Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
14.01.2016
Հունվարի 14-ին Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ցուցակագրվել էին Վանաձորի, Գուգարքի, Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջանների բնակիչներ: Ավելի քան 20 քաղաքացիների հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուներ:
Սոցիալական աջակցության խնդրանքով դիմած 9 բնակչի մարզի ղեկավարը խոստացավ ֆինանսական աջակցություն տրամադրել, իսկ մեկ ընտանիքի էլ, որն ուներ սոցիալական և հոգեբանական հրատապ աջակցության կարիք, պատրաստակամություն հայտնեց մշտապես պահել ուշադրության կենտրոնում և պարբերաբար աջակցություն ցուցաբերել:
Առողջապահական խնդրով դիմած, սոցիալապես անապահով մեկ քաղաքացու հարցին ևս մարզպետը դրական պատասխան տվեց: Նա մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանին հանձնարարեց կազմակերպել հիվանդի անվճար վիրահատությունը Վանաձորի բժշկական կենտրոնում:
Աշխատանքի տեղավորման ակնկալիքով եկածներին Ա. Նալբանդյանն առաջարկեց հետևել թափուր աշխատատեղերի մրցույթներին՝ խոստանալով հնարավորության սահմաններում օգնել:
Իսկ Գուգարք համայնքի Էներգետիկների 3-րդ փողոցի նախորդ տարեվերջին հրդեհի հետևանքով այրված 5-րդ տնակի բնակիչները ցանկանում էին տեղեկանալ, թե ինչ աջակցություն կարող են ակնկալել ՀՀ կառավարությունից: Մարզպետը պատասխանեց, որ պատկան մարմինների կողմից ուսումնասիրություններ են կատարվում հրդեհի առաջացման պատճառները ճշտելու նպատակով: Միայն դրանից հետո այրված տնակի բնակիչներին հնարավոր կլինի հստակ պատասխան տալ: Իսկ ներկայում Գուգարք համայնքի ղեկավարի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությամբ ընտանիքները բնակարաններ են վարձակալում: Գուգարաց թեմի առաջնորդի միջնորդությամբ ևս բարերարի կողմից նրանց դրամական օգնություն է տրամադրվել:
Հուզիչ էր Մարգահովիտ գյուղի բնակչուհի Անահիտ Խաչատրյանի խնդրանքը: Նա որպես՝ խնամատար ընտանիքի մայր, պատրաստվում է ամուսնացնել վաղուց արդեն չափահաս դարձած, սակայն դեռևս իր ընտանիքում ապրող տղային և մարզի ղեկավարին հրավիրում էր ներկա գտնվել հարսանյաց հանդեսին: Ա. Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց տիկին Խաչատրայնին տղայի նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար ու խոստացավ ոչ միայն ներկա գտնվել այդ նշանակալի իրադարձությանը, այլև հնարավորինս աջակցել նորաստեղծ ընտանիքին: