Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեկան հաշվետվություններ ներկայացրին Ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչությունը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը

29.01.2016

2015թ. աշխատանքային հաշվետվություններով հանդես եկան Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Հրայր Պապոյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը: Հաշվետվություններին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, Վանիկ Ասատրյանը, աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, բաժինների աշխատակիցները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Նախ լսվեց Հրայր Պապոյանի զեկուցումը: Ֆինանսների և սոցիալ-տնտեսական միասնական քաղաքականության ձևավորման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ մարզպետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը որպես ստորաբաժանման գլխավոր գործառույթ ներկայացնելով՝ վարչության պետը հանգամանալից անդրադարձավ 2015թ. իրականացված աշխատանքներին:
Վարչության մասնագետների կողմից ընդունվել և ամփոփվել են մարզի համայնքների բյուջեները, դրանց կատարման վերաբերյալ ամսական և եռամսյակային հաղորդումները, տարեկան հաշվետվությունները, դրանք մարզպետին ու պետական այլ համապատասխան մարմիններին ներկայացնելու համար կազմվել են անհրաժեշտ տեղեկանքներ, հաշվետվություններ, հաղորդումներ և այլ փաստաթղթեր:
Ֆինանսատնտեսագիտական բաժնի աշխատակիցների կողմից ապահովվել է մարզպետարանի գնումների գործընթացի կազմակերպումն ու ապահովումը, որի շրջանակներում կազմակերպվել են էլեկտրոնային գնումներ և դրանց վերաբերող ամբողջական տեղեկատվությունը տեղադրվել gnumner.am կայքում: «Գանձապետական գործառնական օր» ծրագրով ամենօրյա օպերատիվ տեղեկատվություն է ստացվել համայնքների բյուջեների մուտքերի վերաբերյալ, կատարվել համապատասխան վերլուծություններ:Կազմակերպվել, իրականացվել է մարզպետարանի հողի հարկի և գույքահարկի տեղեկատվական տվյալների շտեմարանի վարումը, տեղեկատվության մշակումը և համակարգված տեղեկությունները տրամադրումը ՀՀ ՏԿՆ:
Ընդունվել է պետական բյուջեից համահարթեցման սկզբունքով ՏԻՄ-երին տրամադրվող դոտացիաների ելակետային տվյալները, ամփոփվել և ներկայացվել ՀՀ ՏԿՆ, համայնքներին են տրամադրվել դոտացիաների նախնական տվյալները բյուջեների նախագծերում նախատեսելու նպատակով:
Պարբերաբար, ըստ տարածաշրջանների, քննարկումներ են կազմակերպվել համայնքների եկամուտների հավաքագրման մակարդակը բարձրացնելու նպատակով:
Ա. Պապոյանն այնուհետև անդրադարձավ 2015թ. համայնքային բյուջեների եկամուտների կատարման վերլուծությանը: Նշվեց,որ նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է եկամուտների աճ: Մարզի համայնքների բյուջեներով 2015թ. նախատեսված մուտքերն ապահովվել են 100 տոկոսով: Հողի հարկի, ինչպես նաև պետական և տեղական տուրքերի գծով որոշակի թերացում է արձանագրվել 2014թ. ցուցանիշների նկատմամբ:
Համայնքների սեփական եկամուտները 2015թ. կտրվածքով կազմել է 1661.6 մլն դրամ, 2014թ.-ի նկատմամբ բացարձակ աճը` 41.9 մլն. դրամ:
Նախորդ տարվա համեմատությամբ սեփական եկամուտների աճ է գրանցվել Տաշիրի տարածաշրջանի համայնքներում` 105.6 տոկոս, Սպիտակի տարածաշրջանի համայնքներում` 104.2, Թումանյանի` 105.7, Ստեփանավանի` 103.8 տոկոս, իսկ Գուգարքի տարածաշրջանում պահպանվել է նախորդ տարվա ցուցանիշը:
