Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

08.02.2016

Փետրվարի 8-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Առաջինը լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի տեղեկատվությունը նախորդ շաբաթվա ընթացքում մարզի տարածքում գրանցված 18 արտակարգ դեպքերի վերաբերյալ:  Նրա տեղեկացմամբ, փրկարարական ծառայությունը օպերատիվ կարգով արձագանքել է բոլոր ահազանգերին: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գևորգյանը զեկուցեց, որ մարզում պարբերաբար միջհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքներ են կատարվում, և դրանք հիմնականում անցանելի են: 

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ  Հրայր Պապոյանը ներկայացրեց  սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները փետրվարի 6-ի դրությամբ: Նրա տեղեկացմամբ՝ նշված ժամանակահատվածում հավաքագրվել է  շուրջ 24 մլն. դրամ, պլանի դիմաց կատարողականը կազմել է 17,1 տոկոս, հավաքագրվել է 3մլն. 145 հազար դրամ հողի հարկ (կատարողականը՝ 11,7 տոկոս), 13 մլն. դրամ գույքահարկ (կատարողականը՝ 25,7 տոկոս):

Մարզում սուր շնչառական հիվանդությունների տարածվածության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը: Նա  տեղեկացրեց, որ սուր շնչառական վարակներով  հիվանդների թիվը զգալիորեն նվազել է, և վիճակը գնալով բարելավվում է:

Մարզպետարանի մյուս ստորաբաժանումների պետերը ևս տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների մասին:

Խորհրդակցության ավարտին Ա. Նալբանդյանը Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից վաստակած հանգստի անցնելու կապակցությամբ Սամվել Խալաթյանին հանձնեց շնորհակալագիր.

-Լոռու մարզպետարանի աշխատակազմի և իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու ոլորտում արգասաբեր աշխատանքի համար: Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնում  Ձեր պարտականությունների կատարման ընթացքում Դուք  նշանակալի ավանդ եք ունեցել պետական կառավարման մարմնի և հասարակայնության, զանգվածային լրատվամիջոցների հետ փոխհարաբերություններին նոր շունչ հաղորդելու գործում: Ձեզ հատուկ կոլորիտով ստեղծեցիք  գործընկերային հարաբերությունների նոր մթնոլորտ, -ասաց նա:

Ս. Խալաթյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետին և մարզպետարանի աշխատակազմին համատեղ աշխատանքի համար՝ պատրաստակամություն հայտնելով այսուհետ ևս իր ծառայությունները մատուցել հարազատ մարզին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06