Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեկան հաշվետվություններ ներկայացրին Իրավաբանական, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժինները

19.01.2016

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարականով արդեն երկրորդ տարին անընդմեջ մարզպետարանի վարչությունների և բաժինների պետերը հանդես են գալիս հաշվետվություններով՝ իրենց զեկույցներում ներառելով ոչ միայն տարվա ընթացքում կատարված աշխատանքները, թերություններն ու բացթողումներն, այլև առաջարկություններ ներկայացնում ստորաբաժանման աշխատանքն առավել արդյունավետ և կառուցողական դարձնելու նպատակով:

Հունվարի 19-ին տարեկան հաշվետվություններով հանդես եկան Լոռու մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանը,  զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Հաշվետվություններին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, բաժինների աշխատակիցները,  մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, լրատվամիջոցներ:  Նախ լսվեց իրավաբանական  բաժնի պետ Ալիկ Սարգսյանի հաղորդումը անցած աշխատանքային տարվա արդյունքների վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ 2015թ. ընթացքում մարզպետի կողմից  ընդունվել է շուրջ երկու տասնյակ ոլորտներին առնչվող 404 որոշում,արձակվել՝ 338 կարգադրություն: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից 2015թ. ընթացքում արձակվել է 361 հրաման` հիմնականում կադրային հարցերի վերաբերյալ: Բաժնի կողմից մշտապես իրականացվել է կառուցվածքային ստորաբաժանումներից ստացված իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննություն, գրանցում գրանցամատյաններում և էլեկտրոնային առաքում շահագրգիռ ստորաբաժանումներին: Մարզպետի որոշումների և կարգադրությունների կրկնօրինակները յուրաքանչյուր ամիս ներկայացվում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ օրենսդրությանը դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով: Համաձայն վարչական հսկողություն իրականացնելու աշխատանքային ծրագրի՝ 2015թ Լոռու մարզի 39 համայնքներում իրականացվել է վարչական հսկողության գործառույթներ, կազմվել են ակտեր, բացահայտված թերությունների ու խախտումների վերացման նպատակով համայնքների ղեկավարներին տրվել են մեթոդական ցուցումներ: Հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին պարբերաբար ՀՀ տարածքային կառավարման նախարարություն է ներկայացվել ամփոփ տեղեկատվություն: Համայնքներում իրականացված հսկողության արդյունքում արձանագրված խախտումների գերակշիռ մասը բյուջեի պարբերաբար թերակատարման հետևանքով կուտակված հողի հարկի և գույքահարկի գծով խոշոր ապառքների կուտակումն է: Որոշ դեպքերում բյուջեի կատարման եռամսյակային հաղորդումները չեն ներկայացվում կամ ուշացումներով են  ներկայացվում ավագանուն, չեն իրականացվում հանրային բաց լսումներ և  քննարկումներ: Որոշ համայնքներում չի հաստատվում գնումների պլանը և սահմանած կարգով այն չի հրապարակվում: Ըստ զեկուցողի, նման խախտումն առկա է գրեթե բոլոր գյուղական համայնքներում: Բնորոշ խախտումներից է նաև համայնքային սեփականության արոտավայրերի վարձակալության տրամադրումը առանց համայնքի ավագանու  հետ համաձայնեցնելու: Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 150 քաղաքացիների տրվել է իրավական խորհրդատվություն: Բաժնի կողմից կատարվել է նաև մարզի համայնքներից մարզպետարան ներկայացված իրավական ակտերի` համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների և ավագանիների որոշումների՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանության ստուգում: Ալիկ Սահակյանը տեղեկացրեց, որ բաժնի 2016թ. աշխատանքային պլանով  նախատեսվում է վարչական հսկողություն իրականացնել մարզի 37 համայնքներում: Նա իրավաբանական բաժնի աշխատանքներում մատնանշեց նաև որոշակի թերություններ, որոնք հիմնականում տեխնիկական բնույթ են կրում և շտկման ենթակա են: Անդրադառնալով բաժնի կողմից տարվա ընթացքում կատարված աշխատանքներին՝ մարզպետը նշեց, որ առհասարակ մարզպետարանի բոլոր վարչությունների և բաժինների կողմից 2015թ.-ի ընթացքում կատարված աշխատանքներում դրական տեղաշարժ է նկատում:

-Կարևորն այն է, որ յուրաքանչյուր աշխատակից իր գործին վերաբերվում է ամենայն պատասխանատվությամբ: Թերություններ և բացթողումներ իհարկե լինում են, սակայն դրանք արագորեն շտկվում են,- ասաց մարզպետը:

Նա մասնավորապես անդրադարձավ վարչական հսկողությանը: Ա. Նալբանդյանը նշեց, որ վերջին երեք տարվա ընթացքում վարչական հսկողության են ենթարկվել մարզի բոլոր համայնքները: Արձանագրված թերությունների վերաբերյալ, բնականաբար, համայնքների ղեկավարներն իրազեկվել են և զգուշացվել դրանք հետագայում չկրկնելու նպատակով: 

-Մեր մոտեցումը նախորդ տարիներին մեղմ է եղել և թերությունները շտկելու նպատակ է հետապնդել: Դրանք կրկնվելու դեպքում այսուհետ մոտեցումն առավել խիստ է լինելու,-ասաց մարզի ղեկավարը: Նա վարչական ստուգումների վերաբերյալ մի շարք այլ ցուցումներ ևս տվեց:

*Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանն իր զեկուցման մեջ ներկայացրեց բաժնի գործառույթներից բխող աշխատանքները՝ անդրադառնալով մարզի սոցիալ-տնտեսական վերլուծությանը, զարգացման ծրագրերին, զբոսաշրջության բնագավառում իրականացված աշխատանքներին, արտաքին կապերին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին և այլն: Նա բաժնի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու մի քանի առաջարկություններ ևս ներկայացրեց.

.ակտիվացնել մարզպետարան - ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակ – համայնքներ - ՓՄՁ սուբյեկտների փոխադարձ կապը,

.հետևողական աշխատանք տանել էկոնոմիկայի նախարարություն ուղարկված ներդրումային ծրագրերի առաջարկների ուղղությամբ,

 

.նախատեսվող Լոռու զարգացման հիմնադրամին ներկայացնելու համար նախապատրաստական աշխատանքներ տանել բիզնես ծրագրերի առաջարկների պատրաստման համար:

 Բաժնի պետը, որպես տեսանելի հաջողություններ առանձնացրեց հատկապես այն, որ 2014-2015թ.թ-ին տեխնոլոգիական կենտրոնի դրամաշնորհային ծրագրերին մասնակցություն են ցուցաբերել Վանաձորից 16 թիմեր, որից 3-ի նորարարական բիզնես առաջարկներ հաղթել են, ստանալով համաֆինանսավորում։ «Գիտություն և Ինովացիա» միջազգային երիտասարդական ֆորումին մասնակցել են Վանաձորից 2 երիտասարդներ, որոնք «Լավագույն իննովացիոն գաղափար» նոմինացիայով ստացել են մրցանակներ՝ 2-րդ կարգի դիպլոմներ և սերտիֆիկատներ «Նոր գաղափար» համառուսաստանյան մրցույթին մասնակցելու հնարավորություն։Նաև այն, որ «Հեքըթոն (Յան) Մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթին մասնակցել են ավելի քան 40 թիմեր, որոնցից վանաձորյան՝  10։ Հաղթող  ճանաչված 5 թիմերից 1-ը Վանաձորի թիմ էր։  

 

Անդրադառնալով բաժնի կողմից տարվա ընթացքում կատարված աշխատանքներին մարզպետը՝ հանձնարարեց 2016թ. առավել ակտիվորեն համագործակցել ՓՄՁ ԶԱԿ-ի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, զարգացման ծրագրերի նախաձեռնություններ ցուցաբերել, որոնք տեսանելի արդյունք կունենան:

-Մարզի զարգացման շեշտը պետք է դնենք փոքր և միջին բիզնեսի զարգացման վրա, ուստի այս ուղղությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն,- ասաց Ա. Նալբանդյանը՝ հորդորելով նաև ծրագրերի վերաբերյալ իրազեկման նպատակով հետևողական աշխատանք իրականացնել համայնքների ղեկավարների հետ:

    Մարզի ղեկավարը բաժինների աշխատանքը բավարար գնահատեց՝ հույս հայտնելով, որ 2016թ.-ին դրական տեղաշարժն ակնհայտ կլինի: Ներկաները ևս հարցեր ուղղեցին բանախոսներին:

(Ընդարձակ հաշվետվություններին կարելի է ծանոթանալ  lori.mtaes.am կայքէջի «Մարզպետարան» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժնում):

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 15:50:35