Ըստ տարածաշրջանների եկամուտների գերակշիռ մասը ապահովում է Գուգարքի տարածաշրջանը՝ 45.8 տոկոս, ապա Թումանյանի տարածաշրջանը՝ 19.5, Սպիտակի տարածաշրջանը՝ 13.2, Ստեփանավանի տարածաշրջանը՝ 11.4, Տաշիրի տարածաշրջանը՝ 10.1 տոկոս:
2015թ.-ին նախորդ տարվա համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրումը նվազել է մարզի 50 համայնքում (համայնքների 44.3 տոկոսը, այդ թվում` Թումանյանում` 14 համայնք, Ստեփանավանում` 9, Գուգարքում` 12, Տաշիրում` 9, Սպիտակում` 6 համայնք: Առանձնապես մտահոգիչ է այն փաստը, որ ցածր կատարողական ապահովող համայնքները հիմնականում անփոփոխ են մնում: Ցածր հավաքագրման պատճառաբանություններում կան բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ, որոնցից, որպես հիմնական, կարելի է համարել համայնքի ղեկավարի, աշխատակազմի և ավագանու շատ պասիվ և անհետևողական աշխատանքը սեփական եկամուտների հավաքագրման գործում: Հողի հարկի հավաքագրումը 2014թ. համեմատությամբ նվազել է 63 համայնքում, կամ համայնքների 55.8 տոկոսում, այդ թվում՝ Գուգարքի տարածաշրջանում՝ 13, Սպիտակի տարածաշրջանում՝ 13, Տաշիրի՝ 9, Թումանյանի՝ 15, Ստեփանավանի տարածաշրջանում՝ 13 համայնք:
Գույքահարկի հավաքագման գործընթացը լավ է ընթացել մարզի կտրվածքով կազմելով` 105.6, Սպիտակի տարածաշրջանում` 116.5, Տաշիրի տարածաշրջանում` 118.2, Գուգարքի տարածաշրջանում` 105.2, Թումանյանի տարածաշրջանում՝ 98.1 և Ստեփանավանի տարածաշրջանում` 96.3 տոկոս:
Գույքահարկի գանձման բարձր մակարդակ է գրանցվել (ավելի քան 80 տոկոս) մարզի 95 համայնքում, 100 տոկոսի սահմանագիծը հատել են 57 համայնք: Գույքահարկի հավաքագրման ծավալները 2014թ. համեմատությամբ նվազել է 34 համայնքում: Նախորդ տարվա համեմատությամբ գույքահարկի ծավալներն ըստ տարածաշրջանների աճել են՝ Տաշիրում` 108.2, Գուգարքում՝ 106.5, Ստեփանավանում` 120.1, Սպիտակում` 116.4, Թումանյանում` 121.7 տոկոսով:
Տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 103.1 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 100.1-ի դիմաց, սակայն փաստացի հավաքագրումը նվազել է 2.8 մլն. դրամով: 2015թ. ընթացքում տեղական տուրքերի գծով մուտք չեն ունեցել 10 համայնք:
Պետական տուրքի գանձումը կազմել է 90.9 տոկոս, փաստացի հավաքագրումը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 9.3 մլն. դրամով:
2015թ. պետական բյուջեից մարզի համայքներին նախատեսվել է 3,901,085.4 հազ.դրամ ֆինանսական համահարթեցման դոտացիա, որը հաշվետու ժամանակաշրջանի կտրվածքով ֆինանսավորվել է 100 տոկոսով: 2015թ. ընթացքում պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվել է 283,102.1 հազար դրամ:
2015թ. պետական բյուջեից կապիտալ շինարարության գծով համայնքներին հատկացվել է 142.197 հազ. դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է: Նշված գումարների շրջանակներում կնքվել են համապատասխան պայմանագրեր, ապահովվել է գործընթացի իրականացումը:
Մարզի համայնքների բյուջեների աշխատավարձի գծով պարտքերը 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 49890.9 հազար դրամ, որը ամբողջությամբ Վանաձոր համայնքի պարտքն է:
Զեկուցողը վերլուծեց նաև հաշվապահական հաշվառման բաժնի գործունեությունը, անդրադարձավ կրթության, պետական աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովման ծրագրի իրականացման, վարչական վերահսկողության և այլ ոլորտներում վարչության աշխատանքների արդյունքները, անդրադարձավ առկա թերություններին ու բացթողումներին:
