Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

18.01.2016

Հունվարի 18-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Առաջինը լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի տեղեկատվությունը նախորդ շաբաթվա ընթացքում մարզի տարածքում գրանցված 15 արտակարգ դեպքերի վերաբերյալ:  Վարչության պետի տեղակալի տեղեկացմամբ փրկարարական ծառայությունն արձագանքել է բոլոր ահազանգերին: Այդ առումով նա կարևորեց օպերատիվ համագործակցությունը Լոռու մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ: Մարզում սուր շնչառական հիվանդությունների տարածվածության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը: Նա զեկուցեց, որ ի կատարումն մարզպետի հանձնարարականի, շաբաթ և կիրակի օրերին ևս մարզի բոլոր առողջապահական հիմնարկներն աշխատել են արտակարգ ռեժիմով: Վարչության պետը հայտնեց, որ թե՛ ամբուլատոր և թե՛ ստացիոնար բժշկական հիմնարկներում իրականացվել են հերթապահություններ, գրանցված դեպքերի ամենօրյա մոնիթորինգ է իրականացվել:

Սուր վարակիչ հիվանդությունների տարածվածության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելով՝ մարզի առողջապահության գլխավոր պատասխանատուն հայտնեց,  որ  հունվարի 17-ին, ժամը 9.30-ի դրությամբ մարզի առողջապահական հիմնարկների ստացիոնար բաժանմունքներում բուժում է ստանում շնչառական սուր վարակիչ  հիվանդություններով վարակված 54 քաղաքացի, որոնցից 34-ը երեխաներ են, թոքաբորբով հիվանդ 72 քաղաքացի, որոնցից 38-ը՝ երեխաներ: Թեև թոքաբորբով հիվանդների թիվը նախորդ շաբաթվա համեմատ աճել է, սակայն, ըստ վարչության պետի, իրավիճակը վերահսկելի է: Ս. Լամբարյանը տեղեկացրեց նաև, որ նախորդ շաբաթ Սպիտակի տարածաշրջանից մեկ երեխա ծանր վիճակում տեղափոխվել է Երևան: Ներկայում երեխայի վիճակը բավարար է: Վարչության պետը ևս մեկ անգամ կոչ արեց ազգաբնակչությանը ինքնաբուժությամբ չզբաղվել, հիվանդության առաջին իսկ ախտանիշների դեպքում դիմել բուժհաստատություններ անհրաժշտ խորհրդատվություն ստանալու նպատակով: Նա վստահեցրեց, որ մարզն ապահովված է անհրաժեշտ դեղորայքով և բուժպարագաներով: Ի հիշեցում ազգաբնակչությանը՝ Ս. Լամբարյանը հայտնեց, որ սուր շնչական վարակների դեպքում ստացիոնար բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում:  

Մարզպետը հանձնարարեց է՛լ ավելի զգոն լինել և ուժեղացնել հսկողությունը, ամենժամյա մոնիթորինգ իրականացնել՝ օպերատիվ իրազեկելով նաև իրեն: Ինչ վերաբերում է սուր շնչական վարակների դեպքում պետպատվերի շրջանակներում ստացիոնար բուժման իրականացմանը, ապա մարզի ղեկավարը բնակչությանը կոչ արեց գումարային պահանջի դեպքում անմիջապես դիմել մարզպետարան:

-Դժգոհություններն ու ահազանգերն անհետևանք չեն մնա,-ասաց Ա. Նալբանդյանը:

 Նա հանձնարարեց անհրաժեշտության դեպքում նաև անակնկալ այցեր կատարել բուժհաստատություններ:

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ  Հրայր Պապոյանը ներկայացրեց  սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները հունվարի 15-ի դրությամբ: Նրա տեղեկացմամբ՝ նշված ժամանակահատվածում հավաքագրվել է 53 մլն 690 հազար դրամ, պլանի դիմաց կատարողականը կազմել է 36 տոկոս:

Մարզպետը կարևորեց համայնքների կողմից իրատեսական բյուջեների կազմումը՝ վարչության պետին հանձնարարելով հետևողական լինել այս հարցում և համայնքների ղեկավարներին օգնել խորհրդատվությամբ:

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը նշեց, որ կրկին չհետաձգվելու դեպքում՝ հանրակրթական դպրոցներում դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 25-ից, իսկ բացթողնված դասաժամերը կլրացվեն տարվա ընթացքում՝ լրացուցիչ պարապմունքների միջոցով:

Մարզպետարանի մյուս ստորաբաժանումների պետերը ևս տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների մասին:

Մարզպետն անդրադարձավ նաև նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի մոտ անցկացված խորհրդակցություններում քննարկված  օրակարգային հարցերին՝ տալով համապատասխան հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42