և համայնքային) օտարման, դրա հետևանքով նաև՝ սոցիալական խնդիրներ, ուստի  բանկը նախատեսում է տարբեր կերպ՝ կապված ազդեցության աստիճանից, տրամադրել փոխհատուցում,-պարզաբանեց Ս. Պողոսյանը:

Ներկայում կատարված են միայն նախնական ուսումնասիրություններ ու գնահատում, և դրանք արդեն իսկ փաստում են, որ սոցիալական ազդեցություններն անխուսափելի են շուրջ 20 համայնքում, բայց վերջնական ուսումնասիրություններից հետո դրանք որոշակիորեն կարող են փոփոխվել:

- Մեր նպատակը  առաջիկայում փոխհատուցման մեխանիզմների մշակումն է, որը հնարավոր կլինի իրականացնել ուսումնասիրությունների վերջնական ավարտից հետո,- նշեց խորհրդատուն:

Ըստ նրա, հողերի օտարման և տարաբնակեցման գործընթացի հիմնական փուլերն են՝ նախնական հողերի օտարման և տարբերակման ծրագրի պատրաստումը, ծրագրի վերջնական մշակումը և հաստատումը Ազգային զարգացման բանկի և ՀՀ կառավարության կողմից,  որից հետո միայն՝ շինարարական աշխատանքների մեկնարկը:

-Ծրագրի իրականացման արդյունքում ոչ մի ֆիզիկական անձ չպետք է տուժի. սա է Ասիական զարգացման բանկի մոտեցումը,-ասաց Ս.  Պողոսյանը:

Ծրագրի վերաբերյալ պարզաբանումներ տվեց Տրանսպորտի և կապի նախարարության Տրանսպորտի ԾԻԳ-ի ներկայացուցիչ Ռուբեն Ավագյանը:

Նրանք պատասխանեցին նաև համայնքների ղեկավարների կողմից առաջադրվող հարցերին: Տեղեկացվեց, որ մինչ շինաշխատանքների մեկնարկը՝ ծրագրի շրջանակներում այլ քննարկումներ ևս կկազմակերպվեն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42