Որպես թերացում՝ վարչության պետը մատնանշեց թույլ վերահսկողությունը համայնքների բյուջեների կազմման գործընթացի նկատմամբ, ինչի արդյունքում համայնքները հաճախ կազմում են ոչ իրատեսական բյուջեներ:
Նա հանդես եկավ նաև առաջարկությամբ՝ նշելով, որ վարչության կողմից համայնքների ղեկավարների գնահատման մաթեմատիկական բանաձև է մշակվել: Հիմք ընդունելով համայնքներում հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքի, հողի և գույքի վարձակալության ցուցանիշները՝ առաջարկվեց գնահատել համայնքի ղեկավարի կատարած աշխատանքը սեփական եկամուտների հավաքագրման գործում:
Մարզպետը ողջունեց վարչության պետի առաջարկությունը՝ խոստանալով տարեվերջին պարգևատրել լավագույն համայնքի ղեկավարին և մատնանշել ամենաթերացող համայնքը:
Նա իր գոհունակությունն արտահայտեց 2015թ. կատարված աշխատանքներից և շնորհակալություն հայտնեց վարչության աշխատակիցներին, հուսալով, որ նաև ընթացիկ տարում նրանք կաշխատեն նույնպիսի պատասխանատվությամբ:
* Օրվա երկրորդ կեսին հաշվետվությամբ հանդես եկավ Սամվել Խալաթյանը: Նա նշեց,որ Լոռու մարզում գործում են 6 հեռուստաընկերություն, 2 ռադիոխմբագրություն, տեղական լրատվական երկու կայք, 7 տպագիր պարբերական: Բացի տեղական լրատվամիջոցներից, մարզում լրագրական գործունեություն է ծավալում նաև հանրապետական զանգվածային լրատվամիջոցների 8 թղթակից:
Մարզի տարածքում հեռուստաաշտարակային ցանցով հեռարձակվում են հանրապետական և օտարերկրյա թվով 8 հեռուստաընկերությունների հաղորդումները: Վանաձորում գործում են հեռուստահաղորդումների մասնավոր 3 մալուխային ծառայություն, որոնք առավել մեծ թվով ծրագրեր դիտելու հնարավորություն են ընձեռում:
Մարզի առանձին գյուղական համայնքներում որոշակի դժգոհություն կա հեռուստահաղորդումների հեռարձակման թե որակի և թե թվաքանակի վերաբերյալ, որի բարելավման ուղղությամբ աշխատանքներ են տարվում Վանաձորի հեռահաղորդիչ կայանի ղեկավարության հետ: Ըստ կայանի պատասխանատուների՝ 2016թ. հունվարից թվային հեռարձակման անցնելուց հետո մարզի բոլոր համայնքները հնարավորություն կունենան դիտելու բոլոր 8 հեռուստածրագրերը՝ որակյալ հեռարձակմամբ: Ինչպես հայտնի է, մարզային հեռուստաընկերությունների արտոնագրերի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականը, ինչը մրցակցության հնարավորություն կստեղծի նրանց համար:
Մարզային և հանրապետական զանգվածային լրատվամիջոցներով մշտապես լուսաբանվել են մարզպետարանի աշխատակազմի գործունեությանը վերաբերող իրադարձությունները, մարզխորհրդի նիստերը, հանրային հնչեղության բանակցությունները, խորհրդակցությունները: Իսկ այնպիսի հարցերի մասին, որոնք իրենց բնույթով ռազմավարական, սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն են ունեցել, մարզպետի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և գլխավոր մասնագետների հետ կազմակերպվել են հեռուստահարցազրույցներ, «Կլոր սեղան»-ներ, ասուլիսներ և այլն:
Մարզի բոլոր ԶԼՄ-ներին տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն Լոռու մարզպետարանի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության, ծրագրերի, կազմակերպվող միջոցառումների մասին: Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների մարզային աշխատանքային այցելությունների ժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրամադրվել են մամլո հաղորդագրություններ, սահմանված կարգով կատարվել է լրագրողների հավատարմագրում:
