Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

01.02.2016

 Փետրվարի 1-ին Լոռու մարզպետի հերթական աշխատանքային խորհրդակցության օրն էր: Մինչ օրակարգային հարցերին անցնելը մարզպետ Ա. Նալբանդյանը շնորհավորեց մարզպետի տեղակալ Վանիկ Ասատրյանին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ` հոբելյարին մաղթելով անձնական և աշխատանքային հաջողություններ:
Ապա լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի տեղեկատվությունը նախորդ շաբաթվա ընթացքում մարզի տարածքում գրանցված 21 արտակարգ դեպքերի վերաբերյալ, որոնք բոլորն էլ ստացել են օպերատիվ արձագանք, դժբախտ ելքեր չեն գրանցվել: ՃԿԿ պետը դրվատանքով խոսեց հատկապես Կաթնաղբյուր համայնքի ղեկավար Արթուր Սաֆթալյանի մասին, ով ամենագործուն աջակցությունն է ցուցաբերել փրկարար խմբերին ձնաբքի պայմաններում բնակչությանը և տրանսպորտային միջոցներին ցուցաբերվող օգնության գործում:
Մարզպետն ասաց, որ առաջիկա մարզխորհրդի նիստում գրավոր շնորհակալություն պետք է հայտնել Ա.Սաֆթալյանին և բոլոր նրանց, ովքեր պատրաստակամ են համագործակցելու փրկարարների և ճանապարհների սպասարկման ծառայությունների հետ: Մարզպետը ՃԿԿ պետից հետաքրքրվեց նաև Արագածոտնի մարզում ժամանակավոր տեղակայման վրանների մասին: Ասվեց, որ վրանները տեղադրվել են Լոռու մարզային փրկարարական ծառայության կողմից, դրանց օգտակարությունն անվիճելի է և առաջիկայում էլ կգործեն ըստ անհրաժեշտության:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման վիճակը փետրվարի 1-ի դրությամբ: Այն պլանավորվածի 99.3 տոկոսն է կազմում, որը նախորդ տարվա ցուցանիշին զիջում է 12 մլն դրամով:
Այս առումով Ա. Նալբանդյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ կորցված ամեն մի օրը հետագայում ծանր է անդրադառնալու ընդհանուր գործընթացի վրա և իր տեղակալներին ու ոլորտի մյուս պատասխանատուներին հանձնարարեց հետևողական լինել եկամուտների հավաքագրման գործընթացի նկատմամբ:
Սուր շնչառական հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, նշելով, որ հիվանդությունների դինամիկան նվազման միտում ունի, ներկա դրությամբ մարզի ստացիոնար առողջապահական հիմնարկներում բուժվում է 40 քաղաքացի, որոնցից 31-ը երեխաներ են, թոքաբորբով հիվանդ 54 քաղաքացի, որոնցից 19-ը՝ երեխաներ և 5 հղի կին:
Վարչության պետը տեղեկացրեց, որ Առողջապահության և ԿԳ նախարարների հրահանգով մի քանի օր առաջ ուսումնական տարին վերսկսելու կապակցությամբ մարզի դպրոցներում անց է կացվել մշտադիտարկում, ամենուրեք հետևողական աշխատանք է տարվում դասասենյակներում անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելու համար: Խիստ հանձնարարական է տրվել, որ թե՛ դպրոցական և թե՛ նախադպրոցական ուսումնական և այլ կրթական հաստատություններում պետք է սահմանվի կարանտինային դրություն և որևէ մեկը` լինի երեխա, թե մանկավարժ կամ տեխնիկական աշխատող, սուր շնչառական հիվանդության առկայության դեպքում չպետք է մտնի կրթական հաստատություն:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանն իր հերթին հավաստեց, որ այդ առումով իրադրությունը վարչության վերահսկողության տակ է:
-Եթե անգամ որևէ դպրոցում խնդիր առաջանա ջեռուցման ծախսերի սահմանափակման հետ կապված, անպայման հարցին դրական լուծում պետք է տալ,-ոլորտի պատասխանատուներին հրահանգեց մարզպետը:
Քանի որ 2016թ. տնտեսական տարին որոշակի առումով դժվարին է լինելու, մարզպետը նաև հանձնարարեց մարզային ենթակայության բոլոր կառույցներում բացառել չհիմնավորված, ոչ նպատակային ծախսերը:
Մարզպետի մի այլ հանձնարարական վերաբերվում էր Վանաձոր-Բագրատաշեն ավտոմայրուղու հիմնանորոգման հետ կապված ճանապարհամերձ տարածքներում նոր հողատարածքների օտարումները բացառելու խնդրին: Համայնքների կողմից նման ցանկացած դրսևորում կպատժվի օրենքի ուժով, զգուշացրեց մարզի ղեկավարը:
Մարզպետը գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պատասխանատուներին հանձնարարեց ամենօրյա վերահսկողության իրականացնել պետության կողմից մատչելի գներով համայնքներին ու կոլեկտիվ տնտեսվարողներին տրվող դիզվառելիքի, քիմիական պարարտանյութերի ու սերմացուի պահանջարկի հայտավորման օբյեկտիվության ու գումարների հավաքագրման նկատմամբ:
Անցած աշխատանքային շաբաթվա արդյունքների, առաջիկա հրատապ խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրին նաև մարզպետարանի մյուս ստորաբաժանումների պետերն ու պատասխանատուները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:24:56