Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեկան հաշվետվություններ ներկայացրին Հողաշինության և հողօգտագործման բաժինը և Քարտուղարությունը

20.01.2016



Հունվարի 20-ին 2015թ. աշխատանքային հաշվետվություններով հանդես եկան Լոռու մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը և քարտուղարության պետ Սամվել Մակարյանը: Հաշվետվություններին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, բաժինների աշխատակիցները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: 

Նախ լսվեց Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանի զեկույցը: Նա նշեց, որ Լոռու մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի (մարզային հողային պետական տեսչություն) կողմից 2015թ. ընթացքում հողերի արդյունավետ օգտագործման և պահպանման, հողային օրենսդրության պահանջների կատարման ժամանակացույցի համաձայն ընթացիկ ստուգումներ է անցկացվել մարզի 37 համայնքներում:

ՀՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 656 որոշման համաձայն կազմվել և ժամանակին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե և Գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել մարզի հողային հաշվեկշիռը:

Համաձայնություն է տրվել համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման հողաշինարարական գործերին և վարձակալության է հանձնվել 471 հա պետական սեփականության հողամաս, որից 224 հա խոտհարք, 247 հա արոտ, որոնք իրականացվել են մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի մասնակցությամբ ու աջակցությամբ:

Բաժնի կողմից հսկողություն է սահմանվել, համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրերի տրամադրման և վարձավճարների գանձման նկատմամբ:

Մարզի հողային հաշվեկշռի համաձայն հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքներում վարձակալության տրամադրված պետական և համայնքային սեփականության հողամասերը ավելացել են 96.127 հեկտարով, որոնք այժմ փաստացի կազմում են 112.698 հա:

2015թ. կազմվել և ժամանակավոր սխեմաների միջգերատեսչական հանձնաժողովի  քննարկմանն է ներկայացվել 15 համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմա: 2015թ. միջգերատեսչական հանձնաժողովի  կողմից դրական եզրակացություն է ստացել 14 հողերի օգտագործման ժամանակավոր սխեմա, 1 հողաշինարարական գործ ընթացքի մեջ է:

Հողամասերի կատեգորիաների փոփոխություններից համայնքների բյուջեներ է մուտքագրվել շուրջ 8.9 մլն ՀՀ դրամ:

Նա  իր զեկուցման մեջ անդրադարձավ նաև թերություններին և բացթողումներին և ներկայացրեց դրանք շտկելու առաջարկություններ: Մարզպետը դրվատեց բաժնի պետին և աշխատակիցներին տարվա ընթացքում կատարած հետևողական և  ջանադիր աշխատանքի համար, ինչի շնորհիվ ավելացել են վարձակալությամբ տրվող հողատարածքները, իսկ հողի և գույքի վարձակալության վարձավճարների հավաքագրումը  2015թ. կազմել է 100 տոկոս: Այս ցուցանիշով հանրապետության մարզերի թվում  Լոռու մարզն առաջինն է:

-Այս ցուցանիշը մեզ պետք է տրամադրի նույնպիսի հետևողականություն ցուցաբերել նաև 2016թ.՝ ավելացնելով վարձակալությամբ տրվող հողատարածքները, բացահայտելով ապօրինի հողօգտագործողներին,- ասաց մարզպետը: Նա բաժնի աշխատանքների հետ կապված մի շարք այլ ցուցումներ ևս տվեց:  

 

    * Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետի տեղեկացմամբ, տարվա ընթացքում քարտուղարությունն ամբողջությամբ իրականացրել է իր գործառույթները: Այն է՝ մարզպետարանի փաստաթղթաշրջանառության սպասարկումը, Լոռու մարզպետի մոտ կայացած խորհրդակցությունների, ինչպես նաև Լոռու մարզի խորհրդի նիստերի արձանագրումը, հանձնարարականների առաքումն ըստ հասցեատերերի, տրված հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողությունը, աշխատակազմի ծրագրատեխնիկական և համակարգչային տեխնիկական սպասարկումների աշխատանքների իրականացումը, քաղաքացիների ընդունելության նախապատրաստումը, Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը, ոչ գաղտնի գործավարության միասնական կարգի կիրառումը, գաղտնի գործավարության ապահովումը և այլն:

     Լոռու մարզպետարանը փաստաթղթաշրջանառությունը իրականացնում է էլեկտրոնային Mulberri համակարգով, առցանց և առձեռն, ինչպես նաև էլեկտրոնային փոստի կիրառման միջոցներով:

    Ընդհանուր առմամբ, 2015թ. ընթացքում, Լոռու մարզպետարանում ստորաբաժանման կողմից մուտք է արվել մոտ 16920 գործ (պաշտոնական և ոչ պաշտոնական գրություններ, հանձնարարականներ, դիմումներ, հարցումներ, բողոքներ և այլն) (2014թ.-ին՝ 16830), ընթացք տրված կամ առաքված գործերի քանակը կազմում է ավելի քան 6600 (2014թ.-ին՝ 6500):

  2015թ. ընթացքում վերադասի կողմից Mulberri համակարգով մուտքագրվել է 4320 պաշտոնական գրություն(2014թ- ին՝ 3260), որից 1290-ը (2014թ-ին՝990) հսկողական գրություններ են, դրանց կատարման վերահսկողությունը իրականացվել է ապարատածրագրային և էլեկտրոնային եղանակներով: Դրանցից 1205 հանձնարարականի (2014թ.-ին՝940)  պատասխանվել է սահմանված կարգով և ժամկետներում, մնացած հանձնարարականների կատարումը ընթացքի մեջ է և վերահսկվում է:

      Հաշվետու ժամանակաշրջանում առցանց համակարգով և առձեռն եղանակով մարզպետարան է մուտք եղել 2600 դիմում (2014թ.-ին՝ 2480), բողոք, առաջարկություն, տեղեկատվական հարցում, որոնցից 173-ը (2014թ.-ին՝ 145)-ը ստացվել են  Նախագահի աշխատակազմից, Ազգային ժողովից, Կառավարությունից, նախարարություններից և գերատեսչություններից: Դրանք բոլորը վերցվել են հսկողության, դիմումներին տրվել են համապատասխան ընթացք, ժամկետների ուշացումներ չեն արձանագրվել:

      Քաղաքացիների ընդունելության կարգի պահանջների համաձայն, հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է Լոռու մարզպետի մոտ ընդունելության գրանցվողների հետ նախնական ընդունելություն (թվով մոտ 753 (2014թ.-ին՝ 600) քաղաքացի), որոնց պարզաբանվել և մեթոդական ու իրավախորհրդատվական աջակցություն է ցուցաբերվել, ըստ դիմումի բովանդակության նրանք ուղղորդվել են տարբեր մարմիններ ու գերատեսչություններ: Նշված քաղաքացիներից թվով 252-ը (2014թ.- 210) գրանցվել են մարզպետի մոտ ընդունելության, նրանց բարձրացրած հարցերին տրվել են պարզաբանումներ,  ցուցաբերվել համապատասխան աջակցություն,  օժանդակություն:

        2015թ.-ի ընթացքում Լոռու մարզպետարան տարբեր եղանակներով (Mulberri համակարգ, առձեռն, Էլեկտրոնային փոստ) մարզային ենթակայության ձեռնարկություններից, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներից, անհատ ձեռներեցներից, հասարակական և այլ կազմակերպություններից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից մուտքագրվել է 10000 (2014թ.-ին՝ 9980) գրություն, որոնց տրվել է համապատասխան ընթացք, ժամկետների կամ ընթացքի  կարգի կոպիտ խախտման դեպքեր չեն արձանագրվել:       

Մարզի ղեկավարն իր գոհունակությունն արտահայտեց կատարված աշխատանքներից՝ հանձնարարելով ընթացիկ տարում առավել լուրջ ուշադրություն դարձնել մարզպետի, փոխմարզպետների, մարզպետարանում գործող հանձնաժողովների խորհրդակցությունների  արձանագրությունների կազմմանը,  ընդունելության եկած քաղաքացիների նկատմամբ լինել առավել բարյացակամ, առավել հետևողական լինել գաղտնի գրությունների գաղտնիության ապահովմանը:

-Մարզպետարանը մեկ ընդհանուր օրգանիզմ է և յուրաքանչյուր խնդրի դեպքում խախտվում է ամբողջ համակարգը, ցանկացած բացթողում անդրադառնում է բոլորի աշխատանքի վրա: Ուստի յուրաքանչյուրս պետք է պատասխանատվություն կրենք մեր կատարած աշխատանքի համար,-ասաց Ա. Նալբանդյանը:

Ներկաները ևս բանախոսներին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան:

   (Ընդարձակ հաշվետվություններին կարելի է ծանոթանալ  lori.mtaes.am կայքէջի «Մարզպետարան» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժնում):

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42