2015թ-ի ընթացքում պարբերաբար հարստացվել է տարածքային կառավարման միասնական համակարգում ընդգրկված մարզպետարանի պաշտոնական կայքը (www. http://lori.mtaes.am), որի «Տեղեկատվական հարթակ» բաժինը ընդգրկում է Լոռու մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի գործունեության վերաբերյալ մշտապես նորացվող տեղեկատվությունները: «Նորություններ» էջում տեղեկատվությանը կից տեղադրվում են ոչ միայն լուսանկարներ, այլև՝ տեսանյութեր: Այդ էջում լուսաբանվել են նաև ՀՀ պաշտոնատար անձանց, արտերկրի պատվիրակությունների այցելությունները, մարզային հիշարժան դեպքերն ու իրադարձությունները:
Բաժնի գործունեության արդյունավետ գործոն է եղել «Մարզպետարանի ժամ» հաղորդումը: 2015թ. ընթացքում հեռարձակվել է 40 թողարկում (2012թ.-ից վեր՝ 196 թողարկում):
Աշխատանքներ են տարվել նաև հասարակական և կրոնական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների հետ:
Ազգային փոքրամասնություններին անդրադառնալով՝ բաժնի պետը նշեց, որ 2015թ. հունվարի տվյալներով Լոռու մարզում բնակվում են 3107 ռուս, 875 հույն, 653 եզդի, 27 քուրդ, 8 ասորի, 349 այլ ազգերի ներկայացուցիչներ: Հիմնական բնիկ ազգաբնակչության՝ հայերի հետ, նրանք ապրում են իրավահավասարության պայմաններում: Ազգային փոքրամասնությունները բոլոր պայմաններն ունեն ազգային մշակույթի ու կրթության պահպանման համար: Դրանց են նպատակաուղղված ազգային, հասարակական ու մշակութային կազմակերպությունները:
Մարզպետարանը մշտապես ուշադրություն է նվիրում նաև մարզում բնակվող ազգային փոքրամասնությունների հարցերին՝ կապ պահպանելով նրանց հասարակական կազմակերպությունների հետ: Մարզում գործում է այդպիսի 5 կազմակերպություն՝ հունական սփյուռքի ազգապահպանական «Էլպիդա», «Պոնտոս» և «Ակմի», ազգային մշակույթի, կրթական և ազգամիջյան կապերի զարգացման հարցերով զբաղվող «Ուկրաինա» և ռուսազգի փոքրամասնության սոցիալական, մշակութային, կրթական հիմնախնդիրներով զբաղվող «Օբշչեստվո Ռոսիի» ՀԿ-ների հետ: Նրանց ներկայացուցիչները մշտապես հրավիրվում են մարզխորհրդի նիստերին, պետական, ազգային տոների հանդիսություններին, համահամայնքային և մարզային միջոցառումներին:
2015թ. Լոռու մարզի զանգվածային լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են ազգային փոքրամասնությունների առօրյայի ու խնդիրների լուսաբանմանը, կրոնական կազմակերպությունների գործունեությանը:
Հիշատակելի է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Ագարակ-Օձուն ավտոճանապարհի հիմնանորոգումը մեծ գոհունակությամբ և ՀՀ կառավարությանն ու մարզպետարանին ուղղված գոհունակությամբ ընդունվեց դրանց միջնահատվածում գտնվող հունաբնակ Յաղդան և Կողես համայնքների բնակիչներըի կողմից,ովքեր տարիներ շարունակ բողոքում էին ճանապարհների անբարեկարգությունից:
Բաժնի պետը տեղեկացրեց, որ կրոնական կառույցներից մարզում գործունեություն են ծավալում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմը, Հայ կաթողիկե եկեղեցու Տաշիրի թեմը, Հայ Ավետարանական եկեղեցու Լոռու թեմը, Վանաձորի Ավետարանական հավատքի եկեղեցին, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի Վանաձորի եկեղեցին, Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցին:
Գործող կրոնական կազմա¬կերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ մարզպետարանի առնչությունները եղել են պաշտոնեական գործառույթներից բխող հանգամանքներով: ՀՀ Լոռու մարզպետի կողմից կրոնական կազմա¬կերպությունների ղեկավարների հետ հանդիպումները եղել են ըստ անհրաժեշտության: Նրանց հետ հիմնականում և պարբերաբար, առնչվել են մարզ¬պետարանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատողները:
2015թ. ևս ՀՀ Լոռու մարզպետը գործնական հարցերով առավելապես հանդիպումներ է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ, որի ընթացքում քննարկվել են համատեղ միջոցառուներ կազմակերպելու, թեմին պատկանող «Ծիծեռնակ» ճամբարում արցախցի և սիրիահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպման, «Ձեռք մեկնիր եղբորդ» կարգախոսով բարեգործական ծրագրի գործունեության, պետական, ազգային, մասնագիտական տոներին՝ սրբազան հոր, եկեղեցական տաղավար տոներին՝ մարզային, համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցության մասին և այլ հարցեր: Գուգարաց թեմի բարեգործական նախաձեռնությունները մշտապես խրախուսվել են Լոռու մարզպետարանի կողմից, հարկ եղած դեպքերում ցուցաբերվել է համակողմանի աջակցություն:
-Կրոնական կազմակերպությունների առաջնորդները, ներկայացուցիչները որևէ դժգոհություն չունեն մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուներից և նրանց միջև բացահայտ տարաձայնություններ չկան,- ասաց Ս. Խալաթյանը:
Հաշվետու ժամանակաշրջանում կրոնական կազմակերպությունների կողմից համայնքներում որոշակի ծրագրեր են իրականցվել: «Հույս Հայաստանին» կազմակերպությունը և «Հայ ավետարանչական ընկերակցությունը» Լոռու մարզում բարեգործական ծրագրեր են իրականացնում արդեն 21 տարի: Ֆրանսիացի և ֆրանսիաբնակ հայ բարերարների աջակցությամբ 15 տարի առաջ Սպիտակում հիմնվեց բարեգործական մանկական բուժարան՝ ատամնաբուժական և մանկաբուժական կաբինետներով: Բուժարանը վերջին տարիներին նորացման և արդիականացման կարիք ուներ, ուստի «Հույս Հայաստանին» կազմակերպությունը Ֆրանսիայի հայ բժիշկների միության (UMAF) աջակցութամբ ձեռնամուխ եղավ բուժհաստատության վերանորոգմանը, որից հետո նաև՝ նորագույն բուժսարքավորումներով հագեցմանը: Բուժհաստատության հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-ին: Այստեղ բարեգործական հիմունքներով ամսական կսպասարկվի շուրջ 300 երեխա, դեղորայքի բաշխումն անվճար է: Նույն օրը Սպիտակ քաղաքում «Հույս Հայաստանին» կազմակերպության նախաձեռնությամբ և Ֆրանսիայի Լուարի շրջանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի, ինչպես նաև Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ հանդիսավորությամբ բացվեց թիվ 2 դպրոցի մարզահրապարակը: «Հույս Հայաստանին» կազմակերպության և Ֆրանսիայի Պրովանս Ալպեր Լազուրի Ափ ռեգիոնալ խորհրդի աջակցությամբ Արևաշողի համայնքային կենտրոնի մասնաշենքում բարեկարգվել է տարածք, ուր տեղավորված է բարեգործական ատամնաբուժարան երեխաների համար: Այն կահավորվել է անհրաժեշտ բուժսարքավորումներով և պարագաներով: Բարերարները վստահեցրին,որ բարեգործական ծրագրերն այսուհետ ևս շարունակվելու են:
Լոռու մարզում բարեգործական լայնածավալ գործունեություն է իրականացնում Հայ Կաթողիկե եկեղեցու «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը: Տաշիրի տարածաշրջանում և Վանաձորում շահառուներին ցուցաբերում է սոցիալական, առողջապահական և հոգեբանական աջակցություն: Թվով 60 կարիքավորներ հաճախում են Տաշիրի ծերերի ցերեկային կենտրոն, սնվում, ստանում բժշկական աջակցություն, միայնակ ծերերը նաև՝ տնային խնամք: Վանաձորում 2015թ-ին իրականացված <Տնային խնամք միայնակ ծերերին> ծրագրի շրջանակներում սպասարկվել են 100 միայնակ, անժառանգ տարեցներ, որոնց հետ աշխատում են սոցիալական խնամողներ, բուժքույրեր, կամավորներ: Ծրագրի շրջանակում նրանց տրվում է չոր սննդի փաթեթներ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, գործում է լվացքատուն: 45 անկողնային ծերերին ցուցաբերվում է տնային խնամքի աջակցություն: 2015թ.-ի «Տաք ձմեռ» ծրագրի շրջանակում Տաշիրի 60 և Վանաձորի 100 անապահով տարեցները ստացել են 40000 դրամի փոխհատուցում սպառած էլեկտրաէներգիայի, գազի կամ վառելափայտի համար:
Հայկական Կարիտասի կողմից իրականացվել է նաև համայնքային զարգացման ծրագիր Միխայլովկա, Նորաշեն, Սարչապետ, Արծնի համայնքներում: Ծրագիր ներկայացվեցին միայն Նորաշեն և Միխայլովկա համայնքները, որտեղ կազմավորված համայնքային ակտիվ խմբերի կողմից իրականացվեցին նախակրթարանի զարգացման ծրագրեր:
Վանաձորում և Տաշիրում գործում են Հայկական Կարիտասի ԲՀԿ-ի «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական ցերեկային խնամքի կենտրոնները, որտեղ ցուցաբերվում են սոցիալ-հոգեբանական և կրթադաստիարակչական ծառայություններ, տրվում է օրական մեկանգամյա տաք սնունդ, պարբերաբար նաև նյութական աջակցություն: 2015թ-ին Վանաձորի Փոքրիկ իշխան կենտրոնը աշխատել է 90 երեխաների, երիտասարդների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ, իսկ Տաշիրում՝ շուրջ 45:
Ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին: Մասնավորապես՝ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը ցանկացավ տեղեկանալ, թե Մոտկորի ենթաշրջանի գյուղերը, երբ հնարավորություն կունենան դիտելու «Ֆորտունա» հեռուստաընկերության հաղորդումները:
Բաժնի պետին տեղեկացվեց, որ նշված տարածքում այդ հնարավորությունը կընձեռվի արբանյակային հեռարձակման դեպքում, որը ժամանակի խնդիր է:
Հաշվետվության ավարտին մարզպետն ասաց իր ամփոփիչ խոսքը.
-Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքը դրական է գնահատվում միայն այն դեպքում, երբ պետական կառույցը թափանցիկ է աշխատում և կատարված աշխատանքը ճիշտ է լուսաբանվում: Մենք կարողացել ենք հասնել դրան: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել թե՛ Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղակատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին, թե՛ լրատվամիջոցներին ճիշտ համագործակցության համար: Երբեք չենք խորշում քննադատությունից, օբյեկտիվ քննադատություններից փորձում ենք հետևություններ անել: Բարձր եմ գնահատում նաև լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հետ ճիշտ համագործակցությունը: Ուզում եմ վստահեցնել, որ այսուհետ ևս Լոռու մարզպետարանը անելու է ամեն ինչ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հետ թափանցիկ աշխատելու համար,-ասաց Ա. Նալբանդյանը:
(Ընդարձակ հաշվետվություններին կարելի է ծանոթանալ lori.mtaes.am կայքէջի «Մարզպետարան» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժնում):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55